Հայտնի են դարձել Ժոզե Մոուրինյուի՝ «Ռոմայից» հեռացվելու պատճառները:
Նախօրեին հռոմեական ակումբը հայտարարել էր պորտուգալացի մասնագետի՝ գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին։ Դանիելե դե Ռոսին թիմը կգլխավորի մինչև մրցաշրջանի ավարտը։
Ինչպես հայտնում է Get Italian Football News-ը՝ La Repubblica-ին հղումով, երեկ «Ռոմայի» սեփականատերեր Դան և Ռայան Ֆրիդկինները հանդիպում են անցկացրել Մոուրինյուի հետ, որի ժամանակ կողմերը դժգոհություններ են հայտնել միմյանց դեմ։
Այսպիսով, ակումբի ղեկավարները հիասթափված էին ակումբի այս մրցաշրջանի արդյունքներից, ինչպես նաև հոգնել էին մարզչի պահվածքից։ Նրանք դժգոհել են, որ նա անընդհատ կոնֆլիկտային իրավիճակներ էր ստեղծում, մեղադրում էր մրցավարներին և հրաժարվում էր իր վրա վերցնել մեղքը։
Ֆրիդկինները հատկապես անհանգստացած էին Եվրոպայի լիգայի եզրափակչից հետո տեղի ունեցածով. խաղից հետո «Ռոմայի» գլխավոր մարզիչը «Պուշկաշ Արենայի» ավտոկայանատեղիում բղավել է մրցավար Էնթոնի Թեյլորի վրա. «Ինչ ամոթ է, դու խայտառակություն ես»: Այս իրավիճակը շրջադարձային է եղել. կարծում են, որ Մոուրինյուն վնաս է հասցրել իր իմիջին:
Դեկտեմբերի կեսերին ակումբի սեփականատերերը վերջնագիր են ներկայացրել Մոուրինյուին և հայտնել, որ անհրաժեշտ է շտկել ստեղծված իրավիճակը։ Նշվում է, որ Ռայան Ֆրիդկինը նույնիսկ դժգոհություններ է ստացել խաղացողներից մարզչի վերաբերյալ: