«Ինտերը» սեփական հարկի տակ հաղթեց «Ատալանտային» Ա Սերիայի 21-րդ տուրի հետաձգված խաղում 4-0 հաշվով։ Այսպիսով, միլանցիները չորս գոլ են խփում Իտալիայի առաջնության չորրորդ խաղում անընդմեջ։
Թիմի մարզիչ Սիմոնե Ինձագին խոսել է իր թիմի խաղի մասին.
«Չի կարելի հերքել, որ թիմը լավ է խաղում, և դա անում է արդեն երկուսուկես տարի։ Մենք հինգ գավաթ ենք նվաճել, խաղացել ենք Չեմպիոնների լիգայի եզրափակչում և առաջատար ենք Ա Սերիայում այժմ:
Մենք գիտենք, որ հունվարին «Յուվենտուսի» հետ մոտ էինք միավորներով։ Մենք մեկ ամսում ավելացրինք տարբերությունը, բայց նույն ժամանակահատվածում այն կարող էինք նաև կորցնել»,- մեջբերում է «Ինտերի» մարզիչին Football Italia-ն։
Այս պահին «Ինտերը» 69 միավորով վստահորեն գլխավորում է Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղում գտնվող «Յուվենտուսի» նկատմամբ թիմի առավելությունը 12 միավոր է: