Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Պետրոս Պետրոսյանը, որն առաջին անգամ էր մասնակցում մեծահասակների առաջնության, լրագրողների հետ զրույցում կիսվել է տպավորություններով.
«Շատ գոհ եմ և ուրախ, որ կարողացա մեդալ նվաճել: Պատասխանատվություն կար, քանի որ խոստացել էինք, որ բոլոր 10 մարզիկներս էլ պետք է մեդալ նվաճենք ու այդ առումով իմ գործը, երևի, ամենաբարդն էր:
Ցուցադրածս արդյունքներից այնքան էլ գոհ չեմ, քանի որ կարող էի ավելին: Երևի՝ լարվածությունը խանգարեց, քանի որ առաջին անգամ էի մասնակցում մեծահասկների Եվրոպայի առաջնությանը»,- խոստովանում է 20-ամյա Պետրոս Պետրոսյանը:
Հայ ծանրորդն ասում է՝ երկրպագուների աջակցությունն իրեն շատ է օգնել. «Շնորհակալ եմ բոլոր երկրպագուներին մեզ ոգևորելու համար: Երբ բարձրանում էի մրցահարթակ, փշաքաղվում էի. անբացատրելի զգացողություններ էին: Ուրախ եմ, որ ստացվեց ուրախացնել երկրպագուներին»:
Հիշեցնենք՝ Պետրոս Պետրոսյանը նաև փոքր արծաթե մեդալ է նվաճել հրում վարժությունում: