ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ամփոփել է Երևանում մեկնարկած սամբոյի աշխարհի առաջնության մրցումային առաջին օրը:
«Հայաստանի հավաքականն ամբողջական կազմով է մասնակցում աշխարհի առաջնությանը: Իհարկե, լավ է, որ արդեն երեք մեդալ ունենք, բայց վատ է, որ դեռևս ոսկե մեդալ չունենք: Աշխարհի չեմպիոն Տիգրան Կիրակոսյանից էի լավ արդյունք սպասում, ցավոք՝ չստացվեց: Վաղը և մյուս օրը դեռ շատ գոտեմարտեր ունենք, առավել քան վստահ եմ՝ ամենաբարձր հարկի մեդալներ դեռ ունենալու ենք»,- ընդգծել է Կարեն Գիլոյանը:
Անդրադառնալով աշխարհի առաջնության կազմակերպչական հարցերին և բացման արարողության մասին՝ Կարեն Գիլոյանը նշել է՝ ԱԱ-ի հյուրերը չեն կարողանում թաքցնել իրենց հիացմունքը. «Շատերն ասում են, որ սամբոյի պատմության մեջ այսպիսի գեղեցիկ բացման արարողության ներկա չէին եղել: Նույնը նաև առաջարկվող պայմանների ու ենթակառուցվածքների վերաբերյալ՝ թե՛ դահլիճների, թե՛ մարզիկների կեցության, սնունդի և տրանսպորտային ծառայությունների մասով: Իհարկե, թերություններ չեն կարող չլիներ: Սա գործընթաց է, որը պետք է կայանա և այդ ընթացքում սխալներ էլ են լինում, բայց դրանք այնքան աննշան են, որ ամենևին չեն ստվերում այն փայլը, որն ունի սամբոյի աշխարհի այս առաջնությունը»:
ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ այն , որ սամբոյի աշխարհի առաջնության անցկացումը վստահվել է Հայաստանին՝ ճշգրիտ և նպատակուղղված աշխատանքի արդյունք է.
«Երբ նախորդ տարի այստեղ անցկացվում էր դեռահասների, պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունը, Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահի հետ հանդիպեցինք միջազգային ֆեդերացիայի պաշտոնյաներին և խնդրեցինք մեզ վստահել աշխարհի առաջնության անցկացումը: Մեզ ասացին, որ մեծահասակների աշխարհի առաջնության փորձ չունենք, և առայժմ պետք է բավարարվենք Եվրոպայի առաջնության անցկացմամբ: Այսինքն, ձեռք բերեցինք պայմանավորվածություն, որ մենք այս տարի անցկացնելու ենք Եվրոպայի առաջնությունը, բայց դեռ պատանիների աշխարհի առաջնությունը չավարտված՝ Միջազգային ֆեդերացիան որոշեց այս տարվա ԱԱ-ի անցկացումը վստահել մեզ: Քիչ առաջ էլ զրուցում էինք միջազգային ֆեդերացիայի նախագահ Վասիլի Շեստակովի հետ: Ասում էր, որ հիացած է և շատ գոհ է, իսկ Հայաստանը շարունակելու է մնալ սամբոյի գլխավոր թատերաբեմերից մեկը»:
Հիշեցնենք՝ նոյեմբերի 10-12-ը Երևանում անցկացվող սամբոյի աշխարհի առաջնությանը 70 երկրի շուրջ 650 մարզիկներ են մասնակցում: Հայաստանը ներկայացված է տղամարդկանց մարզական, մարտական սամբոյի, և կանանց մարտական սամբոյի մրցումների 7-ական քաշային կարգերում: Մրցումային առաջին օրը Հայաստանի ներկայացուցիչները 3 բրոնզե մեդալ են նվաճել: