«Նապոլին» հետաքրքրված է «Միլանի» ներկայիս մարզիչ Ստեֆանո Պիոլիին թիմի գլխավոր մարզչի պաշտոնում հրավիրելու հնարավորությամբ, հայտնում է Calciomercato-ն։
Ըստ աղբյուրի՝ ակումբի նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը 58-ամյա մասնագետին ամենահարմար թեկնածուն է համարում։ Պիոլիի պայմանագիրը «Միլանի» հետ ուժի մեջ է մինչև հաջորդ մրցաշրջանի ավարտը, սակայն նշվում է, որ իտալացին կողմերի համաձայնությամբ կարող է վաղաժամ հեռանալ ներկայիս թիմից։
Պիոլին «Միլանը» գլխավորում է 2019 թվականից։ Նրա գլխավորությամբ թիմը 2021/2022 մրցաշրջանում դարձել է Իտալիայի չեմպիոն։ «Ռոսոներիները» դուրս են եկել նաև Չեմպիոնների լիգայի 2022/2023 մրցաշրջանի կիսաեզրափակիչ։
«Նապոլին» այժմ Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակի յոթերորդ տեղում է: Վալտեր Մացարիի սաները 22 տուրից հետո վաստակել են 35 միավոր և առաջատար «Ինտերին» զիջում են 22 միավորով։