«Բավարիայի» ղեկավարությունը որոշել է, թե ով է առաջիկայում փոխարինելու Մանուել Նոյերին մյունխենյան ակումբի դարպասապահի դիրքում։ Այս մասին հայտնում է լրագրող Սեբաստիան Դենիսը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Աղբյուրի համաձայն՝ «Բավարիան» սերտ կապ է պահպանում Դորտմունդի «Բորուսիայի» դարպասապահ Գրեգոր Կոբելի շրջապատի հետ, քանի որ նրանք կարծում են, որ վերջինս կարող է իդեալական փոխարինող լինել Նոյերին։ Ընդգծվում է, որ մյունխենյան ակումբի ղեկավարությանը չի անհանգստացնում այն փաստը, որ անցած շաբաթ 25-ամյա ֆուտբոլիստը դորտմունդցիների հետ պայմանագիրը երկարաձգել է մինչև 2028 թվականը։
Իր հերթին, «Բորուսիան» պատրաստ կլինի շվեյցարացի դարպասապահին բաց թողնել այլ ակումբ միայն 70-80 միլիոն եվրոյի դիմաց։ Հիշեցնենք, որ ֆուտբոլիստի գնահատված արժեքը, ըստ Transfermarkt ինտերնետային պորտալի, կազմում է 35 մլն եվրո։