Տրանսֆերային պատուհանը եվրոպական առաջատար առաջնություններում արդեն փակվել է, մյուս լիգաներում այն ևս մոտ է ավարտին, այնպես որ, արդեն իսկ կարող ենք ամփոփել այս արդեն պատմական դարձած պատուհանը։
Ինչո՞ւ պատմական․․․ Որովհետև այս ամառային տրանսֆերային պատուհանը ռեկորդային է ֆուտբոլի պատմության մեջ։ Նախկինում ծախսերի առումով ռեկորդային էր 2019 թվականի ամառային տրանսֆերային պատուհանը։ Այն ժամանակ աշխարհի բոլոր ակումբները 7,568 միլիարդ եվրո են ծախսել նոր խաղացողներ ձեռք բերելու համար։ Իսկ 2023 թվականի ամռանը նոր տրանսֆերների համար արդեն ծախսվել է մոտ 8 միլիարդ եվրո։
Նոր ռեկորդ սահմանելու վրա ազդել են ինչպես Սաուդյան Արաբիայի ակումբների գործարքները, որոնք ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում արդեն ծախսել են մոտ 900 միլիոն եվրո, այնպես էլ ավելացրել են իրենց ծախսերը Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբները։ Նրանք ծախսել են մոտ 2,8 միլիարդ եվրո՝ շուրջ 1 միլիարդ եվրոյով ավելի, քան 2019 թվականին․․․
Իսկ հիմա ավելի մանրամասն այս ամենի մասին։ Միայն ամենաշատ ծախսած 10 լիգաների ընդհանուր ծախսերը գնահատվում է 7,4 մլրդ եվրո (այստեղ և հետագայում բոլոր թվերը՝ ըստ Transfermarkt-ի)։
💰 2023/2024 ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ամենաշատ ծախսած լիգաները.
1. Անգլիայի Պրեմիեր լիգա — 2,811 միլիարդ եվրո;
2. Ֆրանսիական Լիգա 1 — 898 մլն եվրո;
3. Սաուդյան Պրոֆեսիոնալ լիգա — 896 մլն եվրո
4. Իտալական Սերիա Ա – 852 մլն եվրո;
5. Գերմանական Բունդեսլիգա — 748 մլն եվրո;
6. Իսպանական Լա Լիգա — 440 մլն եվրո;
7. Նիդեռլանդական Էրեդիվիզի — 228 մլն վրո;
8. Անգլիայի Չեմպիոնշիփ — 212 մլն եվրո;
9. Պորտուգալական Պրիմերա — 190 մլն եվրո;
10. Բելգիայի լիգա — €152 մլն եվրո
Նայեք դիագրամին և կտեսնեք, թե որքան ահռելի է ԱՊԼ-ի առավելությունն այս առումով մյուս լիգաների նկատմամբ։ Լավագույն եռյակում են Լիգա 1-ը և այս ամառ տրանսֆերային շուկան հեղաշրջած Սաուդյան Արաբիայի լիգան։ Երկու լիգաներն էլ ծախսել են մոտ 900 մլն եվրո։ Հաշվի առնելով այն փաստը, որ Սաուդյան Արաբիայում դեռ տրանսֆերային պատուհանը բաց է մինչև սեպտեմբերի 7-ը, ապա այստեղ կարող են լինել որոշակի փոփոխություններ։ Ըստ այդմ, ամենայն հավանականությամբ, Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգան կշրջանցի Լիգա 1-ին այս ցանկում։

⚽ Ակումբների ծախսերը
Ինչ վերաբերում է ակումբներին, ապա ամենաշատ ծախսած ակումբն այս ամառ․․․ այո, «Չելսին» է, ինչպես և նախորդ երկու պատուհանների ընթացքում։ Ընդհանրապես, այս ցուցանիշով առաջատար տասնյակում 6 անգլիական ակումբ է, երեք ակումբ Սաուդյան Արաբիայից, և մեկ ֆրանսիական (իհարկե` դա ՊՍԺ-ն է)։
1․ «Չելսի» — 464,1 մլն եվրո
2․ «Ալ Հիլալ» — 353,1 մլն եվրո
3․ ՊՍԺ — 349,5 մլն եվրո
4․ «Տոտենհեմ» — 248,6 մլն եվրո
5․ «Մանչեսթեր Սիթի» — 241,1 մլն եվրո
6․ «Արսենալ» -234,9 մլն եվրո
7․ «Մանչեսթեր Յունայթեդ» — 206,7 մլն եվրո
8․ «Ալ Ահլի» — 194,1 մլն եվրո
9․ «Լիվերպուլ» — 172 մլն եվրո
10․ «Ալ Նասր» — 161,1 մլն եվրո
Իսկ գիտե՞ք՝ որ ակումբն է ամենաշատը վաստակել տրանսֆերային շուկայում․․․ այստեղ առաջատարը նորից «Չելսին» է։ Այս ամառ անգլիական ակումբը ոչ միայն ծախսում էր, այլ նաև վաճառում, այդ թվում ֆուտբոլիստների, որոնց ձեռք էր բերել հենց նախորդ պատուհանների ընթացքում։
Տրանսֆերային շուկայում ամենից շատ վաստակած ակումբները․
1․ «Չելսի» — 267 մլն եվրո
2․ «Լայպցիգ» — 240,7 մլն եվրո
3․ «Բրայթոն» — 190,2 մլն եվրո
4․ «Սաութհեմփթոն» — 178,3 մլն եվրո
5․ «Բավարիա» — 173,25 մլն եվրո
6․ «Վուլվերհեմփթոն» -167,7 մլն եվրո
7-8․ «Վեսթ Հեմ» — 156,4 մլն եվրո
7-8․ «Այաքս» — 156,4 մլն եվրո
9․ «Ատալանտա» — 155,5 մլն եվրո
10․ ՊՍԺ — 149 մլն եվրո
Եթե հաշվի առնենք ակումբների ֆինանսական դրական բալանսը (ավելի շատ վաստակել են, քան ծախսել), ապա առաջատարն այս ցուցանիշով «Սաութհեմփթոնն» է՝ 156,8 մլն եվրո, որին հաջորդում է «Բարսելոնան»՝ ավելի քան 100 մլն եվրո։ Լավագույն հնգյակում են նաև «Վիլյառեալը» (97 մլն եվրո), «Բրայթոնը» (89 մլն եվրո) և «Լայպցիգը» (88,2 մլն եվրո)։
Այստեղ, սաուդյան ակումբների միջամտությամբ, ևս կարող են լինել փոփոխություններ։ Օրինակ, ԶԼՄ-ներում դեռ շարունակվում է շրջանառվել Սալահի տեղափոխությունն այդ լիգա, այլ թանկարժեք տրանսֆերներ ևս կարող են լինել։ Այնպես որ, միայն մեկ տրանսֆերի դեպքում, օրինակ՝ վերցնենք հենց Սալահի հավանական տրանսֆերը, որը գնահատվում է մոտ 200 մլն եվրո (ըստ մամուլի), «Լիվերպուլը» կարող է դառնալ ամենաշատ վաստակած ակումբն այս պատուհանի ընթացքում։ Սա ընդամենը օրինակ է, թե ինչպես մեկ տրանսֆերը կարող է ազդել ակումբների՝ այս կամ այն ցանկում դասավորվածության վրա։

⚽ ԱՊԼ
Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբները ռեկորդ են սահմանել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ծախսերի առումով՝ 2,8 մլրդ եվրո։ Լիգան սահմանել է մեկ տրանսֆերային պատուհանում ծախսերի նոր ռեկորդ՝ գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը մոտ կես միլիարդ եվրոյով։
Տրանսֆերային պատուհանի վերջին օրը ակումբները ծախսել են 255 մլն ֆունտ ստերլինգ, ինչը կրկնակի գերազանցում է նախորդ տարվա 120 մլն ֆունտ ստերլինգի ցուցանիշը: 2023/24 մրցաշրջանն արդեն դարձել է Պրեմիեր լիգայի պատմության մեջ առաջինը տրանսֆերային ծախսերով, թեև ձմեռային տրանսֆերային պատուհանը դեռ առջևում է։ Պրեմիեր լիգայի ակումբները նախորդ մրցաշրջանի ընթացքում ծախսել են 2,73 միլիարդ ֆունտ ստերլինգ (ամառային և ձմեռային տրանսֆերային պատուհանների ընթացքում):
Եթե վերցնենք միայն եվրոպական թոփ լիգաները, ԱՊԼ-ի ակումբների ծախսերը կազմել են թոփ 5 առաջնությունների ընդհանուր ծախսերի մոտ կեսը։
Անգլիական 11 ակումբ այս ամառ համաշխարհային ֆուտբոլում ամենաշատ ծախսած ակումբների թոփ-20-ում է։ Այդ ակումբների շարքում է նույնիսկ ԱՊԼ-ի նորեկ «Բարնլին», որը ծախսել է 111 մլն եվրո։
ԱՊԼ-ի ակումբների կողմից ձևակերպված ամենաթանկարժեք տրանսֆերները․
Դեկլան Ռայս — 116 մլն եվրո («Վեսթ Հեմից»՝ «Արսենալ»)
Մոյսես Կայսեդո — 116 մլն եվրո («Բրայթոնից»՝ «Չելսի»)
Յոշկո Գվարդիոլ — 90 մլն եվրո («Լայպցիգից»՝ «Մանչեսթեր Սիթի»)
Ռասմուս Հոյլունդ — 75 մլն եվրո («Ատալանտայից»՝ «Մանչեսթեր Յունայթեդ»)
Կայ Հավերց — 75 մլն եվրո («Չելսիից»՝ «Արսենալ»)

⚽ Լա լիգա
«Բարսելոնան» նախավերջինն է Լա Լիգայի ակումբների շրջանում այս ամառ տրանսֆերային շուկայում կատարած ծախսերով: Իսպանական ակումբների ծախսերի վարկանիշային աղյուսակում «Բարսելոնայից» ցածր է միայն Բիլբաոյի «Ատլետիկը», որն ընդհանրապես չի ծախսել այս ամառ: Կատալոնացիները ծախսել են 3,4 միլիոն եվրո. այդքան է «Ժիրոնային» վճարել ակումբն Օրիոլ Ռոմեուի տեղափոխության համար: Բայց արդարության համար նշենք, որ կատալոնական ակումբը հիմնականում վարձակալական պայմանագրեր է կնքել կամ ձեռք է բերել ազատ գործակալի կարգավիճակում գտնվող ֆուտբոլիստներ, այնպես որ, թիմը համենայն դեպս ուժեղացրել է կազմն այս ամառ։
Լա Լիգայում ծախսերով առաջատարը Մադրիդի «Ռեալն» է, որը գրեթե 130 միլիոն եվրո է ծախսել Ջուդ Բելինգհեմի, Խոսելուի և Ֆրան Գարսիայի տրանսֆերների համար։ Դա Լա լիգայի ընդհանուր ծախսերի 1/4-ից ավել է։ Երկրորդ տեղը զբաղեցրել է «Ալմերիան» (52 մլն եվրո), երրորդը՝ Մադրիդի «Ատլետիկոն» (33,7 մլն եվրո):
Այս պահի դրությամբ Բելինգհեմի տրանսֆերը մադրիդյան ակումբ լավագույններից մեկն է այս ամառ․ ֆուտբոլիստը միանգամից դարձել է թիմի առաջատարներից մեկն այս մրցաշրջանում և անցկացրած մեկնարկային 4 խաղում դարձել է 5 գոլի հեղինակ՝ գլխավորելով Լա լիգայի ռմբարկուների մրցավազքը։
Ի դեպ, Արսեն Զախարյանի տեղափոխությունը «Ռեալ Սոսյեդադ» հայտնվել է Լա Լիգայի՝ այս ամռան թոփ 5 տրանսֆերների ցանկում։ Բասկերը ֆուտբոլիստի համար վճարել են 13 միլիոն եվրո։ Առաջատարը կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի տրանսֆերն է (103 միլիոն ֆունտ), լավագույն հնգյակում են նաև Անտուան Գրիզմանը («Ատլետիկոն» հարձակվողի ամբողջական տրանսֆերը գնել է «Բարսելոնայից» 20 միլիոնով), Արդա Գյուլերը («Ռեալ», 20 մլն) և Սեզար Մոնտեսը («Ալմերիան» պաշտպանին գնել է «Էսպանյոլից» 14 միլիոնով)։

Ա Սերիա
Ա Սերիայի ակումբներն այս ամառ աչքի չընկան գերթանկարժեք տրանսֆերներով, միայն «Միլանն» ու «Նապոլին» են հատել 100 մլն եվրոյի սահմանագիծը ծախսերի առումով։
Ամենաշատ ծախսեր կատարած ակումբները Ա Սերիայում․
«Միլան» — 112,5 մլն եվրո
«Նապոլի» — 104 մլն եվրո
«Յուվենտուս» — 79, 6 մլն եվրո
«Ատալանտա» — 68,5 մլն եվրո
«Ինտեր» — 63,25 մլն եվրո
Դիագրամից պարզ երևում է, որ 5 ակումբ ծախսել է գրեթե նույնքան, որքան առաջնության 15 ակումբները միասին։ Բայց չկա նաև որևէ դոմինանտ ակումբ այդ առումով։
Շատ են ազատ գործակալի կարգավիճակով ֆուտբոլիտների հետ պայմանագրերի ձևակերպումները, նույնքան շատ են նաև վարձակալական պայմանագրերը։ Տրանսֆերային շուկայում ակտիվ էին գրեթե բոլոր ակումբները, բացառությամբ «Յուվենտուսի»։
Ինչ վերաբերում է «Յուվենտուսին», թիմն ընդամենը մեկ նորեկ ունի՝ Թիմոտի Վեան, որի տրանսֆերի համար «Լիլին» վճարել է 11,3 մլն եվրո։ Հիմա կհարցնեք, բա որտեղի՞ց 79,6-ը․․․ Թուրինյան ակումբը այդ գումարի մեծ մասը ծախսել է Մոյսե Քինի, Մանուել Լոկատելիի և Արկադիուշ Միլիկի ամբողջական տրանսֆերները գնելու համար։ Այդ եռյակը մինչ այս ամառ վարձավճարով էր հանդես գալիս «Յուվենտուսի» կազմում։ Հետաքրքիր է ստացվում, Ալեգրիի թիմը ավելի շատ է ծախսում, քան «Ինտերը», բայց ընդամենը մեկ նորեկ ունի (Ֆակունդո Գոնսալեսի տրանսֆերը չհաշված, որը հավանաբար մրցաշրջանը կանցկացնի երկրորդ թիմում)։
«Ինտերը» և «Միլանը» կորցրեցին մի շարք առանցքային ֆուտբոլիստների, բայց աչքի ընկան նաև որակյալ սելեկցիայով։ Թիմերի կազմերը փոփոխության են ենթարկվել, բայց որակական առումով չեմ կարծում այն փոխվի դեպի վատը, այլ հակառակը՝ թիմերը հավանաբար է՛լ ավելի ուժեղ են դարձել։ «Ռոման», «Լացիոն», «Ատալանտան», «Ֆիորենտինան» և «Բոլոնիան» ևս զգալի փոփոխություններ են արել կազմում։ Եթե կարճ՝ այս տարի վերը նշված բոլոր թիմերը եթե ոչ կիսով չափ, ապա զգալիորեն փոխել են կազմերը (խոսքը հիմնական կազմի մասին է, ոչ՝ ամբողջ հայտացուցակի)։ «Նապոլին» առանցքային ֆուտբոլիստներից կորցրեց միայն Կիմին, ևս մեկ-երկու ֆուտբոլիստ, բայց ոչ հիմնական կազմի, հեռացան թիմից։ Բայց թիմի կորիզը պահպանվել է, կան նաև հետաքրքիր նորեկներ՝ ի դեմս Լինդստրյոմի։
Այնպես որ, Ա Սերիայում այս տարի մենք կտեսնենք բավականին շատ նոր ֆուտբոլիստներ, հետաքրքիր կլինի հետևել, թե մրցաշրջանի վերջում այդ տրանսֆերներից որը կհամարենք հաջողված, որը՝ ոչ։
Ա Սերիայի ակումբների կողմից ձևակերպված ամենաթանկարժեք տրանսֆերները․
Բենջամին Պավար — 30 մլն եվրո («Բավարիայից»՝ «Ինտեր»)
Յեսպեր Լինդստրյոմ — 30 մլն եվրո («Այնտրախտից»՝ «Նապոլի»)
Մանուել Լոկատելի, Մոյսե Քին — 30-ական մլն եվրո («Յուվենտուսը» գնել է ամբողջական տրանսֆերը)
Էլի Բիլալ Տուրե — 28 մլն եվրո («Ալմերիայից»՝ «Ատալանտա»)
⚽ Բունդեսլիգա
«Բավարիան» այս ամառ իր համար ռեկորդային «շոփինգ» կատարեց․ մյունխենյան գրանդը 150 մլն եվրո է ծախսել երկու ֆուտբոլիստի՝ Հարի Քեյնի («Տոտենհեմ») ու Կիմ Մին Ջեի («Նապոլի») տրանսֆերների համար։ Անգլիացի հարձակվողի տրանսֆերն ընդհանրապես ամենաթանկարժեքներից էր այս ամառ տրանսֆերային շուկայում և ամենաթանկարժեքը Բունդեսլիգայում՝ 100 մլն եվրո։
«Լայպցիգը» ևս ակտիվ էր տրանսֆերային շուկայում՝ ծախսելով գրեթե նույնքան, որքան «Բավարիան»։ Բայց, ի տարբերություն Թոմաս Տուխելի թիմի, այս գումարը ծախսվել է 7 ֆուտբոլիստի տրանսֆերի համար, ոչ թե՝ երկու։
Ամենաշատ ծախսեր կատարած ակումբները Բունդեսլիգայում․
«Բավարիա» — 155 մլն եվրո
«Լայպցիգ» — 152 մլն եվրո
«Բայեր» — 81 մլն եվրո
«Վոլֆսբուրգ» — 72,5 մլն եվրո
«Բորուսիա Դ» — 62 մլն եվրո
Բունդեսլիգայում կոնկրետ մեկ կամ երկու ակումբի ծախսերը չեն կազմում ամբողջ լիգայի ծախսերի զգալի մասը, ինչպես, օրինակ, Ֆրանսիայում, որի մասին կխոսենք մի քիչ ուշ։ Բայց եթե այդ ցուցանիշով առաջատար 5 ակումբների ծախսերը միավորենք, ապա դա կկազմի 522 մլն եվրո, ինչը կազմում է բոլոր 18 ակումբների ծախսերի (748 մլն եվրո) 70 տոկոսը։
Առանձին նշենք նաև Հրանտ Լեոն-Ռանոսի տրանսֆերը, ով ազատ գործակալի կարգավիճակով «Բավարիայից» տեղափոխվեց Մյոնխենգլադբախի «Բորուսիա»։ Այժմ Բունդեսլիգայում մենք արդեն ունենք Հայաստանի հավաքականի երկու ներկայացուցիչ՝ Հրանտ Լեոն-Ռանոսն ու Սարգիս Ադամյանը («Քյոլն»)։

Լիգա 1
Լիգա 1-ի ակումբներն այս ամառ ԱՊԼ-ի ներկայացուցիչներից հետո ամենաշատն են ծախսել թոփ 5 լիգաներում։ Եվ առաջին հերթին դա ՊՍԺ-ի շնորհիվ է, որը, կարելի է ասել, մի ամբողջ նոր թիմ է հավաքել երկու ամսվա ընթացքում։ 10-ից ավելի նորեկ, որոնց համար Էնրիկեի թիմը վճարել է մոտ 350 մլն եվրո։ Այդ ցուցանիշով ֆրանսիական ակումբը երրորդն է աշխարհում։ Իսկ ինչ վերաբերում է ներքին առաջնությանը, ապա ի տարբերություն մյուս լիգաների, այստեղ ՊՍԺ-ի չափաբաժինը պարզապես ահռելի է։ Միայն փարիզյան ակումբը կատարել է Լիգա 1-ի ամբողջ ծախսերի 1/3-ից ավելին։
Բայց ՊՍԺ-ն ազատվել է նաև մի շարք ֆուտբոլիստներից՝ վաստակելով 150 մլն եվրո, ու այդ գումարի մեծ մասը փարիզեցիները ստացել են միայն Նեյմարի վաճառքից։
Ամենաշատ ծախսեր կատարած ակումբները Լիգա 1-ում․
ՊՍԺ- 350 մլն եվրո
«Մոնակո» — 83 մլն եվրո
«Մարսել» — 72 մլն եվրո
«Լանս» — 64 մլն եվրո
«Ռեն» — 58 մլն եվրո
«Ստրասբուր» — 56 մլն եվրո
«Ռեյմս» — 49 մլն եվրո
«Նիցա» — 43 մլն եվրո
Մյուս ակումբները — 123 մլն եվրո
8 ակումբի բաժին է ընկնում լիգայի ամբողջ ծախսերի մեծ մասը․ այս ակումբները միասին ծախսել են 775 մլն եվրո, իսկ մնացած 10 ակումբները՝ 123 մլն եվրո։ Միայն ՊՍԺ-ն, «Մոնակոն» և «Մարսելը» միասին ծախսել են ավելի շատ, քան մյուս 15 ակումբները։
Ամենթանկարժեք տրանսֆերը Լիգա 1-ում, դա Ռանդալ Կոլո Մուանիի տեղափոխությունն է «Այնտրախտից» ՊՍԺ՝ 95 մլն եվրո։

⚽ Սաուդյան Արաբիա
Երբ Կրիշտիանու Ռոնալդուն ասում էր, որ Սաուդյան Արաբիայի առաջնությունը շուտով կարող է հավասարազոր դառնալ եվրոպական թոփ լիգաներին, շատերը, հավանաբար, թերհավատորեն էին վերաբերվում այս խոսքերին (անկեղծ ասած՝ ես էլ)։ Դժվար է ասել, որ այն դարձել է հավասարազոր, բայց առաջնության ակուբների վարած քաղաքականությունն անկեղծ ասած անսպասելի էր։
Այո, կարելի էր սպասել, որ այս լիգան կհամալրվի մի շարք հայտնի, կարիերայի մայրամուտին մոտ գտնվող ֆուտբոլիստներով։ Բայց այս մասշտաբո՞վ․․․ Սաուդյան ակումբների տրանսֆերային ծախսերը մոտենում են միլիարդ եվրոյին։ Թոփ լիգաների մեծ մասը այդքան գումար երբեք չեն ծախսել, իսկ մենք խոսում ենք ոչ եվրոպական առաջնության մասին։ Հիմա չենք պատմի՝ ոնց, ինչու, ինչ նպատակով և այլն․․․ այդ ամենին կփորձենք շուտով անդրադառնալ առանձին նյութով։ Իսկ հիմա միայն չոր թվերի ու տրանսֆերների մասին։
Արդեն նշել ենք, որ տեղի ակումբները ծախսել են մոտ 900 մլն եվրո նորեկների համար։ Բայց այդ գումարի գերակշիռ մասը կազմում են տեղի 4 գրանդների ծախսերը (788 մլն եվրո)․
«Ալ Հիլալ» — 353 մլն եվրո (Նեյմար, Մալքոմ, Նևեշ, Միտրովիչ, Միլենկովիչ-Սավիչ, Բունու, Կուլիբալի)
«Ալ Ահլի» — 184 մլն եվրո (Գաբի Վեյգա, Մարեզ, Իբանյես, Սեն Մաքսիմեն, Մենդի, Կեսսիե և այլն)
«Ալ Նասր» — 165 մլն եվրո (Մանե, Օտավիո, Լապորտ, Ֆոֆանա, Բրոզովիչ և այլն)
«Ալ Իթիհադ» — 85,7 մլն եվրո (Բենզեմա, Կանտե՝ երկուսն էլ անվճար, Ֆաբինյո, Ժոտա)
Այս թիմերից յուրաքանչյուրը համալրվել է այնպիսի ֆուտբոլիստներով, որ նրանց օգնությամբ կարող էր պայքարել եվրոպական թոփ լիգաներում բարձր տեղերի համար։ Պատկերացրեք այսպիսի պայմանական խորհրդանշական հավաքական մրցաշրջանի վերջում՝ Բունու- Իբանյես, Կուլիբալի, Լապորտ — Կանտե, Միլենկովիչ Սավիչ, Մալքոմ- Բենզեմա, Միտրովիչ, Նեյմար և Ռոնալդու․․․ Տպավորեց, չէ՞․․․
Ու ոչ միայն այս քառյակն է համալրում կազմը հայտնի խաղացողներով։ «Ալ Ռիյադը» վարձակալել է Խուանմիին՝ «Բետիսից», «Ալ Շաբաբը» ձեռք է բերել Յանիկ Կարասկոյին՝ «Ատլետիկոյից» և Դիալոյին՝ «Ստրասբուրից», «Ալ Էտեֆակը»՝ Վեյնալդումին, Հենդերսոնին և այլն։
Այս տրանսֆերային պատուհանի արդյունքներով կարող ենք փաստել ևս մեկ բան․ այս լիգա չեն գնում միայն կարիերան շուտով ավարտող ֆուտբոլիստներ, այլ նաև՝ հեռանկարային խաղացողներ։ Վեյգայի, Նևեշի, Ժոտայի տրանսֆերներն էլ դրա վկայությունն են։ Ու ընդհանրապես, վերը նշված ֆուտբոլիստների մեծ մասը դեռ կարող էր բարձր մակարդակով հանդես գալ եվրոպական ասպարեզում․ Մանեն, Նեյմարը, Միլենկովիչ-Սավիչը կամ Կեսսիեն չէի՞ն կարող դեռ «տժցնել» Եվրոպայում․․․ Կարծում եմ՝ կարող էին․․․ Բայց ունենք այն, ինչ ունենք։ Սաուդյան Արաբիան նոր էջ է բացում ֆուտբոլային մատյանում, այնպես որ, մնում է հետևել, թե ուր կտանի այս ամենը․․․
Սաուդյան լիգան հայ երկրպագուների դիտակետում է ոչ միայն Ռոնալդուի․ Նեյմարի կամ Բենզեմայի շնորհիվ, այլ նաև Լուկաս Սելարայանի։ Հայաստանի հավաքականի հարձակվողը պայմանագիր է կնքել տեղի մասշտաբով ֆինանսապես համեստ «Ալ Ֆատեհի» հետ և արդեն իսկ դարձել է թիմի առանցքային խաղացողներից մեկը։
⚽ MLS և այլ լիգաներ
Ֆուտբոլային մոլորակը շրջապտույտ է կատարում ոչ միայն Եվրոպայի և Սաուդյան Արաբիայի շուրջ։ Կան նաև այլ բևեռներ ֆուտբոլային քարտեզում։ Եվ դրանցից մեկը MLS-ն է, որը դանդաղ, բայց վստահ քայլերով ամրապնդվում է ֆուտբոլային երկնակամարում։ Սոքքերը (ամերիկացիներն այդպես են անվանում ֆուտբոլը) գնալով է՛լ ավելի մասսայական է դառնում Հյուսիսային Ամերիկայում, տեղի առաջնությունն էլ շարունակում է առաջընթաց գրանցել։ Եվ այդ ամենում իրենց ներդրումն ունեն նաև հնչեղ տրանսֆերներն այս ամառ։ «Ինտեր Մայամին» այս ամառ պայմանագրեր կնքեց «Բարսելոնայում» ժամանակին խաղընկերներ հանդիսացող Լիոնել Մեսսիի, Սերխիո Բուսկետսի ու Ժորդի Ալբայի հետ։ Այս ամենը շատ մեծ նշանակություն ունի տեղի լիգայի համար և արդեն իսկ տալիս է իր արդյունքները․ Ֆլորիդան ներկայացնող թիմի հանդիպումները մեծ հետաքրքություն են առաջացնում ոչ միայն տեղի երկրպագուների, այլև մրցակից ակումբերի համակիրների շրջանում, այս ակումբի մասնակցությամբ խաղերի տոմսերը վաճառվում են ինչպես տաք կարկանդակ։ Հեռուստացույցով MLS-ի խաղերին միլիոնավոր երկրպագուներ են հետևում ամբողջ աշխարհից։ Եվ սա ընդամենը միայն մակերեսային առավելությունների մասին ենք խոսում։ Ու թվում է, որ MLS-ն այս ամենով չի սահմանափակվի, և շուտով այս լիգայում մենք կտեսնենք ևս մի քանի հայտնի ֆուտբոլիստների․․․
Ճապոնիայի առաջնությունն էլ ունի իր, այսպես ասած՝ աստղային դեմքը։ Օրերս Իսպանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Խուան Մատան պայմանագիր կնքեց «Վիսել Կոբեյի» հետ։ Իսկ թիմի նախկին աստղ՝ Անդրես Ինյեստան էլ տեղափոխվեց ԱՄԷ՝ «Էմիրեյթս» ակումբ։ Կատարի առաջնությունն էլ աշխատում է հետ չմնալ․ տեղի ակումբներն արդեն ավելի քան 100 մլն եվրոյի տրանսֆերներ են ձևակերպել, ճիշտ է, այն մասշտաբը չէ, ինչ հարևան Սաուդյան Արաբիայում, բայց այդ առումով մի շարք եվրոպական միջին կարգի առաջնություններից ավելի շատ է։
Եթե ամփոփենք այս տրանսֆերային պատուհանը, կասեմ՝ այն բացառիկ էր, ինչ-որ տեղ՝ հեղաշրջող։ Բոլորս սովորենք, որ թոփ ֆուտբոլը միայն թոփ-5 և մի քանի եվրոպական այլ բարձրակարգ առաջնություններում է, Չեմպիոնների լիգայում է։ Սովոր ենք այդ ամենին և այժմ ժամանակ կպահանջվի ֆուտբոլի երկրպագուներից, բոլորիցս, որպեսզի Սաուդյան Արաբիայի լիգան, MLS-ը կամ մեկ այլ ոչ եվրոպական լիգան դիտարկենք որպես Հին Աշխարհի ֆուտբոլին հավասարազոր, ինչը, իմ կարծիքով, ամենայն հարգանքով այդ «այլ» լիգաներին՝ դեռևս այդպես չէ։ Ժամանակը միայն ցույց կտա, թե ուր կտանի այս «ֆուտբոլային տրանսֆորմացիան», կշարունակենք մենք ունենալ միակենտրոն ֆոտբոլային մոլորակ, թե՞ ֆուտբոլային քարտեզում կհայտնվեն նոր, ուժեղ, հեռանկարային ֆուտբոլային բևեռներ․․․ Հետաքրքիր է՝ ֆուտբոլային աշխարհում նոր դարաշրջա՞ն է սկսվում․․․
Վար Բաբայան