«Նոայի» գործադիր տնօրեն Արթուր Սահակյանը հաստատել է՝ հեռանում է զբաղեցրած պաշտոնից։ Պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել նաև «Նոան»։ Սահակյանը ֆեյսբուքի իր էջում կատարած գրառմամբ անդրադարձել է ակումբում անցկացրած ժամանակին․
«Եկել է ժամանակը, որ լքեմ իմ հարազատ ակումբը, որի հիմնադիրներից մեկն եմ։
«Նոա» ֆուտբոլային ակումբը ինձ տվեց կյանքի նոր ճանապարհ, մարտահրավերներ, որի ընթացքում եղան և՜ մեծ հաջողություններ և՜ դժվար օրեր, սակայն միշտ պատվով հաղթահարել ենք։ Կարճատև պատմություն ունեցող ակումբի ղեկին դարձել եմ Հայաստանի Գավաթակիր, սուպերգավաթակիր, կրկնակի փոխչեմպիոն, կնքել էքսկլյուզիվ համագործակցության պայմանագիր իսպանական Վիլլառեալ ակումբի հետ։
Այս տարիների ընթացքում կուտակել եմ մեծ փորձ, հմտացել աշխատանքիս մեջ ՝ ի շնորհիվ ակումբի։
«Նոա» անունն իմ շնորհիվ հնչել է եվրոպական գրանդ ակումբներում և համաշխարհային ֆուտբոլային միջավայրերում, փորձել եմ ցանկացած տեղ բարձր պահել ակումբի անունն ու տարածել մեր համագործակցությունների շրջանակները։
Շնորհակալ եմ ակումբի բոլոր նախագահներին ՝ Սևան Ասլանյանին , Կարեն Աբրահամյանին, Ռոման Գևորկյանին և Վարդգես Վարդանյանին ,իմ սիրելի և տարիների ընթացքում գրեթե անփոփոխ անձնակազմին, թիմում հանդես եկած հարյուրավոր ֆուտբոլիստներին, տասնյակ մարզիչներին, բոլոր երկրպագուներին և բոլոր գործընկերներին։
Հեռանում եմ ոչ լիակատար զգացումով , քանի որ չհասցրի ակումբի հետ ճաշակել չեմպիոնական բերկրանքը: Սակայն առջևում նոր մարտահրավերներն են, որոնք դեռ շատ առիթներ կտան հիշելու անցած ճանապարհն ու նորանոր հաջողությունները:
Ինչպես ֆուտբոլիստներս են նշում ՝
«միստեր Նոան» հեռանում է «Նոա»-ից»։