Ջոն Թերին վճարովի ընթրիքներ է կազմակերպում երկրպագուների հետ:
Ինչպես հայտնում է The Telegraph-ը, Թերիի առաջին հանդիպումը երկրպագուների հետ տեղի է ունեցել անցած ուրբաթ Բեյսինգսթոքում։ Նախատեսվում է ընդհանուր առմամբ չորս հանդիպում՝ հաջորդ ուրբաթ «Չելսիի» նախկին պաշտպանը երկրպագուների հետ կհանդիպի Բիրմինգհեմում, հոկտեմբերին՝ Բորնմութում, իսկ նոյեմբերին հանդիպում կլինի Լոնդոնում։
Բիրմինգհեմում հանդիպման նվազագույն մուտքի գինը 25 ֆունտ է, ընդ որում Թերիին մեկ ինքնագրի համար վճարվում է լրացուցիչ 100 ֆունտ: 150 ֆունտ ստեռլինգ պլատինե փաթեթը ներառում է առաջին շարքի նստատեղեր և խմբային լուսանկար (ինքնագիրը ներառված չէ):
5000 ֆունտով կարող եք ձեռք բերել «հովանավորական փաթեթ»՝ ընթրիք Թերիի հետ 10 հոգու համար, որոնցից յուրաքանչյուրը կարող է ստանալ մեկական ինքնագիր և համատեղ լուսանկար: Նշվում է, որ միջոցառման հյուրերը պետք է իրենց հետ վերցնեն ինքնագրի համար նախատեսված պարագաներ։
Լոնդոնում հիմնական մուտքի տոմսը կարժենա 30 ֆունտ, իսկ ոսկե փաթեթը՝ 110 ֆունտ:
Ջոն Թերիի մասնակցությամբ միջոցառումները կազմակերպվում են Knock Out Memorabilia & Events-ի կողմից: Սակայն տեղեկություններ այն մասին, թե ուր են ուղղվելու ստացված միջոցները, չեն հաղորդվում։