«Ինտերի» կիսապաշտպան Հաքան Չալհանօղլուն կերկարաձգի պայմանագիրը միլանյան ակումբի հետ մինչև 2027 թվականը։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն Թվիթերի իր էջում:
Ըստ աղբյուրի՝ 29-ամյա կիսապաշտպանը մոտ օրերս պայմանագիր կկնքի: Չալհանօղլուն «Ինտերի» հետ համաձայնեցրել է նոր պայմանագրի բոլոր մանրամասները, որը հաշվարկվելու է մինչև 2027 թվականի ամառ։ Ինքը՝ խաղացողը, նույնպես հաստատել է, որ կմնա «Ինտերում»։
«Սկզբունքային համաձայնությունը ձեռք է բերվել, ես շատ ուրախ եմ, որ կշարունակեմ խաղալ այստեղ»,- ասել է Հաքան Չալհանօղլուն։
Չալհանօղլուն այս մրցաշրջանում «Ինտերի» կազմում անցկացրել է 31 հանդիպում Ա Սերիայում՝ դառնալով 3 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:
Ֆուտբոլիստն «Ինտերի» հետ երեկ նվաճել է Իտալիայի գավաթը և դուրս է եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, որը կկայանա հունիսի 10-ին Ստամբուլում։ Սիմեոնե Ինձագիի թիմը կմրցի «Մանչեսթեր Սիթիի» հետ: