Չեմպիոնների լիգայի 2023/24 թթ․ մրցաշրջանի որակավորման առաջին փուլում Հայաստանի չեմպիոն «Ուրարտուն» կմրցի Բոսնիա և Հերցեգովինայի չեմպիոն «Զրինսկիի» հետ։
Հուլիսի 11-ին կայանալիք առաջին հանդիպման նախախաղային ասուլիսի ժամանակ «Զրինսկիի» գլխավոր մարզիչ Կրունոսլավ Ռենդուլիչը խոսել է սպասվող խաղի մասին։
Մարզիչը նախապես ներողություն խնդրեց, որ նախախաղային ասուլիսն ուշ մեկնարկեց։ Բոսնիական թիմի թռիչքը հետաձգվել էր 3 ժամ։
«Վիճակահանության ժամանակ բոլոր թիմերն էլ իրենց երկրների չեմպիոններն էին։ «Ուրարտուն» շատ բարդ մրցակից է։ Մեզ բարդ խաղ է սպասվում։
Նախորդ մրցաշրջանից հետո 11 ֆուտբոլիստ հեռացել է թիմից և 11 խաղացող է համալրել մեր կազմը։ Նորեկները մեր թիմում չէին լինի, եթե որակապես լավը չլինեին։
Իհարկե, ամենօրյա ռեժիմով չենք կարող հետևել Հայաստանի առաջնությանը։ Մենք այստեղ ֆուտբոլիստ ունենք՝ Լուկա Յուրիչիչը, որը հանդես է գալիս «Փյունիկում»։ Հետևել ենք նաև Հայաստանի ազգային հավաքականի խաղերին։
Իհարկե, հետևել ենք «Ուրարտուի» խաղերին։ Չեմ ցանկանում առանձնացնել որևէ ֆուտբոլիստի։ Գիտենք, որ այս թիմում կան խաղացողներ, որոնք ժամանակին հանդես են եկել «Այաքսում», «Արսենալում»»,- ասել է 49-ամյա խորվաթ մասնագետը։
«Ուրարտու» — «Զրինսկի» առաջին հանդիպումը կկայանա վաղը՝ հուլիսի 11-ին, «Ուրարտու» ստադիոնում։ Խաղի սկիզբը՝ 19։00։