UEFA-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլի պատասխան` «Արիս» — «Արարատ-Արմենիա» խաղից առաջ երևանյան թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը պատասխանել է լրագրողներին հարցերին։
«Առաջին խաղից հետո ավելի շատ բան իմացանք մրցակցի մասին: Շատ բարձրակարգ և ուժեղ խաղացողներ ունեցող թիմ է: Ինչ վերաբերում է վաղվա խաղին, ապա պետք է ասեմ, որ փորձելու ենք նվազագույնի հասցնել մրցակցի առավելություններն ու օգտագործել նրա թույլ կողմերը: Թե որոնք են մրցակցի ուժեղ կողմերը, կխոսենք խաղից հետո, բայց այն որ անհատապես ուժեղ խաղացողներ ունի «Արիսը», իսկապես այդպես է: Մենք պետք է փորձենք նրանց տարածություն ու ժամանակ չտալ, քանի որ հակառակ դեպքում մեզ համար դժվար կլինի:
Այս խաղը տակտիկապես և հոգեբանորեն բոլորովին այլ է լինելու: Կփորձենք արագ արձագանքել ցանկացած իրավիճակի: Լավ ենք պատրաստվել ու հուսով եմ՝ մեր հնարավորությունները կկարողանանք ցույց տալ: Այո նրանք ունեն առավելություն, քանի որ տանն են խաղալու: Բայց հաճախ սեփական հարկի տակ խաղալիս կրկնակի ճնշում ես զգում երկրպագուներից ու ավելի դժվար է լինում: Թեև, այո, որոշակի առավելություն մրցակիցն ունի: Ինձ համար սա բարձրակարգ թիմ է: Անգամ ակումբների բյուջեն է զգալիորեն տարբերվում: Բայց ֆուտբոլում հաճախ բյուջեն որոշիչ չէ, իսկ երկու խաղում ցանկալի արդյունքի հասնելը միանգամայն իրատեսական է»,- ասել է Վարդան Մինասյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: