2022/23 մրցաշրջանի ավարտից հետո «Փյունիկի» կազմից հեռացել է 5 ֆուտբոլիստ ու մեկ մարզիչ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Յուրի Գարեգինյանը «Փյունիկ» էր տեղափոխվել 2021 թվականի ամռանը: Երկու մրցաշրջանում կիսապաշտպանը խաղադաշտ է դուրս եկել 53 անգամ` իր հաշվին գրանցելով մեկ գոլ ու 5 գոլային փոխանցում: Գարեգինյանը «Փյունիկի» կազմում նաև դարձել է Հայաստանի առաջնության հաղթող:
Հայիթիի հավաքականի հարձակվող Ջոնել Դեսիրեն երևանյան թիմին միացել էր այս ձմռանը Նիկոսիայի «Օլիմպիակոսից»՝ վարձակալական հիմունքներով: Նա մասնակցել է 16 խաղի` աչքի ընկնելով 4 գոլով ու 3 գոլային փոխանցմամբ:
Մակեդոնացիներ Ստեֆան Սպիրովսկին ու Կիռե Ռիստեվսկին համալրել էին թիմի շարքերը 2022 թվականի սեպտեմբերին: Սպիրովսկին «Փյունիկի» կազմում անցկացրել է 22 հանդիպում` դառնալով 2 գոլի ու մեկ գոլային փոխանցման հեղինակ, իսկ Ռիստևսկին 14 խաղ է անցկացրել:
Ուկրաինացի կիսապաշտպան Ռոման Կարասյուկը դարձել էր երևանյան թիմի ֆուտբոլիստը նախորդ տարվա օգոստոսին: 32-ամյա խաղացողը 27 խաղի է մասնակցել «Փյունիկի» կազմում ու իր անվան դիմաց գրանցել մեկ գոլային փոխանցում:
Մարզչական շտաբում նույնպես փոփոխություն է տեղի ունեցել։ Թիմի վերլուծաբան Զորիկ Աթանեսյանը գլխավոր թիմում էր աշխատում 2021 թվականի սկզբից: «Փյունիկի» հետ նա դարձել է Հայաստանի չեմպիոն: