«Լիլի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան խոսել է Կոնֆերենցիաների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում «Ասթոն Վիլլայից» կրած պարտության (1:2, 11մ՝ 3:4) մասին։
«Ես շատ հպարտ եմ իմ խաղացողներով, հպարտ եմ նրանով, թե ինչպես մենք խաղացինք երկու խաղերը: Բոլորը համաձայն են, երբ ասում եմ, որ մենք արժանի էինք ավելի առաջ գնալուն։ Բայց սա ֆուտբոլ է: Հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում մրցակիցն ավելի ուժեղ էր, և մեզ մնում է միայն ընդունել այդ փաստը։ Ես չեմ տեսել, որ այլ թիմեր վարվեն այնպես, ինչպես մենք վարվեցինք «Ասթոն Վիլլայի» դեմ խաղում՝ նույնիսկ Պրեմիեր լիգայում այդպես չէ։ Մենք գերիշխում էինք նրանց դեմ երկու հանդիպումներում և շատ լավ հնարավորություններ ստեղծեցինք։ Այսօր մենք հաղթեցինք հիմնական ժամանակում։ Կարծում եմ՝ դժվար էր էլ ավելի լավ խաղալը»,- Ֆոնսեկայի խոսքն է մեջբերել է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
«Ասթոն Վիլլան» դուրս եկավ մրցաշարի կիսաեզրափակիչ, որտեղ կխաղա «Օլիմպիակոսի» հետ։ Առաջին հանդիպումը կկայանա մայիսի 2-ին, իսկ պատասխան խաղը՝ 9-ին։