«Միլանի» նախկին ֆուտբոլիստ Զլատան Իբրահիմովիչը, որն այժմ ակումբի սեփականատերերի ավագ խորհրդականն է, պնդում է, որ «ռոսոներիների» ներկայիս գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլիի հնարավոր պաշտոնանկությունից հետո թիմը գլխավորի իտալացի մասնագետ Անտոնիո Կոնտեն։ Այս մասին հայտնել է լրագրող Ռոնալդ Մորգանը։
Հիշեցնենք, որ Իբրահիմովիչը առաջիններից էր, ով աջակցեց Կոնտեին այն բանից հետո, երբ նա հրապարակավ քննադատեց Լոնդոնի «Տոտենհեմի» ղեկավարությանը և խաղացողներին, որտեղ նա աշխատել է 2021 թվականի նոյեմբերից մինչև 2023 թվականի մարտի 26-ը։ Այժմ իտալացի մասնագետն առանց աշխատանքի է։
Նախկինում Կոնտեն գլխավորել է նաև Թուրինի «Յուվենտուսը», «Ինտերը» և «Չելսին»:
Վերջին մեկ ամսվա ընթացքում ԶԼՄ-ներում ավելի հաճախակի են դարձել տեղեկություններն այն մասին, որ «Միլանի» ղեկավարությունը լրջորեն մտածում է Պիոլիին պաշտոնանկ անելու մասին: