Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Վինիսիուս Ժունիորը վերադարձել է ընդհանուր խմբում մարզումներին։ Մինչ այս ֆուտբոլիստն անցնում էր վնասվածքից ապաքինվելու գործընթաց։ Այս մասին հայտնում է Marca-ն։
Հաղորդվում է, որ այսօր՝ սեպտեմբերի 22-ին, Վինիսիուսին տեսել են թիմի մնացած անդամների հետ մարզվելիս: Նա մարզման առաջին հատվածն անցկացրել է ընդհանուր խմբում, սակայն գործնական հանդիպմանը չի մասնակցել։ Ընդգծվում է, որ Վինիսիուսը հնարավորություն ունի ընդգրկվել Մադրիդի «Ատլետիկոյի» հետ խաղի հայտացուցակում, որը կկայանա կիրակի օրը՝ սեպտեմբերի 24-ին։ Սակայն դժվար թե նա նույնիսկ մեկ րոպեով խաղադաշտ դուրս գա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ Վինիսիուսն արդեն սկսել է մարզվել, սակայն անհատական ծրագրով։