Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին Լա լիգան համեմատել է Անգլիայի Պրեմիեր լիգայի հետ։
«Լա Լիգան տարբերվում է Պրեմիեր լիգայից։ Անգլիայի Պրեմիեր լիգան ավելի մեծ ինտենսիվություն ունի, բայց տակտիկական մակարդակով Լա Լիգան շատ ավելի լավն է։ Եթե խոսենք ինտենսիվության և տեմպի մասին, ապա գուցե Պրեմիեր լիգայում նման բան ավելի շատ է, բայց Լա Լիգան իր թիմերում ավելի շատ տակտիկական որակներ ունի»,- Անչելոտիի խոսքն է մեջբերել ակումբի պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ իր մարզչական կարիերայի ընթացքում Կարլո Անչելոտին գլխավորել է Պրեմիեր լիգայում հանդես եկող երկու ակումբ՝ «Չելսին» և «Էվերթոնը»։ Այժմ իտալացու գլխավորությամբ «Ռեալը» զբաղեցնում է առաջին տեղը Լա լիգայի մրցաշրջանի մրցաշարային աղյուսակում։ Թիմը 28 խաղում վաստակել է 69 միավոր։ Մադրիդյան թիմը 7 միավորով առաջ է երկրորդ տեղում գտնվող «Ժիրոնայից»: