Հունահռոմեական ոճի ըմբիշ Սահակ Հովհաննիսյանը ոսկե մեդալ էր նվաճել Բելառուսում օգոստոսի 4-14-ն անցկացված ԱՊՀ երկրորդ խաղերում՝ սկիզբ դնելով Հայաստանի թիմի հաջող մրցելույթներին:
ArmSport-ի հետ զրույցում Հովհաննիսյանը խոստովանում է՝ նախքան մրցագորգ բարձրանալն ու մրցակիցներին հանդիպելը՝ չի գիտակցել ԱՊՀ խաղերի լրջությունը և չի պատկերացրել, որ ըմբշամարտում շատ հզոր երկրներ ԱՊՀ խաղերին կմասնակցեն իրենց առաջին համարներով:
«Առաջին անգամ էի մասնակցում ԱՊՀ խաղերին: Ամեն ինչ լավ էր կազմակերպված, շատ ոգևորիչ էր: Փորձեցի լավ հանդես գալ ու արժանի հակառակորդների հետ լավ գոտեմարտեր անցկացնել: Փառք Աստծո, ստացվեց դառնալ հաղթող: Հիմնական լուրջ մրցակիցներս եղել են Ադրբեջանը և Ռուսաստանը ներկայացնող մարզիկները: Երկուսին էլ հաղթել եմ 4-2 հաշվով: Շատ հետաքրքիր գոտեմարտեր էին ինձ համար»,- ասում է Սահակ Հովհաննիսյանը:
Անդրադառնալով խաղերի կազմակերպվածությանը՝ երիտասարդ ըմբիշը համեմատականներ է անցկացնում 2018 թվականին Արգենտինայում անցկացված պատանեկան Օլիմպիական խաղերի հետ. «ԱՊՀ խաղերի հանդեպ մարդկանց վերաբերմունքը նույնքան լուրջ էր, և տիրում էր նույնպիսի ոգևորություն, ինչպիսին Արգենտինայում էր՝ պատանեկան Օլիմպիական խաղերի նկատմամբ: Սա, բնականաբար, ոգեշնչում է, ավելի մեծ մոտիվացիա է տալիս՝ լավագույնս մասնակցելու համար»:
Սահակ Հովհաննիսյանի խոսքով՝ սեպտեմբերին կանցկացվի Հայաստանի երիտասարդների առաջնությունը, որի արդյունքներով կձևավորվի Մ23 տարեկանների աշխարհի առաջնությանը մասնակցող թիմի կազմը. «ԱՊՀ խաղերում նվաճած ոսկե մեդալը շատ կարևոր էր ինձ համար, կարծես նոր շունչ և ուժ տվեց ինձ: Հիմա ավելի մեծ ոգևորությամբ կփորձեմ հաղթել Հայաստանի առաջնությունում, ու չեմպիոնության համար պայքարել նաև Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունում: Շատ մարտական եմ տրամադրված: Այս տարվա գլխավոր նպատակս Մ23 տարեկաների ԱԱ-ն է: Աստված տա՝ ամեն ինչ լավ ստացվի»,- եզրափակում է Սահակ Հովհաննիսյանը:
Հիշեցնենք՝ Բելառուսում անցկացված ԱՊՀ երկրորդ խաղերում Հայաստանի ներկայացուցիչներն ընդհանուր առմամբ 8 մեդալ են նվաճել:
Խաղերի չեմպիոնի կոչմանը, բացի Սահակ Հովհաննիսյանից, արժանացել է նաև սամբիստ Բորիս Շատվերյանը, արծաթե մեդալակիրներ են դարձել հրաձիգ Նարե Գաբրիելյանը և կարատեիստ Սուրեն Հարությունյանը, իսկ ըմբիշներ Սամվել Գրիգորյանը, Նորիկ Հարությունյանը, Ազատ Կարապետյանը և Սերգեյ Սարգսյանը դարձել են բրոնզե մեդալակիրներ: