«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Լևերկուզենի «Բայերը» գլխավորող իսպանացի մասնագետ Խաբի Ալոնսոյի՝ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո լևերկուզենյան ակումբից չհեռանալու որոշման մասին։
«Խաբին հիանալի աշխատանք է կատարում, և գուցե նա կարող է պահել թիմը: Ես հասկանում եմ նրա մնալու ցանկությունը։ Ես ամեն ինչ գիտեմ երիտասարդ մարզիչ լինելու և հաջողակ լինելու մասին: Ես գրեթե նույն բանն արեցի և երբեք չեմ զղջացել դրա համար»,- Կլոպի խոսքը մեջբերել է լրագրող Բեն Ջեյքոբսը։
Հիշեցնենք, որ վերջին ամիսներին ակտիվ խոսակցություններ էին պտտվում, որ «Լիվերպուլի» ղեկավարությունը Ալոնսոյին տեսնում է որպես Կլոպին փոխարինող։ Գերմանացի մասնագետն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կլքի իր զբաղեցրած պաշտոնը։ Այսօր Խաբի Ալոնսոն հայտարարել էր, որ կշարունակի աշխատանքը լևերկուզենյան թիմում։