Ուզբեկստանում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի փոխչեմպիոն 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը:
Մեր մարզիկը մրցել է Իսրայելի ներկայացուցիչ Զակ Յանի հետ ու բոլոր ռաունդներում ունենալով նկատելի առավելություն՝ հաղթանակի է հասել մրցակցի նկատմամբ և դուրս եկել 1/8 եզրափակիչ: Հաջորդ փուլում Հովհաննիսյանի մրցակիցը թուրք Հական Կոչն է:
Հայաստանի հավաքականի կազմում այսօր ռինգ է դուրս եկել նաև 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանը, որը, սակայն, 1/16 եզրափակչում միավորներով զիջել է Չինաստանի ներկայացուցիչ Տ. Կե Թուոհետաերբիեին:
Հիշեցնենք՝ Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը ռինգ է դուրս եկել 60 կգ քաշային Արթուր Ղազարյանը. նա երեկ պայքարը սկսել է 1/16 եզրափակչից, որտեղ նոկաուտով հաղթել է Բուրունդին ներկայացնող Մուհամեդ Նույնգեյբոսին:
Բռնցքամարտի աշխարհի մեծահասակների առաջնությունը կավարտվի մայիսի 14-ին: Հայաստանի հավաքականը հանդես է գալիս Կարեն Աղամալյանի գլխավորությամբ: