«Բավարիայի» լեգենդար դարպասապահ Օլիվեր Կանը շնորհավորել է մյունխենյան ակումբին Գերմանիայի առաջնությունում հաղթելու կապակցությամբ։
Շաբաթ օրը՝ մայիսի 27-ին, Բունդեսլիգայի վերջին տուրում «Քյոլնի» նկատմամբ «Բավարիայի» տարած հաղթանակից (2:1) և առաջնության չեմպիոնի տիտղոսը նվաճելուց հետո հայտնի դարձավ, որ Կանը հեռանում է ակումբի գործադիր տնօրենի պաշտոնից։
«Անհավանական! Ծափահարություններ և շնորհավորանքներ տղաներ: Ես ձեզ միշտ ասել եմ՝ տվեք ամեն ինչ մինչև վերջ և երբեք մի հանձնվեք: Ես աներևակայելի հպարտ եմ ձեզնով և այս նվաճմամբ:
Ես կցանկանայի տոնել ձեզ հետ, բայց ինձ արգելել են: Անհամբեր սպասում ենք հաջորդ մրցաշրջանին: Տոնե՛ք ամբողջ սրտով», — գրել է Կանը սոցցանցում։