Fastex ՀՊԼ 26-րդ տուրում առաջատար «Ուրարտուն» սեփական հարկի տակ 1:3 հաշվով պարտվեց «Փյունիկին»:
Խաղի հենց մեկնարկից տանտերերը վտանգավոր գրոհ ձեռնարկեցին, որի ընթացքում գնդակը դիպավ հյուրերի ֆուտբոլիստի ձեռքին: Գլխավոր մրցավարը դրվագը դիտելուց հետո նշանակեց 11 մետրանոց, որը հստակ իրացրեց Արման Ղազարյանը: 14-րդ րոպեին Փյունիկի ֆուտբոլիստները սխալվեցին սեփական կիսադաշտում, ինչի արդյունքում Օլեգ Պոլյակովը խլեց գնդակն ու դուրս եկավ նպաստավոր դիրք, սակայն սայթաքեց ու կորցրեց գնդակը:
Առաջին կեսի միջնամասում հյուրերն ակտիվացան, սակայն գրոհներում պակասում էր սրությունը: Առաջին խաղակեսի վերջնամասում «Փյունիկը» երկու գոլ խփեց: Հաշիվը հավասարեցրեց Միլկովիչը, իսկ ավելացված ժամանակի վերջին րոպեին Օտուբանջոն առաջ մղեց իր թիմին:
Երկրորդ խաղակեսի առաջին 15-20 րոպեներն անցան հյուրերի բացահայտ առավելությամբ: 66-րդ րոպեին Յուրիչիչը եզրափակեց թիմակցի՝ աջ եզրից կատարած փոխանցումը: Այս տուրից հետո Գունկոյի գլխավորած թիմը շարունակում է մրցաշարային աղյուսակը գլխավորել 62 միավորով: Երկրորդ տեղում ընթացող «Արարատ-Արմենիան» ունի 59 միավոր: Եռյակը եզրափակում է «Փյունիկը»՝ 55 միավորով: