«Ռոմայի» նախկին հարձակվող Ֆրանչեսկո Տոտտին պատասխանել է այն հարցին, թե կարո՞ղ է հռոմեական ակումբ վերադառնալ։
«Ես միշտ նույն բանն եմ պատասխանում՝ ամուսնությունները երկու հոգով են կնքվում։ Բայց այս պահին մյուս կողմից նման ցանկություն չկա։ Այնուամենայնիվ, եթե անհրաժեշտ լինի, ես միշտ այնտեղ եմ և կանեմ ինձնից կախված ամեն ինչ «Ռոմայի» համար, ինչպես միշտ»,- Տոտտիի խոսքերն է մեջբերում AS-ը՝ Radio TV-ին հղումով։
Հիշեցնենք, որ 2017-ից 2019 թվականներին Տոտտին աշխատել է «Ռոմայի» տնօրեն։
Տոտտին հռոմեական ակումբում հանդես է եկել 1992/1993 մրցաշրջանից մինչև 2017/2018 մրցաշրջանը։ Այս ընթացքում իտալացի ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում մասնակցել է 783 խաղի, որոնցում դարձել է 307 գոլի և 209 գոլային փոխանցման հեղինակ։