Թոփ 5 լիգաներում 2023/24 մրցաշրջանն արդեն մեկնարկել է։ Այո, դեռ վաղ է մեկ-երկու հանդիպումների արդյունքներով խոսել թիմերի հավակնությունների կամ այս մրցաշրջանում հեռանկարների մասին, բայց որոշակի կարծիք, թեկուզ առաջնության մեկնարկային տուրերից և թիմերում կայացած փոփոխություններից հետո, արդեն կարող ենք կազմել։
Մարզչական փոփոխություններ, տրանսֆերներ, նոր տակտիկական սխեմաներ, հավակնոտ ծրագրեր և նոր մարտահրավերներ․․․ Դե ինչ, սկսեցինք․․․
🏆 «Մանչեսթեր Սիթին» նորի՞ց ֆավորիտ է․ թեժ մրցաշրջան է սպասվում
«Մանչեսթեր Սիթին» հիանալի անցկացրեց 2022/23 մրցաշրջանը․․․ Հիանալի՞․․․ չէ, պարզապես հրաշալի․ թիմը թրեբլ նվաճեց՝ դառնալով Չեմպիոնների լիգայի հաղթող, ԱՊԼ-ի չեմպիոն և Անգլիայի գավաթակիր։ Դա էլ դեռ քիչ չէր, վերջերս դարձավ նաև ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթակիր։ Եվ այստեղ հարց է առաջանում՝ կա՞ թիմի ֆուտբոլիստների մոտ մոտիվացիա նոր մրցաշրջանում։ Եվ այս հարցին կպատասխանեմ մեկ բառով, ավելի շուտ՝ անունով՝ Խոսեպ Գվարդիոլա։ Իսպանացի մասնագետը, վստահ եմ՝ կկարողանա նոր մոտիվացիա գտնել իր սաների համար, ինչպես միշտ կփորձի նոր գաղափարներ և փորձարկումներ իրագործել։ Ֆավորի՞տ է «Մանչեսթեր Սիթին» չեմպիոնական մրցավազքում․․․ Կարծում եմ՝ անխոս․․․
Թիմի կազմում կորուստներ կան․ հեռացան Գյունդողանը, Մարեզը, Լապորտը։ Մրցաշրջանի հենց մեկնարկում վնասվածք ստացավ թիմի առաջատարներից մեկը՝ դե Բրույնեն, ով հնարավոր է բացակայի մինչև ձմեռ։ Նորեկներ ևս կան․ այս ամառ մանչեսթերյան թիմի կազմը համալրեցին պաշտպան Յոշկո Գվարդիոլը, կիսապաշտպան Մատեո Կովաչիչը և հարձակվող Ժերեմի Դոկուն։ Առաջնության մեկնարկում հիանալի մարզավիճակում է Ֆիլ Ֆոդենը, որը կարծես թե իր վրա է փորձելու վերցնել Գվարդիոլայի նվագախմբի դիրիժորի դերը խաղադաշտում․․․ Համենայն դեպս, առաջնության մեկնարկում «Մանչեսթեր Սիթին» շատ վստահ տեսք ունի։ Մնում է պահպանել այս տեմպը, ինչը նոր մարտահրավեր կլինի Պեպի համար․․․
«Արսենալը» նախորդ մրցաշրջանի համեմատ ավելի ուժեղ է դարձել, պահեստայինների նստարանն ավելի երկար է դարձել և կարևորը՝ թիմն ավելի փորձառու է դարձել։
Արտետայի թիմը կլինի «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մրցակիցներից մեկը չեմպիոնական մրցավազքում, եթե ոչ ամենագլխավորը։ Ռայս, Տիմբեր, Հավերց․․․ թիմը լավ սելեկցիոն աշխատանք կատարեց այս ամառ, վերջապես ամրապնդեցին կիսապաշտպանությունը։ «Արսենալը» նաև վերադարձավ Չեմպիոնների լիգա, և հետաքրքիր կլինի հետևել, թե ինչպես թիմը կպայքարի, կբաշխի ուժերը երկու մրցաշարերում։
Երկու թիմեր, որոնք համարվում են լավագույն քառյակում հայտնվելու թեկնածու, ունեն որոշակի խնդիրներ այս պահին։ Ճիշտ է «Լիվերպուլն» առաջնության մեկնարկային երկու խաղերում վաստակել է 4 միավոր, բայց դա չի նշանակում, որ մերսիսայդյան թիմի մոտ ամեն ինչ կարգին է։ Ամբողջովին փոխվել է կիսապաշտպանությունը, ինչը ժամանակ կպահանջի ֆուտբոլիստների խաղակցվածության առումով։ Դեռ հարցական է՝ Սալահը կհեռանա՞ Սաուդյան Արաբիա, թե՝ ոչ։ Կենտրոնական պաշտպանի հարցը ևս բաց է մնում․ վնասվածքի դեպքում ո՞վ կարող է փոխարինել Կոնատեին կամ վան Դեյկին։ Շատ տրանսֆերային ծրագրեր ձախողեց Կլոպի ակումբը՝ հիմնականում՝ «Չելսիի» միջամտությամբ։ Վերջինս, ընդհանրապես, նորից շատ ակտիվ էր տրանսֆերային շուկայում, շատերից բաժանվեցին, նորեկներն էլ քիչ չեն։ Մարզիչը ևս նոր է․ Պոչետինոյին բարդ աշխատանք է սպասվում՝ երիտասարդ, բայց տաղանդավոր ֆուտբոլիստներից ձևավորել մրցունակ թիմ։ Դա երկար ժամանակ կպահանջի, հուսով ենք՝ Բոուլին և ակումբի մյուս ղեկավարներն ըմբռնումով կմոտենան այս հարցին և առաջնության կեսից հետո նորից մարզիչ չեն փոխի։
ՄՅՈՒ-ն ևս իդեալական վիճակում չի գտնվում։ Զգացվում է կենտրոնական հարձակվողի բացակայությունը․ ճիշտ է, նրանք ձեռք բերեցին դանիացի Հոյլունդին, բայց վերջինս վնասվաքի պատճառով բաց կթողնի որոշակի ժամանակահատված։ Կիսապաշտպանությունում էլ կան խնդիրներ, թիմին անհրաժեշտ է ևս մեկ կենտրոնական կիսապաշտպան։ Մաունթի տրանսֆերն էլ ամենատարօրինակներից է այս ամառ․ միգուցե տեն Հագն ինչ-որ նոր մտահղացումներ ունի, որոնք պարզ կդառնան առաջիկայում: Գումարած այս ամենին՝ Շոուն էլ վնասվածք է ստացել և կբացակայի մինչև նոյեմբեր։ Չեմպիոնական մրցավազքում մանկունիանցիներին այս պահին չեմ տեսնում, բայց որպես լավագույն քառյակում հայտնվելու թեկնածու՝ այո։ Մրցաշրջանը դեռ նոր է սկսվել, տրանսֆերային պատուհանի փակվելուն դեռ մեկ շաբաթ կա, այնպես որ, հնարավոր է ամեն ինչ (և դա վերաբերում է բոլոր թիմերին)։
«Նյուքասլը», ի տարբերություն վերը նշված եռյակի, կարծես թե լուրջ խնդիրներ չունի։ Առաջին տուրում թիմը ջախջախեց «Ասթոն Վիլային» 5-1 հաշվով, երկրորդ տուրում զիջեց չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին» (0-1): Թիմի կազմում կան համալրումներ, որոնցից կառանձնացնեի Տոնալիին և Բարնսին․ երկու ֆուտբոլիստներն էլ ուժեղացում են Հաուի թիմի համար։ Բայց կարո՞ղ է արդյոք «Նյուքասլը» կրկնել նախորդ առաջնության արդյունքը և նորից հայտնվել քառյակում։ Այս մրցաշրջանում թիմը երկար տարիներ անց նորից կխաղա ՉԼ-ում։ Հաուի համար, որը նման փորձ չի ունեցել իր կարիերայում, դժվար կլինի պայքարել միանգամից երկու ճակատով։ Նախորդ մրցաշրջանում հենց եվրագավաթների բացակայությունն ու մրցակիցների խնդիրները որոշ առումով օգնեցին «կաչաղակների» այդքան բարձր թռիչքին։ Բայց, կարծում եմ՝ «Նյուքասլին» կարելի է համարել ՉԼ-ի հաջորդ մրցաշրջանի ուղեգրի հավակնորդ։
Տպավորիչ տրանսֆերային արշավ իրականացրեց «Ասթոն Վիլան»։ Էմերիի թիմը համալրվեց թոփ ակումբների մակարդակի ֆուտբոլիստներով։ Այս թիմից ևս կարող ենք որոշակի հաջողություն ակնկալել նոր մրցաշրջանում։
Անակնկալների առումով կասեմ, որ մեծ սպասելիքներ ունեմ երեք թիմից՝ «Տոտենհեմից», «Բրայթոնից» և «Բրենտֆորդից»։ Այս եռյակից մեկը մեզ մեծ անակնակալ կարող է մատուցել ընթացիկ մրցաշրջանում։ «Տոտենհեմը» գլխավորեց Էնջ (Անգելոս) Պոստեկօղլուն, և հունական արմատներով ավստարալացի մասնագետն ամբողջովին կերպարանափոխել է լոնդոնյան թիմի խաղը։ Գերհարձակվողական ֆուտբոլ՝ առանց Քեյնի․․․ դա իսկապես տպավորիչ է։ Հիմա շատ չենք խոսի «Տոտենհեմի» մասին, այս թիմին կանդրադառնանք առանձին նյութով։ Նույնը վերաբերում է նաև «Բրայթոնին»։ Դիպլոմավորված ֆուտբոլիստի բենեֆիսներին և ընդհանրապես թիմի խաղին շատ-շատ հետաքրքիր է հետևել։ Ընդհանրապես, խորհուրդ կտամ հետևել այս երկու թիմերի խաղերին։ Նույնը կասեմ նաև «Բրենտֆորդի» մասին։ Այս մրցաշրջանում «մեղուները» դեռ հաճախ «կխայթեն» իրենց մրցակիցներին։ Ինչ-որ չափով այս մրցաշրջանում կարող է զարմացնել նաև «Վեսթ Հեմը»։
Առաջնության նորեկներից «Լութոնը» և «Շեֆիլդ Յունայթեդը» այդքան էլ չտպավորեցին՝ չնայած առաջինը բավականին համարձակ ֆուտբոլ է ցուցադրում։ Իսկ ահա Կոմպանիի «Բարնլին» կարող է ամրապնդվել ԱՊԼ-ում՝ ավելի շուտ իր առանցքային մրցակիցների անհաջողությունների ֆոնին․ խոսքն առաջին հերթին «Էվերտոնի» մասին է։ «Վուլվերհեմփթոնը» վատ ֆուտբոլ չի ցուցադրում, բայց, այս մրցաշրջանում չեմ բացառում, որ թիմը կպայքարի միայն տեղը պահպանելու համար։
Առաջնության գլխավոր ինտրիգները՝ կկարողանա՞ «Ման․Սիթին» կրկնել նախորդ մրցաշրջանի հաջողությունը, ո՞ր թիմերը կպայքարեն ՉԼ-ի ուղեգրի համար, ի՞նչ հաջողություններ կգրանցի նոր «Տոտենհեմը», կարո՞ղ է «Նյուքասլը» պայքարել երկու ճակատով, Էմերիի «Աստոն Վիլան» կխառնի՞ շատերի խաղաքարտերը, ի՞նչ անակնկալ կգրանցի «Բրայթոնը», ո՞ր թիմերը կպայքարեն էլիտայում տեղը պահպանելու համար․․․ այո՛, ԱՊԼ-ում հետաքրքիր իրադարձությունները շատ են լինելու։
Ռմբարկուական մրցավազքի մասին կասեմ, որ Հոլանդը, նամանավանդ Քեյնի հեռանալուց հետո, շարունակում է մնալ ֆավորիտը։ Եթե վնասվածքներ չլինեն, դժվար է պատկերացնել, թե ով կարող է պայքարել նորվեգացու հետ առաջնության ամենաարդյունավետ ֆուտբոլիստի կոչման համար։ Մյուս կողմից էլ, չեմ կարծում, որ «երիտասարդ վիկինգը» կկարողանա գերազանցել իր իսկ սահմանած ռեկորդը նախորդ մրցաշրջանում․ 36 գոլից ավել խփել ԱՊԼ-ում, դա շատ բարդ կլինի։ Բայց, չեք մոռացել չէ՞, որ վերևում խոսում էինք մոտիվացիայի մասին․ ի՞նչ վատ մոտիվացիա է՝ գերազանցել սեփական ցուցանիշը և նոր ռեկորդ սահմանել։ Գումարած, Հոլանդի անունն էլ արդեն դարձել է ռեկորդ բառի հոմանիշը․․․ Ո՞վ կարող է միանալ ռմբարկուական մրցավազքին․․․ այստեղ կարող ենք դիտարկել մի քանի թեկնածուների․ Սալահ (եթե նա մնա ԱՊԼ-ում), Ուիլսոն, Իսակ (Նյուքասլ), Ուոթկինս (Ասթոն Վիլա) և այլն։
🏆 Ինչ վերաբերում է Լա լիգային, իմ գործընկեր Ռոբերտ Գասպարյանը շատ հետաքրքիր նյութ է պատրաստել Լա լիգայի նոր մրցաշրջանի վերաբերյալ։ Այն կարող եք կարդալ այստեղ՝ «Դռները բացեք՝ Լա Լիգան է գալիս». Իսպանիայի առաջնության մեկնարկին ընդառաջ. ArmSport-ի անդրադարձը։
🏆 Առանց բացահայտ ֆավորիտի․ Ա Սերիա
Իսկ մեր դիտակետում հաջորդն Ա Սերիան է։ Այս նյութում շատ չեմ անդրադառնա իտալական թոփ ակումբներին առանձին․ դա մենք կանենք հետո, առանձին նյութերով։ Առաջնության ֆավորիտները, ըստ իս, չորսն են՝ «Ինտեր», «Միլան», «Յուվենտուս» և «Նապոլի»։ Այս քառյակից յուրաքանչյուրի հնարավությունը չեմպիոն դառնալու կարելի է գնահատել հավասար․ ամեն թիմն էլ ունի իր առավելությունն ու խնդիրները։ «Ինտերում» և «Միլանում» նորեկները շատ են։ Թիմերը, կազմի առումով, չէի ասի, որ թուլացել են, միգուցե նաև ավելի ուժեղ են դարձել, գումարած՝ կա որոշակի կայունություն խաղային առումով, կա հստակ ձեռագիր։ Չնայած Կիմի և Սպալետիի հեռանալուն՝ «Նապոլին» ևս մնում է ահեղ ուժ Ապենինյան թերակղզում։ Օսիմենն ու Կվարացխելիան, կարծում եմ, կշարունակեն նույն արդյունավետությամբ գործել, ինչ նախորդ մրցաշրջանում։ «Յուվենտուսի» առավելությո՞ւնը․․․ ի տարբերություն իր գլխավոր մրցակիցների՝ թիմը չի խաղալու եվրագավաթներում և ամբողջ ուշադրությունն ու ուժերը կկենտրոնացնի առաջնության խաղերի վրա։ Իսկ դա հիանալի պայման է Ալեգրիի համար։ Մնում է՝ թուրինյան թիմից նորից միավորներ չհանեն )))):
Եվրագավաթային տեղերի համար պայքարում ևս թղթի վրա ամեն ինչ պարզ է․ «Ռոմա», «Լացիո», «Ատալանտա», «Ֆիորենտինա»։ Իսկ ահա թե որ թիմերը անակնկալ կմատուցեն և կզարմացնեն մեզ այս մրցաշրջանում, դա, ըստ ամենայնի, կարող են լինել «Սալերնիտանան», «Լեչեն», «Վերոնան» կամ «Ջենոան»՝ չնայած վերջինիս ոչ տպավորիչ մեկնարկին։
Ֆավորիտը ռմբարկուական մրցավազքում կշարունակի մնալ Օսիմենը, իսկ նրա հետ, ամենայն հավանականությամբ, կմրցակցեն Լաուտարոն, Վլահովիչը, Ժիրուն, Իմոբիլեն, Բելոտին, չի բացառվում նաև նոր, անսպասելի անուն կտեսնենք այս ցանկում։
Մեզ համար, անշուշտ, այս մրցաշրջանի գլխավոր ինտրիգը մնում է՝ կդառնա՞ Մխիթարյանը թոփ լիգայի չեմպիոն, թե ոչ։ Իսկ առհասարակ այս առաջնության գլխավոր ինտրիգը հենց չեմպիոնական մրցավազքն է՝ առանց բացահայտ ֆավորիտի։
🏆 Ռանոսի ու Քեյնի դեբյուտը․ Բունդեսլիգա
«Բավարիան» նորից կդառնա չեմպիոն․․․ վերջ։
Լավ, դա կատակ էր, բայց այո, «Բավարիան» իսկապես մնում է գլխավոր ֆավորիտը Բունդեսլիգայում։ Մոռացեք Սուպերգավաթի խաղը, դա մեկ խաղ էր, մեկ ձախողում կամ ավելի ճիշտ՝ Օլմոյի բենեֆիսը։ Մրցաշրջանը երկար է՝ 34 խաղ, իսկ թե ո՞ր ակումբն այս ճանապարհը կանցնի առավելագույնս արդյունավետ․․․ Մեր ընթերցողների մեծամասնությունը կհամաձայնի՝ «Բավարիան»։ Թոմաս Տուխելի թիմը լավ սելեկցիոն աշխատանք կատարեց այս ամառ, վերջապես, ի դեմս Հարի Քեյնի, լուծվեց կենտրոնական հարձակվողի խնդիրը, պաշտպանությունում էլ առկա որոշակի խնդիրներն էլ լուծելու համար Նեապոլից ժամանեց Կիմ Մին Ջեն։ Թերևս, այս տրանսֆերները լավագույններից են եվրոպական ֆուտբոլում այս ամառ։ Գումարած, վերջապես Քեյնը տիտղոս կնվաճի․․․ երևի․․․ Ասում ենք՝ գլխավոր ֆավորիտն է, չասեցինք՝ արդեն չեմպիոն են։
Իսկ ահա Դորտմունդի «Բորուսիան» և «Լայպցիգը», ինչպես վերջին տարիներին, կլինեն «Բավարիայի» գլխավոր մրցակիցներն առաջնությունում։ Երկու թիմերն էլ լուրջ կորուստներ ունեն այս ամառ․ «Բորուսիայում» կնկատվի Բելինգհեմի բացակայությունը, իսկ «Լայպցիգն», ընդհանրապես, գրեթե կես կազմից զրկվեց այս ամառ․ Գվարդիոլ, Լայմեր, Սոբոսլայի, Նկունկու․․․ Այո, թիմերն ունեն նաև նորեկներ, բայց համաձայնեք՝ դժվար կլինի մի քանի ամսում ամբողջովին փոխարինել վերը նշված հրաշալի ֆուտբոլիստներին։ Չմոռանանք նաև «Բայերի» մասին․ Ալոնսոյի թիմը ևս ուժեղ մրցակից է, լավագույն քառյակում հայտնվելու հավակնորդ։ Կա նաև Բեռլինի «Յունիոնը», նախորդ մրցաշրջանի գլխավոր բացահայտումը, որը միայն ավելի ուժեղ է դարձել նախորդ առաջնության համեմատ։ Բայց թիմը խաղալու է ՉԼ-ում․ չկրկնվեմ, թե որքան դժվար է նման թիմերի համար պայքարել երկու ճակատով։ Դժվար թե բեռլինցիներին հաջողվի կրկնել նախորդ տարվա արդյունքը, բայց չեմ էլ բացառում, որ նրանք կարող են էլ ավելի բարձր թռչել այս տարի։ Շատ համակրելի թիմ է, հնարավորության դեպքում՝ խորհուրդ կտամ հետևել նրանց խաղերին։
Եվրագավաթային տեղերի համար կպայքարեն «Վոլֆսբուրգը», «Ֆրայբուրգը», «Այնտրախտը» (չնայած հեռացած և հեռանալ պատրաստվող մի շարք առաջատարների) և Մյոնխենգլադբախի «Բորուսիան», որի կազմում Բունդեսլիգայում իր նորամուտը նշեց Հայաստանի հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը։ Հայ հարձակվողը, ամենայն հավանականությամբ, առաջիկա խաղերում պարբերաբար կստանա խաղաժամանակ, մնում է միայն առավելագույնը քաղել ստացված հնարավորություններից և ես իսկապես, հավատում եմ, որ նա ժամանակի ընթացքում կամրապնդվի գերմանական թիմի կազմում։ Հաջողություն եմ մաղթում տաղանդավոր ֆուտբոլիստին նոր մրցաշրջանում։
Սարգիս Ադամյանին ևս հաճախ կտեսնենք խաղադաշտում։ Հայ հարձակվողի թիմը՝ «Քյոլնը», թերևս կպայքարի տեղը Բունդեսլիգայում պահելու համար։ Ինչ վերաբերում է անակնկալներին, ապա նման բան սպասում եմ «Ֆրայբուրգից» և «Աուգսբուրգից»։ Առաջինը կարող է պայքարել ՉԼ-ի գոտու, իսկ երկրորդը՝ մյուս եվրագավաթներում տեղ զբաղեցնելու համար։
Ռմբարկուների մրցավազքում իմ ֆավորիտը Քեյնն է․ այո, նրան ժամանակ է պետք նոր առաջնությունում ադապտացվելու համար և այլն, բայց չմոռանանք՝ խոսքը վերջին տասնամյակների լավագույն անգլիացի հարձակվողի մասին է։ Նրա հետ կարող են մրցակցել Ալլերը (Բորուսիա), Կոլո-Մուանին (Այնտրախտ), եթե իհարկե չհեռանան Բունդեսլիգայից, կարող է այս պայքարին միանալ նաև Վերները (Լայպցիգ)։ Կա ևս մեկ հարձակվող, որը կարող է դառնալ այս մրցաշրջանի բացահայտումը․ խոսքը «Բայերի» նորեկ, նիգերիացի Վիկտոր Բոնիֆասիի մասին է։
Ո՞րն է գլխավոր ինտրիգը մրցաշրջանի․․․ Կկարողանա Ռանոսը առավելագույնը քաղել իր հնարավորություններից և ամրապնդվել նոր թիմի հիմնական կազմում (իսկ ես հավատում եմ, որ կարող է)։ Իսկ եթե առհասարակ՝ չեմպիոնական մրցավազքը կավարտվի ժամանակից շո՞ւտ, թե՞ կշարունակվի մինչև վերջին տուրերը։
🏆 Մինամինոյի վերածնունդն ու նոր ՊՍԺ-ն․ Լիգա 1
ՊՍԺ-ն փոխում է ակումբի զարգացման վեկտորը․ թիմը լքեցին առաջնության գլխավոր երեք աստղերից երկուսը՝ Մեսսին և Նեյմարը։ Մբապեի հետ կապված տրանսֆերային սագան շարունակվում է, մեկ նա գնում է, մեկ՝ մնում և պատրաստվում նոր պայմանագիր կնքել, մեկ էլ՝ նա մնում է, բայց չի ուզում պայմանագիրը երկարաձգել և ցանկանում է մյուս ամառ անվճար տեղափոխվել «Ռեալ»։ Իսկական «Սանտա Բարբարա»․․․ Փարիզյան թիմը գլխավորեց Լուիս Էնրիկեն, որն ունի իր խաղային փիլիսոփայությունը, ինչն էլ ակնկալում էր թիմում փոփոխություններ։ Եվ այդպես էլ կա․ թիմի կազմն այս ամառ համալրեցին մեծ թվով նոր ֆուտբոլիստներ։ Նոր ֆուտբոլիստներ, նոր խաղային ձեռագիր, և պատահական չէ, որ փարիզյան գրանդը մեկնարկեց երկու ոչ-ոքիով՝ այն էլ ոչ այդքան ահեղ մրցակիցների հետ խաղերում։ Թիմին ժամանակ է պետք հարմարվելու նոր սխեմային, գումարած խաղակցվածության պակաս կա․ առաջին երկու խաղերում թիմի հարձակման գծում խաղում էին Ռամուշը, Ասենսիոն և Լի Կան Ինը (բոլորը նորեկներ են)․․․ իսկ հիմա հիշեք անցած տարվա հարձակման եռյակը․․․ Մեսսի, Նեյմար, Մբապե․․․
Անկախ ամեն ինչից, ՊՍԺ-ն իր ռեսուրսներով, կազմով, մարզչի կարգով մնում է մեկ գլուխ բարձր իր անմիջական մրցակիցներից։ Ներքին առաջնությունում, ինչպես նախկինում, թիմը պետք է որ առանձնապես խնդիրներ չունենա, առաջության մեկնարկում թիմի ցուցադրած արդյունքները սպասելի էին վերը նշված պատճառներով։ Այնպես որ, Լիգա 1-ում մեծ անակնալ սպասել պետք չէ, իսկ ահա թե ինչ արդյունք կգրանցի փարիզյան թիմը Չեմպիոնների լիգայում, դա արդեն հարցական է։ Այս մրցաշրջանում նրանց դժավար է դիտարկել գլխավոր ֆավորիտների ցանկում։ Ակումբն ամեն ինչ սկսում է մաքուր էջից, համենայն դեպս, ժամանակ է պետք փարիզյան թիմին՝ ամուր հիմք ստեղծելու ու կայուն խաղ ցուցադրելու համար։
Լավագույն եռյակում, բացի ՊՍԺ-ից, այս պահին տեսնում եմ երկու ակնհայտ ֆավորիտի՝ «Մոնակոն» և «Մարսելը»։ Վերջինիս դեպքում պատմությունը նման է ՊՍԺ-ին․ շատ նորեկներ, խաղային փիլիսոփայության փոփոխություն, այս թիմին ևս ժամանակ է պետք թիմի խաղը կարգավորելու համար։ Բայց «Մարսելի» կազմը հույսեր է ներշնչում, որ թիմը կպայքարի բարձր տեղերի համար։ Ինչ վերաբերում է «Մոնակոյին» և, ընդհանրապես, Լիգա 1-ի առաջին երկու տուրերին, այն կարճ կնկարագրեի այսպիսի արտահայտությամբ՝ «Մինամինոյի վերածնունդը»։ Ճապոնացի ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանում ոչ տպավորիչ ելույթներից հետո նոր մրցաշրջանը սկսել է պարզապես ֆանտաստիկ խաղով և օգնեց իր թիմին մեկնարկային առաջին երկու տուրերում հաղթանակ տանել և երրորդ տուրում ոչ-ոքի խաղալ` բոլոր խաղերում աչքի ընկնելով արդյունավետ գործողությամբ․ երևի որոշել է հետ չմնալ իր հայրենակից Կաուրո Միտոմայից ))))․․․ Մինամինոն գոլ+գոլային փոխանցում համակարգով հիմա լավագույնն է Լիգա 1-ում (3+2): Եվ ընդհանրապես, գլխավոր մարզիչ Ադի Հուտերի գալուց հետո «Մոնակոյի» խաղում մեծ առաջընթաց է նկատվում։ Ի դեպ, Հուտերը նախկինում մարզել է «Զալցբուրգը», որտեղ էլ նրա գլխավորությամբ Եվրոպայում առաջին քայլերն է արել Մինամինոն․․․😉։
Բացի «Մոնակոյից» ու «Մարսելից», մրցանակային տեղերի համար, ամենայն հավանականությամբ, կպայքարեն նաև «Նիցան» և «Ռենը»։ Փոխչեմպիոն «Լանսից» սպասելիքներն այդքան շատ չեն, բայց դա՝ առայժմ․ թիմից հեռացան նախորդ մրցաշրջանում առաջատար հանդիսացող մի շարք ֆուտբոլիստներ։ Օրերս թիմը ձեռք բերեց Միշել Տեր-Զաքարյանի «Մոնպելյեի» առաջատար Վաիին, ինչը նշանակում է, որ «Լանսը» չի պատրաստվում բավարարվել անցյալ տարվա հաջողություններով։ Եթե թիմն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում ձեռք բերի ևս երկու-երեք որակյալ նորեկ, ապա «Լանսին» ևս կարող ենք համարել մրցանակային տեղերի հավակնորդ։ Բայց այստեղ կա ևս մեկ հանգամանք․ ֆրանսիական ակումբը հանդես կգա ՉԼ-ում և երկու մրցաշարերում պայքարը հնարավոր է ազդի թիմի արդյունքների վրա։ «Լիլը» ևս կարող է հավակնել բարձր տեղերի, բայց մեկ պայմանով՝ եթե թիմում մնա Ջոնաթան Դեյվիդը։ Իսկ ահա «Լիոնից» սպասելիքները շատ չեն․ Բլանի թիմից հեռացան մի շարք առանցքային ֆուտբոլիստներ, նրանց փոխարինելու հարցում ակումբն այդքան էլ ակտիվ չէ․․․ Ճիշտն ասած, մի քիչ անհասկանալի է ակումբի վարած քաղաքականությունը։ Հուսով ենք, ֆրանսիական ֆուտբոլի ամենահաջողակ ակումբներից մեկը շուտով կգտնի իր խնդիրների լուծման բանալին և նորից կպայքարի ամենաբարձր տեղերի համար։
Չխախտեմ ավանդույթը և կանխատեսեմ, թե որ թիմը կարող է անակնկալ մատուցել այս մրցաշրջանում․ դա, կարծում եմ կլինեն «Ռեյմսը» կամ Միշել Տեր-Զաքարյանի «Մոնպելյեն»։
Ամփոփելով ասեմ՝ մեզ սպասվում է իսկապես շատ հետաքրքիր մրցաշրջան, ինտրիգները շատ են, դրա պատճառները ևս շատ են․ շատ ակտիվ տրանսֆերային պատուհան, որում մեծ դեր խաղացին Սաուդյան Արաբիայի ակումբները, մի շարք թոփ տրանսֆերներ եվրոպական գրանդների կողմից, նոր, հետաքրքիր նախագծեր և այլն․․․ Խոսելու, քննարկելու, վերլուծելու թեմաները շատ-շատ են, և մենք դա կփորձենք անել արդեն մրցաշրջանի ընթացքում․․․ Վայելեք ֆուտբոլը․․․
Վար Բաբայան