«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտնել է, որ մերսիսայդցիների հարձակվող Լուիս Դիասը մեկնել է Կոլումբիա, որտեղ նախօրեին առևանգել էին նրա ծնողներին։
«Այս մասին (առևանգման մասին՝ հեղ․) մենք իմացանք շաբաթ ուշ երեկոյան։ Հետո խոսեցինք Լուչոյի հետ։ Նա ուզում էր տուն վերադառնալ, նրա հետ մարդիկ ուղարկեցինք։ Այնտեղ նրա մասին հոգ տանողներ կան, ընտանիքի անդամներ և այլն։ Այս ամենը հասկանալի է։ Հետո մենք լուր ստացանք նրա մայրիկից, և դա լավ նորություն էր: Այդ ժամանակվանից ի վեր՝ ոչ մի առանձնահատուկ բան։ Պատասխանատուները հստակ աշխատում են խնդրի լուծման ուղղությամբ։ Ակնհայտ է, որ մենք առաջինը չենք, որ տեղեկացված ենք այն ամենի մասին, ինչ կատարվում է, բայց այնուամենայնիվ փորձում ենք տեղյակ լինել։ Եվ մենք փորձում ենք չխանգարել։ Մենք այնտեղ ամենակարևոր մարդիկ չենք։ Մենք պարզապես ցանկանում ենք աջակցել Լուիսին, այսքանը»,- Կլոպի խոսքը մեջբերում է «Լիվերպուլի» պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ Դիասի ծնողներին առևանգել էին ֆուտբոլիստի հայրենի քաղաքում՝ Կոլումբիայի Գուաջիրա դեպարտամենտում՝ Բարանկասում, շաբաթ օրը՝ հոկտեմբերի 28-ին: Կոլումբիացի ֆուտբոլիստի մորն ու հորը առևանգման վայրից տարել են սեփական մեքենայով։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստի մայրը փրկվել է։ Ավելի վաղ հաղորդվում էր նաև, որ Կոլումբիայում փոխհրաձգության ժամանակ առևանգողներից փրկվել է նաև «Լիվերպուլի» հարձակվողի հայրը, սակայն դրա պաշտոնական հաստատումը չի եղել։