Ամերիկայի Ֆորտ Լոդերդեյլի «Չեյս» մարզադաշտում այս գիշեր կայացել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի չեմպիոնների գավաթի 1/4 եզրափակիչի առաջին հանդիպումը, որում «Ինտեր Մայամին» սեփական հարկի տակ 1։2 հաշվով զիջել է մեքսիկական «Մոնտերեյին»։
19-րդ րոպեին «Ինտեր Մայամիի» արգենտինացի պաշտպան Թոմաս Ավիլեսը կիսապաշտպան Յուլիան Գրեսելի փոխանցումից հետո բացել է հանդիպման հաշիվը։ 65-րդ րոպեին տանտերերի կիսապաշտպան Դավիդ Ռուիսը երկրորդ դեղին քարտն է ստացել ու հեռացվել է խաղադաշտից։ Հանդիպման 69-րդ րոպեին հաշիվը հավասարեցրել է հյուրերի արգենտինացի կիսապաշտպան Մաքսիմիլիանո Մեսան։ 89-րդ րոպեին Մեսայի փոխանցումից հետո հաղթական գնդակը խփել է արգենտինացի մեկ այլ կիսապաշտպան Խորխե Ռոդրիգեսը։
Նշենք, որ «Բարսելոնայի» երեք նախկին ֆուտբոլիստներ Ժորդի Ալբան, Սերխիո Բուսկետսը և Լուիս Սուարեսը խաղադաշտ են դուրս եկել մեկնարկային կազմում և անցկացրել ամբողջ 90 րոպեն։ «Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին բաց է թողել այս հանդիպումը ազդրի վնասվածքի պատճառով։ Արգենտինայի հավաքականի հարձակվողը նոր է վերադարձել ընդհանուր խմբի հետ մարզումներին։
ԿՈՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների գավաթի քառորդ եզրափակիչի «Ինտեր Մայամի»-«Մոնտերեյ» պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 11-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 06:30-ին: