Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի «Ուրարտու» — «Զրինսկի» խաղից առաջ երևանյան թիմի ֆուտբոլիստ Ժիրայր Մարգարյանն ակումբի մամուլի քարտուղարության հետ զրույցում կիսվել է սպասելիքներով:
«Ինչպես ամբողջ ակումբի, այնպես էլ մեր թիմի ու անձամբ ինձ համար Եվրոպայի ամենաճանաչված մրցաշարում հանդես գալը մեծ ուրախություն ու պատասխանատվություն է, որին երկար ժամանակ սպասել ենք թե՛ մենք, թե երկրպագուները, ուստի շատ լրջորեն ենք պատրաստվում «Զրինսկիի» հետ խաղին։
Բոլորի սպասելիքները մեծ են, փորձելու ենք ամեն ինչ անել՝ հաղթահարելու այս փուլը։ Ինչ վերաբերում է մրցակցին, կասեմ, որ բավական ուժեղ թիմ է, բայց պետք է մեր խաղը ցուցադրենք ու հաղթենք»,- ասել է Մարգարյանը:
Հիշեցնենք՝ առաջին հանդիպումը կայանալու է հուլիսի 11-ին «Ուրարտու» մարզադաշտում, հանդիպման մեկնարկը՝ ժամը 19։00-ին։ Խաղն ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվի Առաջին ալիքի եթերում: