Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Մանվել Խաչատրյանը, որն առաջին անգամ էր մասնակցում մեծահասակների Եվրոպայի առաջնությանը, նշել է՝ փորձի պակասն իրեն խանգարել է ավելի լավ արդյունք գրանցելու համար.
«Մրցավայր էի մեկնել հաղթելու նպատակով, սակայն, ցավոք, չստացվեց: Կարծում եմ՝ փորձի պակասը խանգարեց: Բավարարվեցի բրոնզե մեդալով: Հաջորդ անգամ կփորձեմ արդարացնել բոլորի սպասելիքները և ոսկե մեդալով վերադառնալ»,- նշել է երիտասարդ ըմբիշը:
Երիտասարդ Մանվել Խաչատրյանը պայքարը սկսել է քառորդ եզրափակչից, որտեղ 13:5 հաշվով կամային հաղթանակ է տարել Եվրոպայի գործող չեմպիոն, թուրք Ադեմ Բուրակ Ուզունի նկատմամբ: Կիսաեզրափակչում արդեն Խաչատրյանն ուժերն է չափել Մոլդովայի ներկայացուցիչ Արտյոմ Դիլյանուի հետ և 2:2 հաշվով զիջել մրցակցին:
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականն Արմեն Բաբալարյանի գլխավորությամբ Եվրոպայի առաջնությունում ելույթներն ավարտել է 2 ոսկե և 1 բրոնզե մեդալով՝ թիմային հաշվարկում զբաղեցնելով երրորդ հորիզոնականը: