Ավարտվել է Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 6-րդ տուրի հանդիպումը, որում «Ալ-Հիլալը» սեփական հարկի տակ ընդունել էր «Ռիադին»։ Հանդիպումն ավարտվել է տանտերերի հաղթանակով՝ ջախջախիչ 6։1 հաշվով։ «Ալ-Հիլալի» բրազիլացի հարձակվող Նեյմարը, որն իր նորամուտն է նշել Սաուդյան Արաբիայի առաջնությունում, գոլային փոխանցում է կատարել։
Հանդիպման հաշիվը 30-րդ րոպեին բացել է Ալեքսանդր Միտրովիչը։ Առաջին խաղակեսի վերջնամասում տանտերերի առավելությունը կրկնապատկել է Յասեր Ալ-Շահրանին։ 68-րդ րոպեին Նասեր Ալ-Դավսարին Մալկոմի փոխանցումից հետո հաշիվը ջախջախիչ է դարձրել, իսկ 83-րդ րոպեին «Զենիթի» նախկին խաղացողն ինքն է գոլ խփել՝ դարպասը գրավելով երկրորդ խաղակեսի միջնամասում փոխարինման մտած Նեյմարի փոխանցումից հետո։ Չորս րոպե անց Սալեմ Ալ-Դավսարին դուբլ է ձևակերպել, ապա 90+5-րդ րոպեին դարձել է հեթ-տրիկի հեղինակ, ինչից հետո միայն հյուրերը կարողացել են մեկ գնդակ ետ բերել։
Այսօր ավելի վաղ կայացել են 6-րդ տուրի ևս երկու հանդիպում՝ «Ալ-Ֆեյխան» սեփական հարկի տակ նվազագույն՝ 0։1 հաշվով պարտվել է «Ալ-Շաբաբին», իսկ «Ալ- Ֆաթեհը» արտագնա խաղում հաղթել է «Ալ-Խալեջին» (3։1)։
«Ալ-Հիլալը» պահպանել է առաջատարի դիրքը առաջնությունում՝ վեց խաղում վաստակելով 16 միավոր։ Մրցաշարային աղյուսակում երկրորդ տեղում է «Ալ-Իթթիհադը» (15):