«Ֆիորենտինան» մտադիր է ձևակերպել «Ատլանտա Յունայթեդի» և Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Տիագո Ալմադայի տրանսֆերը: Այս մասին հայտնում է Football Italia-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «մանուշակների» ներկայացուցիչներն արդեն կապ են հաստատել ամերիկյան ակումբի հետ՝ քննարկելու 22-ամյա ֆուտբոլիստի հավանական տրանսֆերը։
«Ատլանտան» մոտ 25 միլիոն եվրո է խնդրել իր ֆուտբոլիստի տրանսֆերի համար, սակայն «Ֆիորենտինան» դեռ պատրաստ չէ բաժանվել նման գումարից։ Նշվում է, որ ֆուտբոլիստն ինքը հետաքրքրված է Ա Սերիա տեղափոխվելով:
Ալմադայի ծառայություններով հետաքրքրված են նաև «Յուվենտուսն» ու «Ատլետիկոն»։
Ալմադան «Ատլանտա Յունայթեդում» հանդես է գալիս 2022 թվականից։ Նախորդ մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 35 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 19 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ամերիկյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի ավարտը։