Լևերկուզենի «Բայերը» ևս մեկ քայլ կատարեց Գերմանիայի չեմպիոնական տիտղոսին ընդառաջ։ Խաբի Ալոնսոյի գլխավորած ակումբը շարունակում է իր անպարտելիության շլացուցիչ շարքը։ «Դեղագործներն» արդեն հավասարվել ու գերազանցել են «Բավարիայի» ցուցանիշը և հիմա քայլ առ քայլ մոտենում են բաղձալի տիտղոսին։ Ավելին. «Բայերը» կարող է թրեբլ գրանցել, քանի որ թիմը դեռևս շարունակում է պայքարը և’ Գերմանիայի գավաթում, և’ Եվրոպա լիգայում։ Իհարկե դա անելը շատ բարդ կլինի, սակայն թվում է՝ Ալոնսոյի թիմի համար անհնարին ոչինչ չկա։
2002-ին արդեն նման իրավիճակ կրկնվել է։ Այն ժամանակ էլ «Բայերը» պայքարում էր 3 ճակատով։ Այդ տարի թիմի կազմում խաղում էին անվանի ֆուտբոլիստներ Միխայել Բալլակը, Զե Ռոբերտոն, Լուսիոն և այլք։ Սակայն 2002 թվականի մայիսին Լևերկուզենի «Բայերը» 11 օրվա ընթացքում զիջել է 3 տիտղոս։ Ինչից հետո էլ ծնվել է գերմանական ակումբի հեգնական մականունը՝ «Նևերկուզեն» (անգլերեն never – երբեք բառից)։ Արմսպորտը ներկայացնում է «Բայերի» պատմության անհաջող շրջաններից մեկը։
«Բայերը» 4 տարվա ընթացքում 3 անգամ զբաղեցրել է 2-րդ տեղը, իսկ Հյոնեսն ասել է, որ ակումբը ևս 100 տարի չեմպիոն չի դառնա
«Հավերժ երկրորդի» կարգավիճակը «Բայերը» սկսել է «վաստակել» դեռևս աղետալի և միևնույն ժամանակ հաջող մրցաշրջանից առաջ (2001/2002 թթ.): 1997-ից 2000 թվականների ընթացքում Լևերկուզենը ներկայացնող ակումբը 3 անգամ դարձել է Գերմանիայի փոխչեմպիոն։ Հատկապես ցավալի է եղել 1999/2000 թթ․ մրցաշրջանը։ Քրիստոֆ Դաումի թիմը մրցաշրջանի ավարտից 1 տուր առաջ 3 միավորով առաջ է եղել «Բավարիայից»: Բունդեսլիգայի պատմության մեջ առաջին ոսկին նվաճելու համար «Բայերին» հարկավոր էր «Ունտերհաչինգ» միջակ ակումբին հյուրընկալվելիս չպարտվել։ Սակայն լևերկուզենյան թիմը զիջեց 0:2 հաշվով։ Հաղթական գոլի հեղինակ է դարձել Լևերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Միխայլ Բալակը՝ գրավելով սեփական դարպասը։ «Բավարիան» հաղթել է իր խաղում և լրացուցիչ ցուցանիշներով շրջանցել Լևերկուզենի «Բայերին»՝ հռչակվելով չեմպիոն։ Այնուհետև «Բավարիայի» նախագահ Ուլի Հյոնեսը մարգարեական խոսքեր է ասել. ««Բայերը» չեմպիոն կլինի ոչ շուտ, քան հարյուր տարի հետո»։
Անցել է ավելի քան 20 տարի և ակումբը դեռևս Բունդեսլիգայի չեմպիոն չի դարձել։ Ու մինչև հիմա դժվար էր պատկերացնել, որ «Բայերը» կկարողանա գերազանցել «Բավարիային», Դորտմունդի «Բորուսիային» կամ «ՌԲ Լայպցիգին»։ Նույնիսկ հիմա, երբ կա առավելության նման մեծ պաշար, երկրպագու «աչքը վախռցած է», քանի որ «աչքը տեսածից է վախենում»։
2002-ին Բունդեսլիգայի ավարտից 3 տուր առաջ «Բայերն» ուներ 5 միավորի առավելություն․ ի վերջո ոսկին «նվիրեցին» դորտմունդցիներին՝ պարտվելով 2 խաղում
2001 թվականի ամռանը «Բայերի» նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Կլաուս Տոպմյոլերը։ Հարձակողական ֆուտբոլ դավանող 50-ամյա մասնագետի գլխավորությամբ Լևերկուզենը ներկայացնող թիմը կերպարանափոխվել է։ Թիմում ուժեղ ֆուտբոլիստներ էին հավաքվել․ 11 մետրանոցներ իրացնող դարպասապահ Հանս-Յորգ Բուտը, հիանալի կենտրոնական պաշտպաններ՝ Լուսիոն, թիմի ավագ՝ Յենս Նովոտնին, հենակետային կիսապաշտպան՝ Կարստեն Ռամելովը, վառ հարձակողական ոճի կիսապաշտպաններ՝ Զե Ռոբերտոն և Բերնդ Շնայդերը։ Ինչպես նաև այդ ժամանակների համար յուրահատուկ հարձակվող՝ «կեղծ 9 համար» Օլիվեր Նոյվիլը և, իհարկե, Միխայել Բալլակը: Այնուամենայնիվ, տվյալ մրցաշրջանի մեկնարկից առաջ «Բայերը» չի եղել Բունդեսլիգան հաղթելու ֆավորիտների ցանկում։
Սակայն, Տոպմյոլերի թիմը, հակառակ կանխատեսումների, մրցաշրջանի մեկնարկից սկսած բարձրացել է առաջին հորիզոնական։ Թիմը 14 տուրում 11 հաղթանակ է տարել, 37 գոլ խփել ու ոչ մի պարտություն չկրելով դարձել է Գերմանիայի ձմեռային չեմպիոն։
Մրցաշրջանի ավարտից 3 տուր առաջ թվում էր, որ այժմ թիմը ձեռքից բաց չի թողնի չեմպիոնությունը։ «Բայերը» գլխավորում էր մրցաշարային աղյուսակն ու 5 միավորով առաջ էր 2-րդ տեղում գտնվող թիմից։ Բայց հոգնածությունը և մեծ ճնշումը իրենց դերը խաղացին։ «Դեղագործները» տանը պարտվեցին «Վերդերին» (1:2), իսկ հյուրընկալվելիս՝ «Նյուրնբերգին» (0:1): Արդյունքում՝ «Հերտայի» հետ տնային վերջին հանդիպումից առաջ ամեն ինչ չէ, որ կախված էր Տոպմյոլերի թիմից։ Պահանջվում էր նաև, որ առաջ անցած Դորտմունդի «Բորուսիան» պարտություն կրի։ «Բայերը» հաղթեց Հերտային (2:1), բայց Դորտմունդը միավորներ չկորցրեց: «Բայերը» 4-րդ անգամ զբաղեցրեց 2-րդ տեղը Բունդեսլիգայում:
«Խաղից առաջ հույս ունեի, որ ֆուտբոլային արդարությունը կհաղթանակի, իսկ դրանից հետո շան պես ոռնում էի։ Դադարեցի լաց լինել միայն այն ժամանակ, երբ գրկեցի Բալակին։ Ինձ պետք էր ինչ-որ կերպ հանգստացնել նրան»,— խոստովանել է Տոպմյոլերը:
Լևերկուզենի «Բայերը» Գերմանիայի գավաթը նվաճել է միայն 1 անգամ․ այդ խաղի հաղթական գոլի հեղինակը նորից աչքի է ընկել, բայց դա չի օգնել թիմին 
«Հերտայի» հետ հանդիպումը կայացել է մայիսի 4-ին, իսկ 1 շաբաթ անց «Բայերը» սպասում էր «Շալկեի» հետ Գերմանիայի գավաթի եզրափակիչին։ Լևերկուզենյան ակումբն իր պատմության մեջ միայն 1 անգամ էր նվաճել այս տիտղոսը (1992/1993 թթ․ մրցաշրջանում), ուստի հաղթանակը գավաթային մրցաշարում մեծ իրադարձություն կլիներ ակումբի համար։ Այս խաղում հատկապես ուժեղ ազդեցություն է ունեցել ապրիլի վերջին վնասվածք ստացած Նովոտնիի կորուստը։ Ավագին փոխարինած Բորիս Ժիվկովիչը, ինչպես մյուս պաշտպանները, ձախողել են եզրափակիչ հանդիպումը։
Բայց Բեռլինի «Օլիմպիական» ստադիոնում «Բայերի» համար խաղը լավ է սկսվել։ 27-րդ րոպեին Դիմիտար Բերբատովը բացել է հաշիվը, սակայն խաղակեսի ավարտից առաջ դարպասապահ Բուտը տուգանայինից կատարած հարվածից հետո գոլ է բաց թողել մոտակա անկյունը։ Ընդմիջումից հետո «Շալկեն» արագ հակագրոհների արդյունքում ևս 3 գոլ է խփել՝ պատժելով «Բայերին» պաշտպանությունում սխալների համար։ «Դեղագործներին» չի օգնել նաև վետերան Ուլֆ Կիրստենի գոլը (նա դարձել էր 1993 թվականին Գերմանիայի գավաթի եզրափակիչում հաղթական գոլի հեղինակը)։ Ի վերջո Լևերկուզենի «Բայերը» պարտվել է 2:4 հաշվով։ Էմոցիոնալ բացասական ֆոնի վրա Տոպմյոլերի թիմը պատրաստվում էր մրցաշրջանի գլխավոր խաղին՝ Մադրիդի «Ռեալի» հետ Չեմպիոնների լիգայի եզրափակիչին, որը կայանալու էր 4 օր անց։
«Երբեմն լինում են պարտություններ: Պետք է ընդունել այս փաստը»,- փիլիսոփայորեն ասել էր մարզիչը՝ մեկնաբանելով Գերմանիայի գավաթի խաղարկությունում տեղի ունեցածը։
«Բայերը» պարտվել է «Ռեալին» Զիդանի հրաշք գոլի պատճառով
Լևերկուզենի «Բայերը» երկար ու բարդ ճանապարհ էր անցել մինչև հասել էր Գլազգոյի «Հեմփդեն Պարկ» ստադիոն, որտեղ կայանալու էր Չեմպիոնների լիգայի եզրափակիչը։ Թիմը մրցաշարն սկսել էր որակավորման փուլից, անցել խմբային փուլը, իսկ փլեյ-օֆֆում պայքարից դուրս թողել «Լիվերպուլին» ու «Մանչեսթեր Յունայթեդին»։ Ալեքս Ֆերգյուսոնը երազում էր իր հայրենիքում նվաճել ակումբային ֆուտբոլի ամենահեղինակավոր մրցաշարի գավաթը, բայց նրա ճանապարհին կանգնել է Կլաուս Տոմպմյոլերը։
Սըր Ալեքսը հաղթանակ էր նրան մաղթել Մադրիդի «Ռեալի» դեմ սպասվող խաղում։
Եզրափակիչում «Բայերը» պայքարեց ինչպես կարող էր։ Մադրիդցիները կարգով և ֆուտբոլիստների անհատական որակներով գերազանցում էին մրցակցին: Գերմանական ակումբի կազմում խաղը բաց են թողել վնասվածք ստացած Նովոտնին և որակազրկված Զե Ռոբերտոն։
«Բայերն» առաջինն է գոլ բաց թողել։ Ռոբերտո Կառլոսը դաշտի կենտրոնում եզրային նետումով գնդակը մտցրել է խաղի մեջ, իսկ մրցակցի պաշտպաններն աչքաթող են արել Ռաուլին, որն էլ ոչ այդքան բարդ, բայց դիպուկ հարվածով գրավել է Բուտի դարպասը։
Այդուհանդերձ, Տոպմյոլերի թիմին հաջողվել է արագ հավասարեցնել հաշիվը։ Շնայդերը երկար փոխանցում է կատարել դեպի 11 մետրանոց նշակետի հարակից հատված, իսկ Լուսիոն՝ հաղթելով օդային պայքարում, գլխի հարվածով գնդակն ուղարկել է մադրիդյան ակումբի դարպասը։
Սակայն աշխարհն այս հանդիպումը հիշում է ոչ թե «Բայերի» ցուցադրած կամային որակների, այլ Զինեդին Զիդանի՝ խաղի 45-րդ րոպեին խփած փայլուն գոլի շնորհիվ․ Ռոբերտո Կառլոսը ձախ եզրից փոխանցում է կատարել, իսկ Զիդանը թույլ չտալով, որ գնդակը հպվի խոտածածկին, շեշտակի հարվածով խոցել է «Բայերի» դարպասը։
Երկրորդ խաղակեսում «Ռեալի» դարպասապահ Սեզար Սանչեսը վնասվածքի պատճառով չի կարողացել շարունակել հանդիպումը, իսկ նրա փոխարեն դաշտ է մտել 21-ամյա Իկեր Կասիլյասը, որն անառիկ է պահել սեփական դարպասը։ Արդյունքում «Ռեալը» 2։1 հաշվով հաղթել է Լևերկուզենի «Բայերին»։
«Խաղացողները դեռ նստած են կինոթատրոնում և անվերջ դիտում են նախորդ մրցաշրջանի կադրերը: Ցավոք, նրանք երբեք չհասկացան, որ այդ ֆիլմը վաղուց ավարտված է»: 2003 թվականի փետրվարին այս խոսքերն ասել է Լևերկուզենի «Բայերի» մենեջեր Ռայներ Կալմունդը։ Հենց այդ ամսին նա հեռացրել է Տոպմյոլերին, երբ «Բայերը» ուշքի չգալով նախորդ մրցաշրջանի ձախողումից, մոտ է եղել վտանգավոր գոտուն:
«Հոգեբանական մեծ հարված ամբողջ կյանքի համա՞ր։ Ի՞նչ եք խոսում։ Կարիերայիս լավագույն փուլն անցկացրել եմ Լևերկուզենում»,- ավելի ուշ հարցազրույցներից մեկում ասել է Տոպմյոլերը։
Եվ իսկապես, այդ հատվածը լավագույնն է եղել նրա կարիերայում։ Կլաուս Տոպմյոլերը ընդամենը 1 տարի անցկացրել է «Համբուրգում», իսկ 2008 թվականին ավարտել մարզչական կարիերան՝ Վրաստանի հավաքականի հետ 2 տարի աշխատելուց հետո։