20-ամյա հայ ֆուտբոլիստ Էդուարդ Բագրինցևը հանդես կգա «Կրասնոդար-2»-ում, հայտնում է ռուսական ակումբի մամուլի ծառայությունը։ Ֆուտբոլիստի հետ ակումբը երեք տարվա պայմանագիր է կնքել։
Էդուարդ Բագրինցևը ծնվել է 2003 թվականի հունվարի 13-ին Սոչիում։ Մոսկվայի ԲԿՄԱ-ի ակադեմիայի սան է։ Խաղացել է Ռուսաստանի տարբեր տարիքային պատանեկան և երիտասարդական հավաքականներում։
Նա Ռուսաստանի հավաքականի կազմում մասնակցել է մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնության ընտրական փուլին, սակայն հետագայում որոշել է հանդես գալ Հայաստանի հավաքականի կազմում։
ԲԿՄԱ-ի երիտասարդական թիմում նա անցկացրել է 42 հանդիպում, որոնցում դարձել է 7 գոլի հեղինակ, իսկ 2021 թվականի սեպտեմբերի 23-ին Ռուսաստանի գավաթի խաղում իր նորամուտն է նշել ԲԿՄԱ-ի գլխավոր թիմի կազմում։ 2022 թվականի սեպտեմբերի 1-ին նա պայմանագիր է կնքել Սլովակիայի «Դուբնիցայի» հետ։ Սլովակիայի երկրորդ ուժեղագույն դիվիզիոնում անցկացրել է 18 խաղ և խփել 2 գոլ։