Կոնֆերենցիաների լիգայի 2023/24 թթ․ մրցաշրջանի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Արարատ-Արմենիան» կմրցի Հունաստանը ներկայացնող «Արիսի» հետ։
Հուլիսի 27-ին կայանալիք հանդիպման նախախաղային ասուլիսի ժամանակ «Արիսի» գլխավոր մարզիչ Ապոստոլոս Տերզիսը խոսել է սպասվող խաղի մասին։
«Վաղվա խաղը շատ կարևոր է։ Մենք պետք է փորձառու ֆուտբոլիստների դուրս բերենք դաշտ։ «Արարատ-Արմենիայի» հարձակման գծում բավական արագ ֆուտբոլիստներ կան։ Այդ պատճառով մենք ևս պետք է արագ ֆուտբոլիստներ դուրս բերենք դաշտ։
Մեր ակումբը վերջին տարիներին նախապատվություն է տալիս արտասահմանցի ֆուտբոլիստներին, որոնք համապատասխանում են թիմին։ Այս մրցաշրջանից առաջ խոսել եմ ակումբի տնօրինության հետ, որպեսզի ավելի շատ հույն ֆուտբոլիստներ լինեն թիմում։
Մենք խոսել ենք ֆուտբոլիստների հետ, բացատրել խաղի կարևորությունն ու լրջությունը։ Ես համոզված եմ, որ մեր բոլոր խաղացողները ֆիզիկապես և հոգեպես լավ վիճակում են, որպեսզի վաղը լավ արդյունք ապահովեն թիմի համար։
Վաղվա խաղի մեկնարկային կազմում հիմնականում կլինեն այն խաղացողները, որոնք նախորդ տարի թիմում էին։ Ինչպես նաև հիմնական կազմում կլինեն մի քանի նորեկներ, որոնք ժամանակ են ունեցել ծանոթանալ թիմի խաղաոճին»,- ասել է Տերզիսը։