Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ասել է, որ ակումբը չի պատրաստվում ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ նոր խաղացողների ձեռք բերել։
«Մենք հունվարին ոչ ոքի հետ պայմանագիր չենք ստորագրի։ Միլիտաոն և Կուրտուան կվերադառնան մինչև մրցաշրջանի ավարտը։ Հունվարի տրանսֆերային շուկան մեզ համար փակ է»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում La Saeta Rubia տելեգրամ-ալիքը։
Հիշեցնենք, որ Էդեր Միլիտաոյի մոտ ախտորոշվել էր ձախ ծնկի առջևի խաչաձև կապանների պատռվածք: Ֆուտբոլիստը վնասվածք է ստացել Բիլբաոյի «Աթլետիկի» հետ իսպանական Պրիմերայի 1-ին տուրի խաղի երկրորդ խաղակեսի սկզբում (2:0): 50-րդ րոպեին նրան փոխարինեց գերմանացի պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը։
Այս տարվա օգոստոսին Տիբո Կուրտուան ձախ ծնկի առջևի խաչաձև կապանների պատռվածք էր ստացել։ Դրանից հետո Մադրիդի «Ռեալը» Լոնդոնի «Չելսիից» մինչև մրցաշրջանի ավարտը վարձակալությամբ վերցրեց իսպանացի դարպասապահ Կեպա Արիզաբալագային։