Մադրիդի «Ռեալի» մարզչական շտաբը՝ իտալացի մասնագետ Կարլո Անչելոտիի գլխավորությամբ, ազգային հավաքականի խաղերի միջազգային ընդմիջումից առաջ մարզաբազայի հանդերձարանում հաղորդագրություն է թողել իր խաղացողների համար։
Նկատի ունենալով, որ Վինիսիուս Ժունիորը և Էդուարդո Կամավինգան վնասվածք էին ստացել իրենց ազգային հավաքականների կազմում նոյեմբերին կայացած նախորդ միջազգային ընդմիջման ժամանակ, մարզչական շտաբը հաղորդագրություն, ավելի ճիշտ նախազգուշացում էր թողել իրենց խաղացողների համար Արքայական ակումբի մարզաբազայում:
«Շատ զգույշ եղեք։ Սրանք ընդամենը ընկերական հանդիպումներ են»,- գրել է Անչելոտին մադրիդյան թիմի հանդերձարանում հաղորդագրությունների տախտակին։
Այս մասին հայտնում է իսպանական Marca պարբերականը՝ հղում կատարելով սեփական աղբյուրներին։ Աղբյուրը նշում է, որ մարզչի այս ուղերձը խաղացողների հետ քննարկվել է նաև բանավոր։