Եվրո-2024-ի ընտրական փուլի 3-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը հյուրընկալվել էր Ուելսին։ Հանդիպումն ավարտվեց 4-2 հաշվով՝ հօգուտ Հայաստանի հավաքականի։ Մանրամասներն՝ այստեղ։
Այս խաղում իրենց ակտիվում դուբլ գրանցեցին Հայաստանի հավաքականի հարձակվողներ Հրանտ-Լեոն Ռանոսը և Լուկաս Սելարայանը։
Հատկանշական է, որ Եվրո-2024-ի ընտրական փուլում 19-ամյա Ռանոսն այս պահին ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է, ով դարձել է դուբլի հեղինակ։ Բացի այդ, նա երկրորդ ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է, որը գոլ է խփել ընտրական փուլում՝ Իսրայելը ներկայացնող Օսկար Գլոուհից հետո (ՌԲ Զալցբուրգ)։
Ռանոսը հավաքականի կազմում իր առաջին պաշտոնական և երկրորդ խաղում անընդմեջ դուբլ է ձևակերպում։ Նա մեր ընտրանու կազմում իր նորամուտի խաղում ևս դուբլ էր ձևակերպել՝ Կիպրոսի հետ ընկերական խաղում։ Հիշեցնենք, որ Ռանոսը նոր մրցաշրջանից հանդես կգա Բունդեսլիգան ներկայացնող Մյոնխենգլադբախի «Բորուսիայում»։
Այսօր կկայանան ընտրական փուլի երրորդ տուրի վերջին հանդիպումները։ Հաջորդ հանդիպումը մեր հավաքականը կանցկացնի Երևանում՝ հունիսի 19-ին հյուրընկալելով Լատվիայի ընտրանուն։
🎥 Հրանտ-Լեոն Ռանոսի գոլերը