Իտալական Ա Սերիայի 4-րդ տուրում «Ռոման» սեփական հարկի տակ ընդունել է «Էմպոլիին» և 7 անպատասխան գնդակ է ուղարկել մրցակցի դարպասը։
Հանդիպման հաշիվը խաղի արդեն 2-րդ րոպեին բացել է տանտերերի արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան՝ անվրեպ իրացնելով նշանակված 11-մետրանոցը։ 6 րոպե անց Ռենատու Սանչեշը կրկնապատկել է իր թիմի առավելությունը, իսկ մինչև ընդմիջում հյուրերի կազմում Ալբերտո Գրասին գնդակն ուղարկել է սեփական դարպասը՝ 3-0։
Հռոմեացիները ևս 4 գոլ հեղինակել են երկրորդ խաղակեսում։ Նախ՝ 55-րդ րոպեին, Դիբալան դուբլ է ձևակերպել, ապա 79-րդ րոպեին Բրայան Քրիստանտեն է աչքի ընկել խփած գնդակով։ 3 րոպե անց իր հռոմեական թիմի կազմում իր գոլերի հաշիվը բացել է նաև բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն, ևս 4 րոպե անց հանդիպման վերջակետը դրել է Ջանլուկա Մանչինին։
Հատկանշական է՝ «Ռոմայի» համար սա առաջին հաղթանակն էր Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում։ Թիմը բարձրացել է մրցաշարային աղյուսակի 12-րդ հորիզոնականը՝ իր միավորների թիվը հասցնելով 4-ի։։ «Էմպոլին» դեռ միավորներ չունի և գտնվում է մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականում: