Անգլիական «Նյուքասլի» և Իտալիայի հավաքականի իտալացի կիսապաշտպան Սանդրո Տոնալին խոստովանել է, որ խաղադրույք է կատարել «Միլանի» խաղերի վրա, երբ եղել է «ռոսոներիի» խաղացող։ Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։
Աղբյուրի համաձայն՝ իտալացին իրականում խաղադրույք է կատարել «Միլանի» խաղերի արդյունքների վրա, երբ հանդես է եկել թիմում: Բայց այստեղ կարևորն այն է, որ Տոնալին խաղադրույք է կատարել միայն «ռոսոներիների» հաղթանակների վրա և այն խաղերում, որոնցում նա խաղադաշտ դուրս չի եկել։ Ըստ այդմ, նրա խաղադրույքները չէին ազդի խաղադաշտում նրա խաղի վրա, ինչը մեղմացուցիչ գործոն է տվյալ դեպքում։
Ի սկզբանե Սանդրոյին երեք տարուց ավելի որակազրկում էր սպառնում իր թիմի խաղերի վրա խաղադրույքներ կատարելու համար, սակայն այն պատճառով, որ խաղացողը որոշել է գնալ «Յուվենտուսի» կիսապաշտպան Նիկոլո Ֆաջիոլիի ճանապարհով՝ ակտիվորեն աշխատելով հետաքննության հետ, նա կարող է ավելի մեղմ պատիժ ստանալ․ ենթադրաբար՝ մեկ տարվա որակազրկում ցանկացած տիպի խաղերից, այդ թվում՝ Անգլիայի Պրեմիեր լիգայում: