Կայացավ Հայաստանի IDBank Պրեմիեր լիգայի 34-րդ տուրը։ Օրացույցն այնպես էր դասավորվել, որ այս տուրի արդյունքով կա՛մ չեմպիոնական պայքարի մասնակից 3 թիմերի միջև սրվելու էր ու հասնելու էր շիկացման գագաթնակետին, կա՛մ նրանցից մեկը դառնալու էր կողմնակի դիտորդ։ Եղավ երկրորդ տարբերակը։ Բացի դրանից, կարծես թե վերջնականապես լուծվեց եվրագավաթային վերջին ուղեգրի հարցը։ Բայց այս ամենը տեղի ունեցավ տուրի վերջնամասում։ Մինչև այդ զարգացած իրադարձությունները ևս արժանի են ուշադրությանը։ Գնանք հերթով։
Նկուղային պայքար, մեկ գոլ ու էլի մրցավարության վերաբերյալ հարցեր
Չարենցավանի «Վանը» և «Վեստ Արմենիան» իրենց ֆուտբոլով ամբողջությամբ մարմնավորում են մեր հայկական ֆուտբոլը՝ չափազանց անկայուն ու վայրիվերումներով։ Ինչ-որ պահի այս թիմերից յուրաքանչյուրը գրանցում է անպարտելիության սերիա, բայց հանկարծ, քիմիան վերանում է ու գալիս է անհատակ անդունդը ծակելու շրջանը։ Չարենցավանի քաղաքային ստադիոնում կայացած հանդիպման մեկնարկը մռայլ էր, ինչպես այդ օրվա եղանակը։ Միակ լուսավոր կետը Քրիստոֆեր Բոնիֆեյսի շքեղ գոլն էր, որը գրանցվեց 8-րդ րոպեին։ «Վանի» հարձակվողը գնդակը ստացավ աջ թևում ու առանց որևէ խոչընդոտների, տուգանայինի մատույցներից վստահ հարվածով գրավեց «Վեստի» դարպասը։ Եվս գոլային շանս «Վանն» ունեցավ խաղակեսի վերջնամասում, երբ միջին տարածությունից հարված կատարեց Էդգար Փիլոյանը, բայց դարպասապահ Նիկոլայ Ռիբիկովը տեղում էր։
Երկրորդ կեսում պատկերը չփոխվեց ընդհուպ մինչև 67-րդ րոպեն։ Հյուրերը եզրից գնդակը մտցրեցին խաղի մեջ և այն ուղարկեցին տուգանային հրապարակ, որտեղ Սարգիս Մեթոյանն ամենից բարձրը ցատկեց ու խփեց պատասխան գնդակը։ Սակայն հանդիպման գլխավոր մրցավար Արտակ Վարդանյանը որոշ ժամանակ անց դիմեց VAR-ի օգնությանը՝ գոլի դրվագը ևս մեկ անգամ ուսումնասիրելու համար։ Իր գործընկերների հետ խորհրդակցելուց հետո մրցավարը որոշեց գոլը չեղարկել, քանի որ դարպասապահի հետ պայքարում Չիդերա Կրիստիան Օպարաոչան խախտել էր կանոնները։ Մրցավարի գործողություններն այս դրվագում քննարկման ենթակա չեն, խախտում իրոք կար։ Իսկ 81-րդ րոպեին Իբրահիմ Յահայային ցուցադրած կարմիր քարտը լիովին անտեղի էր։ «Վանը» դաշտի կենտրոնական հատվածում ստացավ տուգանայինի իրավունք, գնդակը գլորվեց Յահայայի մոտ, վերջինս էլ սուլիչից հետո ուժեղ հարվածով գնդակը դուրս հանեց արեգակնային համակարգից։ Մրցավարը դա որակեց որպես լրջագույն խախտում, ֆուտբոլիստին ցույց տվեց երկրորդ դեղինն ու հեռացրեց դաշտից։ Ինքնին գործողությունը, գուցե, պատժելի է դեղին քարտով, բայց տվյալ իրավիճակում մրցավարը խիստ վարվեց՝ պատճառաբանելով, որ Յահայան ժամանակ ձգելու համար նման կերպ վարվեց։ Հանդիպման հետագա ընթացքում ոչ մի լուրջ դրվագ այլևս չգրանցվեց, «Վանը» հաղթեց ու շարունակում է պայքարը Հայաստանի առաջնության մրցաշարային աղյուսակում վերջինը չլինելու համար։
Չեմպիոնի հավակնորդի վստահ հաղթանակը
ՀՖՖ տեխնիկական կենտրոն Ավանի ակադեմիայում երեկոյան ժամերին ֆուտբոլ խաղալն ամենահաճելի զբաղմունքներից չէ, հատկապես՝ օրվա վերջում։ Ու բացարձակ կապ չունի՝ ամառ է, թե խոր աշուն. միևնույնն է՝ սառը քամին միշտ ուղեկցում է բոլորին։ ԲԿՄԱ-ի և «Փյունիկի» միջև խաղում այդ քամին, սակայն, ոչ մի լուրջ խոչընդոտ Եղիշե Մելիքյանի թիմի համար չստեղծեց։ Արդեն հանդիպման մեկնարկում «նռնագույնները» մի շարք վտանգավոր պահեր ստեղծեցին։ Հատկապես ակտիվ էր պաշտպան Միխայիլ Կովալենկոն՝ իր սուր անցումներով։ 11-րդ րոպեին նրա ջանքերով գնդակը հայտնվեց Յուսուֆ Օտուբանջոյի մոտ, որի անհաջող հարվածից հետո ԲԿՄԱ-ն կարող էր փրկվել, սակայն գնդակի անհաջող հեռացումը հանգեցրեց Խոսե Էնրիկե Կառաբալյոյի դիպուկ հարվածին։ Դրանից հետո Կովալենկոն արդեն ինքնուրույն սպառնաց Արման Ներսիսյանի դարպասին, բայց փորձը հաջող չէր։ «Բանակայինների» միակ վտանգավոր հարվածը եղավ առաջին կեսի միջնամասում, երբ Արայիկ Էլոյանը չկարողացավ գրավել Բուչնևի դարպասը սուր անկյունից։
Հանդիպման բեկումնային դրվագը գրանցվեց 34-րդ րոպեին։ Օտուբանջոն ներխուժեց տուգանային հրապարակ և հարվածի փորձ կատարեց, բայց բախվեց Արգիշտի Պետրոսյանի հետ։ Թվաց՝ դրվագը ավարտված է, հարված դարպասից կլինի, բայց գործին խառնվեց VAR-ը և տանտերերի պաշտպան Գոռ Առաքելյանի գործողություններում խախտում նկատեց. կրկնապատկերում երևում է, որ երիտասարդ պաշտպանը ձեռքով անզգույշ շարժում է անում, ինչը մրցավար Զավեն Հովհաննիսյանի համար ավելի քան լուրջ առիթ էր՝ 11 մետրանոց նշանակելու համար։ Գնդակին մոտեցած Յուսուֆ Օտուբանջոն նշակետից չվրիպեց։ Երկրորդ կեսում պայքար չկար բացարձակապես։ «Փյունիկը» գրոհել առանձնապես չէր ցանկանում, ԲԿՄԱ-ն էլ ցանկանում էր՝ չէր կարողանում։ Այնպես որ, ամենահետաքրքիր իրադարձությունները զարգացան արդեն 90+ րոպեներին։ Նախ շքեղ հարվածով փորձեց գոլի հեղինակ դառնալ Էդգար Մալաքյանը, բայց գնդակը դիպավ դարպասաձողին։ Իսկ այն, ինչ չկարողացան անել «Փյունիկի» տղաները, արեցին Արմեն Գյուլբուդաղյանցի ֆուտբոլիստները։ 92-րդ րոպեին Դավիդ Դավիդյանի սուր փոխանցմանը սեփական տուգանայինում արձագանքեց Մարկ Ավետիսյանը։ Տանտերերի պաշտպանը ոտքն այնքան անզգույշ դրեց, որ դարձավ բավական գեղեցիկ ինքնագոլի հեղինակ ու ձևակերպեց խաղի վերջնական հաշիվը՝ 3-0, և «Փյունիկը» չեմպիոնանական մրցավազքը շարունակում է։
Էլի մի բան պակասեց «Շիրակին», «Արարատի» հույսն էլ դեռ չի մարում
Արդեն սովորական է դարձել ասելը, որ «Շիրակն» ավանդաբար ուժեղ է սեփական հարկի տակ։ Գյումրիում «Արարատը» բախվեց լուրջ խնդիրների։ Նախ բարդ էր կոտրել մրցակցի պաշտպանությունը, քանի որ Արսեն Հովհաննիսյանի թիմը լավ պաշտպանվում էր, բացի դրանից օգնում էին ցուրտ եղանակն ու երկրպագուները, որոնք, չնայած դրան, եկել ու աջակցում էին իրենց սիրելի թիմին։ Թիմերը մինչև 15-րդ րոպեն փոխանակվեցին վտանգավոր հարվածներով։ Նախ, Չիդեչուկվու Ռանսոմ Իբեհը հայտնվեց հարվածային դիրքում ու անհավանական կերպով վրիպեց, իսկ քիչ անց Մորի Կոնեն փորձեց գրավել Տիագոյի դարպասը, բայց «Արարատի» դարպասապահը տեղում էր։ Մինչև ընդմիջում հյուրերը կարող էին երկու անգամ առաջ անցնել հաշվի մեջ, բայց մի դրվագում «Շիրակին» ժպտաց մարզական բախտը, իսկ մյուսում՝ օգնեց Դարկո Վուկաշինովիչը։
Երկրորդ կեսի հենց մեկնարկում հաշիվը բացվեց։ Կլեման Լերնոյի հարվածից հետո Վուկաշինովիչն անհաջող հեռացրեց գնդակը, վրա հասած Գոռ Մալաքյանը նպաստավոր դիրքից չվրիպեց։ Դրան հաջորդող իրադարձությունները հիշեցնում էին իրավիճակ, երբ Playstation-ի վահանակները վերցնում են մանկահասակ երեխաները ու խառը կոճակներ են սեղմում, անիմաստ փոխանցումներ ու հարվածներ են կատարում կամ էլ ավելին՝ չեն հարվածում։ Հատվածաբար ֆուտբոլիստները հախուռն ֆուտբոլ էին ցուցադրում, որի մեջ իմաստ քիչ կար։ «Արարատը» նույնիսկ գոլ խփեց, բայց մրցավարները, նկատելով մանրադիտակային խաղից դուրս, այն չեղարկեցին։ «Շիրակը» փորձեց հետ բերել խաղը, բայց այդպես էլ լուսատախտակին մինչև վերջ շարունակեց վառվել 0-1 հաշիվը։
Գունկոյի թիմն արթնացավ, «Ալաշկերտն» էլ գնաց քնելու
«Ուրարտու» ստադիոնում նախատեսված խաղն, ինչպես ասում են, 6 միավորի համար էր. տանտերերը ֆավորիտ էին Կոնֆերենցիաների լիգայի վերջին ուղեգիրը նվաճելու հարցում, և հաղթանակը նրանց գրեթե կապահովեր այդ ուղեգիրը։ «Ալաշկերտի» հաջողության դեպքում իրավիճակն անասելի կխճճվեր։
Առաջին խաղակեսը ստացվեց բավականին լարված։ Երկու թիմերն էլ խաղի հենց սկզբից արագ գրոհներ էին անցկացնում, բայց արդյունավետությամբ առաջինը փայլեց «Ուրարտուն»։ 7-րդ րոպեին, մրցակցի սխալից օգտվելով, Գևորգ Տարախչյանը սկսեց իր թիմի հակագրոհը։ Նա գնդակը փոխանցեց Միքայել Միրզոյանին, որն էլ իր հերթին հարվածային դիրք դուրս բերեց Լեոն Սաբուային։ Ռուս հարձակվողը հանգիստ գրավեց Երմակովի դարպասը։ Խփած գոլից հետո «Ուրարտուն» հետ քաշվեց՝ տալով տարածքային առավելությունը մրցակցին։ «Ալաշկերտը» օգտվելով առիթից սկսեց ճնշել։ 26-րդ րոպեին «Ալաշկերտը» կարողացավ խփել պատասխան գնդակը, բայց եզրային մրցավարը նկատել էր խաղից դուրս վիճակ։ 2 րոպե անց խաղի մեջ մտավ արդեն Ալեքսանդր Մելիխովը։ Անկյունային փոխանցումից հետո հուժկու հարված կատարեց Ֆատային, բայց Մելիխովը գեղեցիկ ցակտով փրկեց իր թիմին։ 32-րդ րոպեին «Ալաշկերտը» ևս մեկ անգամ աչքի ընկավ։ Այս անգամ գոլի հեղինակ դարձավ Տարոն Ոսկանյանը, բայց կրկին դրվագում առկա էր խաղից դուրս վիճակ։ Նշենք, որ երկու դեպքում էլ որոշումները միանշանակ չէին, և պնդել՝ մրցավարը ճիշտ էր, թե սխալ, 100 տոկոսով չենք կարող։ Այնուամենայնիվ, առաջին կեսի ավելացված 2-րդ րոպեին «Ալաշկերտը» հավասարեցրեց հաշիվը։ Հեռահար շքեղ հարվածով գոլի հեղինակ դարձավ Վբեյմար Անգուլոն։ Թիմերը գնացին ընդմիջման 1-1 հաշվով։
Երկրորդ խաղակեսի համար Դմիտրի Գունկոն կատարեց կրկնակի փոփոխություն՝ խաղադաշտ դուրս բերելով Լուքման Գիլմորին և Նիկոլայ Պրուդնիկովին, ինչը լրացուցիչ շունչ հաղորդեց թիմին առջևում։ 50-րդ րոպեին Ժիրայր Մարգարյանի անկյունային փոխանումից հետո Արման Ղազարյանը գլխի հարվածով առաջ մղեց իր թիմին։ Այնուհետև եկավ 57-րդ րոպեն։ Հենց այդ ժամանակ Գունկոն դաշտ դուրս բերեց Կարեն Մելքոնյանին, որը վերջին անգամ Հայաստանի առաջնությունում դաշտ էր դուրս եկել 1-ին տուրում։ Ծանր վնասվածքից ապաքինվելուց հետո Կարենն անմիջապես անցավ գործի։ 64-րդ րոպեին Գիլմորը, խլելով գնդակը մրցակցից կենտրոնում, միանգամից այն հասցրեց Կարեն Մելքոնյանին, որն էլ հայտնվելով մեն-մենակ դարպասապահի հետ, հանգիստ գնդակն ուղարկեց դարպասը։ Անցավ 2 րոպե և «Ալաշկերտը» 4-րդ անգամ վերսկսեց հանդիպումը խաղադաշտի կենտրոնից։ Եվս մեկ հակագրոհի արդյունքում գոլի հեղինակ դարձավ Նիկոլայ Պրուդնիկովը։ «Ալաշկերտը» փորձում էր վերադառնալ խաղ՝ անտեսելով պաշտպանությունը։ Այս ամենից օգտվեց Գունկոյի թիմը՝ ևս երկու անգամ գրավելով մրցակցի դարպասը։ Նախ, 79-րդ րոպեին՝ Ժիրայր Մարգարյանի հերթական փոխանցումից հետո, Կարեն Մելքոնյանը դուբլ գրանցեց, իսկ հիմնական ժամանակի ավելացված վերջին րոպեին փոխարինման մտած Օլեգ Պոլյակովը վերջակետ դրեց խաղին՝ 6-1։
-1 թեկնածու չեմպիոնական մրցավազքում
Գերլարված ու գերդրամատիկ ստացվեց «Նոայի» և «Արարատ-Արմենիայի» մինջև հանդիպումը։ Հաղթանակը «Նոային» թույլ կտար առաջ պոկվել և «Արմենիայից», և «Փյունիկից»։ Պարտությունը Վարդան Մինասյանի թիմի համար նշանակում էր չեմպիոնական պայքարի ավարտ, քանի որ թիմը այլևս կորցնում էր նույնիսկ մաթեմատիկական շանսերը ոսկե մեդալները նվաճելու համար։ Արդեն հանդիպման մեկնարկում «Նոան» հաստատեց իր չեմպիոնական նկրտումները։ Հովհաննես Համբարձումյանի փոխանցումից հետո Արթուր Միրանյանը գլխի հարված կատարեց, բայց Դամյան Շիշկովսկին գերազանց ցատկով հետ մղեց գնդակը։ Վրա հասած Իլիաս Ալհաֆտի հարվածն ԱԱ-ի պաշտպաններից ոչ մեկը փակել չկարողացավ։ Գոլ խփելուց հետո «Նոան» մի փոքր հետ քաշվեց, իսկ «Արարատ-Արմենիան», ծանրաբեռնելով եզրերը, փորձում էր հավասարեցնել հաշիվը։ Գործնականում խաղի մեջ Օգնյեն Չանչարևիչը մի անգամ մտավ՝ 39-րդ րոպեին հետ մղելով Տենտոն Յեննեի հարվածը։ Հաջորդ իսկ գրոհի ժամանակ «Նոան» ստացավ քանակական առավելություն։ «Արարատ-Արմենիայի» ավագ Արմեն Համբարձումյանը գցեց Ջաստին Մաթյոյին։ Մրցավար Աշոտ Ղալթախչյանը միանգամայն իրավացիորեն այս խախտումն ընկալեց որպես վերջին հույսի և հեռացրեց դաշտից նրան։ Շիշկովսկու «շարած» պատը քանդվեց տուգանային հարվածից վայրկյաններ առաջ արդեն, և հենց տուժողը՝ Մաթյոն, թույլ, բայց դիպուկ հարվածով կրկնապատկեց «Նոայի» առավելությունը։
Երկրորդ կեսի մեկնարկում Տենտոն Յեննեն կարող էր բեկել հանդիպման ընթացքը, սակայն մոտ տարածությունից հետո Չանչարևիչը սեյվ կատարեց, հետո էլ նրան օգնության հասավ ուղղահայաց դարպասաձողը և հետ մղեց գնդակը։ Այն, ինչ չկարողացավ անել Յեննեն, 56-րդ րոպեին արեց Յատտարան, որն առաջինը կողմնորոշվեց մրցակցի տուգանային հրապարակում ու ճիշտ ժամանակին եզրափակեց Արթուր Սերոբյանի փոխանցումը։ Գոլ խփելուց հետո Վարդան Մինասյանի տղաները շարունակեցին ճնշումը, բայց ամեն անգամ կամ հարվածն էր շեղ ստացվում, կամ փրկում էր Չանչարևիչը։ «Նոայի» միակ վտանգավոր պահը ստեղծեց Արթուր Միրանյանը, սակայն Շիշկովսկին տեղում էր։ 2-1 և «Նոան» դուրս է թողնում «Արարատ-Արմենիային» չեմպիոնական պայքարից։
34 տուրից հետո չեմպիոնական պայքարում մնացին «Նոան» ու «Փյունիկը», որոնք հարաբերությունները կպարզեն մայիսի 21-ին։ «Նոայի» հաղթանակը վերջին՝ 36-րդ տուրը կդարձնի ձևական։ «Ուրարտուն», «Արարատն» և «Ալաշկերտը» դեռ պայքար մղում են եվրագավաթային որակավման փուլում հայտնվելու համար, բայց Գունկոյի թիմը 99 տոկոսով ապահովել է իր ուղեգիրը։
Ռոբերտ Գասպարյան