«Ավելի բարձրակարգ առաջնություններ տեղափոխվելը ես համարում եմ քայլ առաջ հայ ֆուտբոլիստների համար»,- ArmSport-ի հետ զրույցում իր կարծիքով կիսվում է ղազախական «Ակադեմիա Օնթուստիկի» գլխավոր մարզիչ Լևոն Ղասաբօղլյանը։ Վերջինս դրական է գնահատում որոշումն, ոստ որի Ղազախստանում ԵԱՏՄ քաղաքացի ֆուտբոլիստներն այլևս լեգիոներ չեն համարվում ։
Հայաստանի առաջնության դեպքում, սակայն, մարզիչի համար լեգիոներների թեման բավականին ցավալի կողմեր ունի․ «Ես ականատես եղա ցավալի իրադարձության․ առաջնության 2 խաղերում 44 ֆուտբոլիստների մեջ գրեթե չկային հայ ֆուտբոլիսներ։ Դա շատ վատ է, որ տեղացի ֆուտբոլիստներին հնարավորություն չի տրվում»։
Մասնագետն ավելացնում է, որ եթե լեգիոներ են բերում մեր թիմերը, ապա այդ լեգիոները պետք է լինի մի քանի անգամ ավելի ուժեղ տեղացի ֆուտբոլիստներից, որից մեր երիտասարդ ֆուտբոլիստները ինչ-որ բան կարող են սովորել․
«Առաջին խմբի առաջնությունում խաղում են լեգիոներներ, ովքեր իրենցից բացարձակապես ոչինչ չեն ներկայացնում։ Առաջին խմբի թիմերի համար ես կարգելեի լեգիոներներ ունենալը։ Լեգիոներներով թիմը խաղում է Բարձրագույն խմբի դուստր թիմի հետ և պարտվում է խոշոր հաշվով։ Այդ դեպքում իմաստը ո՞րն է, որ օտար ֆուտբոլիստը՝ 26-27 տարեկան լեգիոները, որը բացարձակապես տեղացիների նկատմամբ առավելություն չունի, խաղում է հիմնական կազմում, իսկ մեր երիտասարդ ֆուտբոլիստը մնում է պահեստայինների նստարանին՝ շանս չստանալով դրսևորել իրեն»։
Ինչ վերաբերվում է ավելի ուժեղ առաջնությունում հանդես գալու հնարավորությանը, ըստ Ղասաբօղլյանի, դա լավ է թե՛ անձամբ ֆուտբոլիստի համար, թե՛ հայկական ֆուտբոլի։ Մենք ունենք շատ ֆուտբոլիստներ, ովքեր կարող են իրենց դրսևորել ավելի բարձրակարգ առաջնություններում։ Լևոն Ղասաբօղլյանը դրական է գնահատում նաև այն, որ հայ ֆուտբոլիստները Ռուսաստանում էլ այլևս լեգիոներ չեն համարվի․ «Օրինակ, ուրախալի է, որ Դավիթ Յուրչենկոն ընդունել է Հայաստանի հավաքականում հանդես գալու հրավերը, ում նախկինում հենց այդ լիմիտն էր խանգարում ներկայացնել այլ երկրի հավաքական»։
✅ Ղազախստանի և Հայաստանի առաջնությունների տարբերության մասին
«Ղազախստանի Առաջին լիգայի և Հայաստանի Առաջին լիգայի միջև սարերի ու ձորերի տարբերություն կա, նույնիսկ ղազախական Առաջին լիգան ավելի ուժեղ է մեր Բարձրագույն խմբից»,— կարծում է Ղասաբօղլյանը։ Նա նաև նկատում է, որ Առաջին խմբի թիմերից շատերի բյուջեն ավելի մեծ է մեր Բարձրագույն թիմերի բյուջեներից։ «Հայաստանում ամեն ինչ սեփականատերերի ձեռքն է, թիմերը մասնավոր են, իսկ Ղազախստանում կա պետական աջակցություն, երկիրը հարուստ է, ունի հնարավորություն։ Թիմերը ավելի կայուն, ամուր հիմքերի վրա են կանգնած։ Ես բազմիցս եմ ականատես եղել, թե որքան ակումբներ են Հայաստանում ամպագորգոռ բացվում և նույն կերպ կարճ ժամանակ անց փակվում»,- ավելացնում է մարզիչը։
✅ Հայաստանի հավաքականի մասին
Ինչ վերաբերվում է Հայաստանի հավաքականին, ապա Ղասաբօղլյանն անտարբեր չի կարող հետևել հավքականի շուրջ ծավալված վերջին ամիսների իրադարձություններին․ «Կան մարդիկ ովքեր անձնավորում են հավաքականը, իրենց համարում են հայկական ֆուտբոլի կողքին կանգնած անձնավորություններ։ Երբ հավաքականը հաջող է հանդես գալիս, նրանք բացականչում են, հայտարարում․ «Տեսաք, որքան բան է փոխվել, փոփոխությունները տալիս են իրենց արդյունքները»։ Հավաքականի անհաջողության դեպքում, նույն անձնավորությունները սկսում են քարկոծել հավաքականը։ Ես դա չեմ հասկանում»։ Մասնագետն ավելացնում է, որ հավաքականին սպասվում է սերնդափոխություն․ «Մենք ունենք լավ ֆուտբոլիստներ, պարզապես խաղային պրակտիկայի խնդիր կա, ֆուտբոլիստը պետք է այն ստանա՝ խաղալով իր ակումբի կազմում»։
✅ «Ակադեմիա Օնթուստիկ»
«Օրինակ մեր ակումբը․ կա հստակ նպատակ՝ հանդես գալ սեփական ակադեմիայի կադրերով։ Այս ֆուտբոլիստներից շատերը շուտով կհամալրեն Պրեմիեր լիգայի ակումբները և Ղազախստանի տարբեր տարիքային հավաքականները»,- մեզ հետ կիսվում է բոլորովին վերջերս ղազախական «Ակադեմիա Օնթուստիկ» ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակված Լևոն Ղասաբօղլյանը՝ Էստոնական ‹‹Տրանս Նարվա›› ակումբի, Երևանի ‹‹Արարատի››, ‹‹Կիլիկիայի››, ‹‹Ուլիսի›› և Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին ֆուտբոլիստը:

Թիմը հանդես է գալիս Ղազախստանի Առաջին խմբի առաջնությունում: Փետրվարի 16-ին Լևոն Ղասաբօղլյանի գլխավորությամբ ակումբը մեկնել էր Անթալիա՝ ուսումնամարզական հավաքի, իսկ վերադարձից հետո նախապատրաստվում է երկրի գավաթի խաղարկությանը:
Ղասաբօղլյանն ArmSport-ի հետ զրույցում կիսվում է, որ ակումբի ղեկավարության կողմից Պրեմիեր Լիգա դուրս գալու նպատակ չի դրվել, թիմը համալրված է Ղազախստանի տարբեր տարիքային հավաքականների ներկայացուցիչներով և ակումբի նպատակը տեղի երիտասարդ ֆուտբոլիստներով որքան հնարավոր է հաջող հանդես գալն է։
«Իմ ամբողջ ուշադրությունը ներկա պահին ուղղված է իմ ակումբին։ Իմ նպատակն է զարգանալ, շարժվել առաջ որպես մարզիչ։ Պետք է անընդհատ սովորել, ինքնակատարելագործվել։ Ես 4 տարվա հստակ քայլերով հասա այն բանին, որ ներկա պահին պրոֆեսիոնալ ակումբ եմ ղեկավարում»,- ասում է Լևոն Ղասաբօղլյանը։
Վար Բաբայան
Շարքի նախորդ մասերը
Երևանը կհյուրընկալի լողափնյա վոլեյբոլի օլիմպիական վարկանիշային մրցաշար
Երազանքներն իրականանում են․ Մարտունիի Կիլիկիան մասնակցում է Հայաստանի մանկապատանեկան առաջնությանը
Դեպի Ղազախստան՝ Եվրոպայի բացարձակ արդյունքը կրկնելու ակնկալիքով…