Հայաստանի ազգային հավաքականը հունիսի 8-ից սկսել է մարզական հավաքը և պատրաստվում է Եվրո-2024-ի ընտրական փուլի՝ Ուելսի հետ արտագնա (հունիսի 16) ու Լատվիայի (հունիսի 19) հետ տնային հանդիպումներին։
Armsport-ն անդրադարձը Հայաստանի հավաքականի, խմբում տիրող իրավիճակի և հեռանկարների մասին է։
Հավաքական է հրավիրվել 28 ֆուտբոլիստ
Գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը 28 ֆուտբոլիստ է հրավիրել հավաքական։ Հավաքի սկզբում վնասվածքի պատճառով հավաքականի ճամբարը լքել է «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը։ Վնասվածք է ստացել նաև կենտրոնական պաշտպան Տարոն Ոսկանյանը։
Մնացած 26 ֆուտբոլիստներից՝
3 դարպասապահ — Օգնյեն Չանչարևիչ — «Ալաշկերտ», Արսեն Բեգլարյան — «Ուրարտու», Ստանիսլավ Բուչնև — «Փյունիկ»։
11 պաշտպան — Վարազդատ Հարոյան — «Աստանա» (Ղազախստան), Կամո Հովհաննիսյան — «Աստանա» (Ղազախստան), Գեորգի Հարությունյան — «Կրասնոդար» (Ռուսաստան), Նաիր Թիկնիզյան — «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան), Անդրե Չալըշըր — «Բրոմապոյկարնա» (Շվեդիա), Ժիրայր Մարգարյան — «Ուրարտու», Էրիկ Փիլոյան — «Ուրարտու», Դավիդ Դավիդյան — «Փյունիկ», Սերգեյ Մուրադյան — «Նոա» (միացել է երիտասարդական հավաքականին), Ստյոպա Մկրտչյան — ԲԿՄԱ։
10 կիսապաշտպան — Էդուարդ Սպերցյան — «Կրասնոդար» (Ռուսաստան), Տիգրան Բարսեղյան — «Սլովան» (Սլովակիա), Վահան Բիչախչյան — «Պոգոն» (Լեհաստան), Ժիրայր Շաղոյան — ԲԿՄԱ Սոֆիա (Բուլղարիա), Լուկաս Սելարայան — «Քոլամբուս Քրյու» (ԱՄՆ), Արտակ Դաշյան — «Փյունիկ», Հովհաննես Հարությունյան — «Փյունիկ», Ուգոչուկվու Իվու — «Ուրարտու», Վբեյմար Անգուլո — «Ալաշկերտ», Արթուր Սերոբյան — «Արարատ-Արմենիա»։
3 հարձակվող — Հրանտ-Լեոն Ռանոս — «Բորուսիա» (Մյոնխենգլադբախ, Գերմանիա), Նորբերտո Բալեկյան — «Բոկա Խունիորս», (Արգենտինա) Արթուր Միրանյան — «Ալաշկերտ»։
Դարպասապահը
Առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել դարպասապահի դիրքին, որտեղ նորեկ ունենք․ 33-ամյա Օգնյեն Չանչարևիչը, որն արդեն 5 տարի է՝ խաղում է Հայաստանում՝ «Ալաշկերտում», այժմ քաղաքացիություն է ստացել և հրավիրվել ազգային հավաքական։ Հաշվի առնելով վերջին տարիներին դարպասապահի դիրքում առկա խնդիրները, անկայուն վիճակը՝ հույս կա, որ փորձառու Չանչարևիչը կարող է լուծել այդ խնդիրները։
Պաշտպանները
Նորից վնասվածքներ ու նորից՝ պաշտպանությունում։ Հաշվի առնելով, որ խաղալու ենք 3 կենտրոնական պաշտպանով սխեմայով, ցանկացած վնասվածք՝ այն էլ պաշտպանության գծի ֆուտբոլիստի մոտ, լուրջ խնդիրներ է առաջացնում հավաքականի մարզչական շտաբի համար։ Եթե հաշվի առնենք, որ Հարոյանի տեղը մեկնարկային կազմում երաշխավորված է, ապա նրա հետ, ամենայն հավանականությամբ, խաղադաշտ դուրս կգան Չալըշըրն ու Գեորգի Հարությունյանը։ Մկրտչյանն ու Փիլոյանը ևս կարող են փոխարինել նրանցից որևէ մեկին։
Եզրերում կարծես թե իրավիճակը նորմալ է․ ձախից՝ Թիկնիզյան և Մարգարյան, աջից՝ Հովհաննիսյան և Դավիդյան։
Կիսապաշտպաններն ու հարձակվողները
Հունիսյան խաղերին խնդիրները շատ են, որոնց բախվում են գրեթե բոլոր հավաքականները․ ֆուտբոլիստները կամ գերհոգնած են ծանր մրցաշրջանից հետո, կամ իրենց թիմերի առաջնություններն ավարտվել են 1-2 շաբաթ ավելի շուտ, ինչի արդյունքում նրանք խաղային տոնուսի մեջ չեն։
Լուկաս Սելարայանը և Նորբերտո Բրիասկո Բալեկյանը հավաքականին միանալու են հունիսի 14-ին՝ Ուելսում։ Եվրոպայից դուրս խաղացող ֆուտբոլիստների համար շատ դժվար է կարճ ժամանակահատվածում փոխել ժամային գոտիներն ու լինել լավ մարզավիճակում։ Այս անգամ Պետրակովը որոշել է, որ այս խաղացողները միանգամից կմեկնեն Ուելս։ Տեսնենք, թե ինչ կստացվի դրանից։
Սելարայանը ֆանտաստիկ մարզավիճակում է և անհավանական գոլեր է խփում, իսկ Բրիասկոն չի ընդգրկվել «Բոկա Խունիորսի»՝ հունիսի 11-ին կայացած խաղի հայտացուցակում։ Բալեկյանը վերջին անգամ խաղացել է մայիսի 25-ին՝ խաղադաշտում անցկացնելով 56 րոպե։ Դրանից հետո 3 խաղում մնացել է պահեստայինների նստարանին, իսկ վերջին խաղում չի ընդգրկվել հայտացուցակում։
Մրցակիցները
Մարտին մեկնարկած ընտրական փուլում Հայաստանի և Լատվիայի հավաքականները D խմբում մեկական խաղ են անցկացրել և զբաղեցնում են համապատասխանաբար 4-րդ և 5-րդ տեղերը։ Հայաստանը պարտվել է Թուրքիային, իսկ Լատվիան՝ Ուելսին։
Խորվաթիան և Ուելսը 2-ական խաղից հետո զբաղեցնում են 1-ին և 2-րդ տեղերը։ Թուրքիան նույնպես 2 խաղ է անցկացրել․ 1 հաղթանակ և 1 պարտություն, ու 3-րդ տեղում է։
Հունիսի 16-ին Հայաստանի ազգային հավաքականը արտագնա խաղում մրցելու է Ուելսի հետ, իսկ հունիսի 19-ին՝ Երևանում ընդունելու է Լատվիային։
Սկզբունքորեն տարբեր ոճերի մրցակիցներ են, տարբեր մակարդակների։ Նույնիսկ խնդիրն այն է, որ այս հավաքականների մակարդակները որոշելը շատ դժվար է։ Մի կողմից Ուելսի բոլոր ֆուտբոլիստները խաղում են թոփ լիգաներում (Ֆրանսիայում, Անգլիայում, Չեմպիոնշիփը թեև թոփ չէ, բայց մի շարք բարձրագույն դիվիզիոններից ավելի մրցունակ է), մյուս կողմից էլ դժվար է Ուելսի հավաքականին թոփերի շարքին դասել։ Անկասկած, Գարեթ Բեյլի՝ կարիերան ավարտելու որոշումը մեր օգտին է, քանի որ այդ մակարդակի խաղացողի դեմ դժվար է նույնիսկ թոփ ֆուտբոլիստների համար։
Նույնը, բայց հակառակ կոնտեքստով կարելի է ասել Լատվիայի մասին․ անհասկանալի է, թե ինչու է բոլորին թվում, որ Լատվիայի հետ խաղերում պարտադիր պետք է 6 միավոր վաստակենք։ Այդ «պարտադիր» որակումներն էլ կործանում են մեզ։ Բնականաբար, յուրաքանչյուր ընտրական փուլում լինում են ինչպես ուժեղ, այնպես էլ միջակ և ավելի թույլ թիմեր։ Հեծանիվ չհայտնագործեցինք։ Բայց, երբ մենք չգիտենք, թե որ շարքին ենք մենք դասվում, դժվար է պնդել, որ այս կամ այն մրցակցին պետք է պարտադիր հաղթենք։
Ուելսը տիպիկ բրիտանական թիմ է, որի բոլոր խաղացողներն առաջին հերթին հիանալի պատրաստված են ֆիզիկապես, հետո նոր՝ տակտիկապես։ Լատվիան էլ տիպիկ երկրորդ համարով խաղացող թիմ է։
Մեր խնդիրները
- Խաղակցվածության ցածր մակարդակ
- Անհասկանալի իրավիճակ դաշտի կենտրոնում
- Կենտրոնական հարձակվողի բացակայություն
Թեկուզ կենտրոնական հարձակվող չունենք, բայց, կարծում եմ, որ այդ դիրքը կփակի Հրանտ Ռանոսը։ Բալեկյանի մասին որևէ բան ասելը շատ դժվար է, քանի որ կախված է նրա ֆունկցիոնալ վիճակից։
Նորից խնդիր է լինելու դաշտում միաժանակ օգտագործել Սելարայանին և Սպերցյանին։ Դա, մեղմ ասած, պարտադիր է, որ երկու այսպիսի խաղացողներ լինեն մեկնարկային կազմում, բայց շատ հաճախ նրանցից մեկը մնում է մյուսի ստվերում։ Դա կապված է նաև հենակետային գոտու թուլությունից։
«Փյունիկի» 2 կենտրոնական կիսապաշտպանները հրավիրվել են հավաքական․ Արտակ Դաշյանն ու Հովհաննես Հարությունյանը։ Դաշյանին, կարծում եմ, կտեսնենք Ուելսի հետ խաղի մեկնարկային կազմում։
Հավանական կազմը
(5-3-2) Չանչարևիչ, Թիկնիզյան, Չալըշըր, Հարոյան, Հարությունյան, Հովհաննիսյան, Իվու, Դաշյան, Սպերցյան, Բարսեղյան, Ռանոս։
Կարծում եմ՝ Սելարայանը դժվար թե լինի մեկնարկային կազմում։ Նրա փոխարեն դաշտի կենտրոնում կարող ենք տեսնել Դաշյանին: Լատվիայի հետ խաղում Սելարայանը, անկասկած, կլինի մեկնարկային կազմում, իսկ Ուելսի հետ խաղին, ենթադրում եմ, որ դուրս կգա փոխարինման։
Սպասելիքները
Ինչ կարող է սպասել հայ երկրպագուն Ուելսի հետ արտագնա հանդիպումից։ Առաջին հերթին պետք է հուսալ, որ Պետրակովի գլխավորած թիմը կենտրոնացված կգործի պաշտպանությունում, իսկ հետո նաև կփորձի որսալ իր շանսը հակագրոհների ժամանակ։ Դա փորձված սխեմա է, որը միշտ ակտուալ է, երբ խաղում են կարգով զգալիորեն տարբերվող թիմերը։
Հայաստանի ազգային հավաքականը հերթական անգամ նոր մարզչի հետ փորձում է նոր խաղ կառուցել։ Աստիճանաբար էական փոփոխություններ ենք տեսնում թիմի կազմում։ Այնուամենայնիվ, հիմա Եվրո-2024-ի եզրափակիչ փուլի ուղեգրի մասին խոսելը, մեղմ ասած, երազանք է։
Պետք է հիմա հիմք դնել հետագա զարգացումն ապահովելու համար։ Անհատական որակներով շատ ուժեղ ֆուտբոլիստներ ունենք, բայց նրանք պետք է թիմային խաղով արդյունք ապահովեն հավաքականի համար։ Թիմային խաղն էլ համակարգչային մեթոդով չի աշխատում, երբ ընտրեցիր ու սկսեցիր խաղացնել։ Դրա համար ժամանակ է հարկավոր։ Շատերը կասեն՝ չունենք այդ ժամանակը։
Իսկ ո՞ւր ենք շտապում, ինչի՞ց ենք ուշանում կամ ուշացել։ Այնպես չէ, որ Եվրո-2024-ի ուղեգիր չնվաճելու դեպքում հայկական ֆուտբոլը կփակվի։ Ո՛չ, ընդհակառակը։ Եթե ստացվի մի ընտրական փուլի ընթացքում կառուցել մարտունակ թիմ, խաղից խաղ շտկել խնդիրները, ապա շատ մոտ ապագայում կունենանք մեծ մրցաշարի ուղեգրի համար պայքարելու իրական հնարավորություններով թիմ։
Ինչ վերաբերում է առաջիկա խաղերին, ապա նորից շատ բան կախված է ֆուտբոլիստների վիճակից։ Հունիսյան խաղերը շատ անկանխատեսելի են։ Գրեթե բոլոր հավաքականների՝ հատկապես առաջատար թիմերի ֆուտբոլիստները գերհոգնած են երկար մրցաշրջանից հետո։ Չի բացառվում, որ անգլիական ֆուտբոլում մեծ թվով ներկայացուցիչներ ունեցող Ուելսի հավաքականի խաղացողները լրիվ ուժերով չգործեն այս խաղում։ Դա էլ կարող է լինել մեր շանսը։
Լուսանկարները՝ ՀՖՖ-ի ֆեյսբուքյան էջից
Միհրան Ալեքսանյան