«Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբը հայտարարել է, որ Անգլիայի հավաքականի նախկին մարզիչ Սվեն-Յորան Էրիկսոնը կմարզի «կարմիրներին» Ամստերդամի «Այաքսի» դեմ լեգենդների խաղում։
«Այաքսի» և «Լիվերպուլի» լեգենդների հանդիպումը կկայանա այս տարվա մարտին՝ «Էնֆիլդում»: Հիշեցնենք, որ հունվարին «կարմիրների» երկրպագուները արշավ էին սկսել՝ կոչ անելով մերսիսայդցիների լեգենդների մարզիչ նշանակել Սվեն-Յորան Էրիկսոնին, որն ավելի վաղ հայտարարել էր, որ միշտ աջակցել է «Լիվերպուլին» և ցանկանում է լինել այս թիմի մարզիչը։
Անցյալ ամիս շվեդ մասնագետը հայտարարել էր, որ իր մոտ քաղցկեղ է ախտորոշվել։ Էրիկսոնի խոսքով՝ իրեն լավագույն դեպքում մեկ տարի է մնում ապրելու։ Էրիկսոնը 75 տարեկան է։ Նա Անգլիայի հավաքականը մարզել է 2001-ից 2006 թվականներին։ Մարզիչն աշխատել է նաև «Բենֆիկայի», «Ռոմայի», «Սամպդորիայի» և «Լացիոյի» հետ։