Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում «Ուրարտուն» սեփական հարկի տակ 0։1 հաշվով պարտվեց «Զրինսկիին»։
Հանդիպումից հետո կայացած հետխաղային ասուլիսի ժամանակ բոսնիական թիմի գլխավոր մարզիչ Կրունոսլավ Ռենդուլիչը խոսել է խաղի մասին։
«Ինչպես ասել էի երեկ, դժվար խաղ էր լինելու, այդպես էլ եղավ։ Մենք լավ առաջին կես անցկացրեցինք, բայց գոլ չկարողացանք խփել։ 2-րդ կեսում «Ուրարտուն» ակտիվ էր, բայց խաղավերջում մենք կարողացանք գոլ խփել։ Մենք այստեղ էինք եկել հաղթելու համար։ Մենք արժանի էինք հաղթանակի։
Հաջորդ խաղը կայանալու է Մոստարում։ Ոչինչ չի ավարտվել։ «Ուրարտուն» ցույց տվեց, որ ուժեղ թիմ է։ Պատասխան խաղը ևս բարդ է լինելու։ Մենք փորձելու ենք հաղթել նաև պատասխան խաղում։ Մրցակիցը չզարմացրեց մեզ։ Գիտեինք, որ ուժեղ թիմ է, հարձակմանը միտված։
Երկրպագուները շատ լավ աջակցություն ցուցաբերեցին։ Մեր թիմի երկրպագուները ևս այստեղ էին։ Ճնշոմ չզգացինք մեզ վրա»,- ասել է 49-ամյա խորվաթ մասնագետը։
Պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 18-ին։