Եվրոպա լիգայի քառորդ եզրափակիչում հետաքրքիր զույգեր են ձևավորվել։ Վիճակահանությունն էլ «իր գործն է արել»․ 2 գլխավոր հավակնորդները հայտնվել են զամբյուղի նույն կողմում, իսկ դա նշանակում է, որ եզրափակիչ դուրս կգա այդ թիմերից մեկը։ Բնականաբար՝ խոսքը «Մանչեսթեր Յունայթեդի» և «Յուվենտուսի» մասին է։
Armsport-ը ներկայացնում է, թե ինչ կարելի է սպասել Եվրոպա լիգայի քառորդ եզրափակիչի հանդիպումներից։ Մրցաշար, որի նշանակությունը մեծանում է ոչ միայն տիտղոս նվաճելու, այլ նաև Չեմպիոնների լիգայի ուղեգիր վաստակելու հնարավորության շնորհիվ։
Վիճակահանությունն ու խաղացանկը
Վիճակահանության արդյունքում ձևավորվել են հետևյալ զույգերը՝
«Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) – «Սևիլյա» (Իսպանիա)
«Յուվենտուս» (Իտալիա) – «Սպորտինգ» (Պորտուգալիա)
«Բայեր» (Գերմանիա) – «Յունիոն Սենտ Ժիլուա» (Բելգիա)
«Ֆեյենորդ» (Նիդերլանդներ) – «Ռոմա» (Իտալիա)
Խաղացանկը
«Մանչեսթեր Յունայթեդ» – «Սևիլյա», ապրիլի 13, 23։00
«Յուվենտուս» – «Սպորտինգ», ապրիլի 13, 23։00
«Բայեր» – «Յունիոն Սենտ Ժիլուա», ապրիլի 13, 23։00
«Ֆեյենորդ» – «Ռոմա», ապրիլի 13, 20։45
Պատասխան հանդիպումները կկայանան ապրիլի 20-ին։
Առաջին հայացքից թվում է, որ ՄՅՈւ-ն կհաղթի «Սևիլյային», «Յուվեն»՝ «Սպորտինգին», այս թիմերը կմրցեն կիսաեզրափակիչում, իսկ նրանց հաղթողը եզրափակիչում առավելության կհասնի յուրաքանչյուր մրցակցի նկատմամբ։ Բայց մի՞թե ամեն ինչ այդքան պարզ է։ Կարծում եմ՝ ոչ։ Անդրադառնանք յուրաքանչյուր զույգին առանձին։
«Մանչեսթեր Յունայթեդ» – «Սևիլյա»․ ՄՅՈւ-ն` իսպանական թիմերի դահիճ
«Մանչեսթեր Յունայթեդը» Եվրոպա լիգայի ընթացիկ մրցաշրջանի խմբային փուլում նույն խմբում էր «Ռեալ Սոսյեդադի» հետ։ ՄՅՈւ-ն մեկ խաղ հաղթել է, մեկը՝ պարտվել։ ԵԼ-ի փեյ-օֆֆ-ում՝ 1/16 եզրափակիչում մանչեսթերյան ակումբն առավելության է հասել կատալոնական «Բարսելոնայի» նկատմամբ՝ (2։2 և 2։1): 1/8 եզրափակիչում էլ Էրիկ տեն Հագի գլխավորած թիմը 2 անգամ հաղթել է «Բետիսին» (4:1 և 1։0)։ Ու հիմա քառորդ եզրափակիչում թիմին որպես մրցակից բաժին է հասել ևս մեկ իսպանական թիմ՝ «Սևիլյան»։ Թիմ, որը, մեղմ ասած, ձախողել է այս մրցաշրջանը։ Այո, մի փոքր տաօրինակ է հնչում, երբ այս փուլին հասած թիմին նման որակում է տրվում, սակայն ներքին առաջնությունում «Սևիլիան» զբաղեցնում է 13-րդ տեղը և արդեն հասցրել է մարզչական փոփոխություն կատարել։ Խորխե Սամպաոլին մարտի 21-ին հեռացել էր զբաղեցրած պաշտոնից։ Նրան փոխարինել է 62-ամյա Խոսե Մենդիլիբարը, որի գլխավորությամբ թիմը 1 հաղթանակ է տարել («Կադիսի» նկատմամբ՝ 2։0) և 1 ոչ-ոքի գրանցել («Սելտայի» հետ՝ 2։2 հաշվով):
ՄՅՈւ-ն դիմակայության բացարձակ ֆավորիտն է։ Կարծում եմ, որ Էրիկ տեն Հագի գլխավորած թիմը խնդիրներ չի ունենա և նույնիսկ առաջին խաղում կարող է վճռել հակամարտության ելքը։
«Յուվենտուս» – «Սպորտինգ»․ թուրինյան ակումբի՝ մրցաշրջանը փրկելու միակ շանսը
Չեմպիոնների լիգային չմասնակցելը լուրջ վնասներ է հասցնելու «Յուվենտուսի» նման ակումբի թե ֆինանսներին, թե հեղինակությանը։ Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում 15 միավոր կորցնելուց հետո թիմի գլխավոր նպատակն է դարձել հաղթել Եվրոպա լիգան և Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճել։ Թերևս, «Յուվենտուսի» դեպքում այդ ուղեգիրն ավելի կարևոր կլինի, քան տիտղոսը։
Ալեգրիի գլխավորած թիմը լավ մարզավիճակում էր, սակայն վերջին 2 խաղերում պարտվել է «Լացիոյին» և ոչ-ոքի խաղացել «Ինտերի» հետ՝ Իտալիայի գավաթի խաղարկությունում։
«Սպորտինգը» նախորդ փուլում հետխաղային 11 մետրանոցներով պայքարից դուրս թողեց ԱՊԼ-ի առաջատար «Արսենալին»։ Լիսաբոնյան թիմի խաղերը հիմնականում գոլառատ են լինում։ Պորտուգալիայի առաջնությունում «Սպորտինգը» 4-րդ տեղում է։ 3-րդ տեղից, որը ՉԼ-ի հաջորդ մրցաշրջանի որակավորման փուլի ուղեգիր է տալիս, թիմը հետ է մնում 5 միավորով։ Հասկանալի է, որ Եվրոպա լիգան հաղթելն ու միանգամից խմբային փուլի ուղեգիր նվաճելն ավելի գայթակղիչ է։
Այս մրցաշրջանում «Յուվենտուսն» արդեն 2 ձախողված հանդիպում անցկացրել է պորտուգալական մեկ այլ թիմի՝ «Բենֆիկայի» հետ։
Այնուամենայնիվ, կարծում եմ, որ «Յուվենտուսը» գերմոտիվացված է լինելու։
«Բայեր» – «Յունիոն Սենտ Ժիլուա»․ Խաբի Ալոնսոյի մարզչական կարիերայի տպավորիչ մեկնարկը
Գուցե տարօրինակ թվա, բայց ինձ համար այս զույգի սպասվող դիմակայությունն ամենահետաքրքիրն է։ Նախ՝ բելգիական թիմը նախորդ փուլում իսկապես տպավորիչ խաղ ցուցադրեց՝ հաղթահարելով Բեռլինի «Ունիոնի» արգելքը։ Գերմանական թիմին նույնիսկ 1 գոլ խփելն է դժվար լինում, բայց բելգիական ակումբը հյուրընկալվելիս 3։3 հաշվով ավարտեց հանդիպումը, իսկ պատասխան խաղում արդեն 3։0 հաշվով ջախջախեց մրցակցին։ «Յունիոն Սենտ Ժիլուան» ներքին առաջնությունում պայքարում է չեմպիոնության համար։
Ինչ վերաբերում է «Բայերին», ապա այս թիմը գլխավորում է «Ռեալի», «Լիվերպուլի», «Բավարիայի» և Իսպանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Խաբի Ալոնսոն։ Երիտասարդ մասնագետի առաջին փորձն է մեծ ֆուտբոլում որպես մարզիչ, բայց արդեն իսկ տպավորիչ արդյունքներ են։
«Բայերը» վերջին 10 խաղերում պարտվել է 1 անգամ և 1 ոչ-ոքի խաղացել։ Թիմը վերջին 7 խաղերում հաղթել է՝ ներառյալ «Բավարիայի» հետ հանդիպումը, որտեղ «Դեղագործները» կամային հաղթանակի հասան։
Ալոնսոն հարձակողական ֆուտբոլի կողմնակիցն է, և իր թիմի խաղն իսկապես աչք է շոյում։ Թիմում կան երիտասարդ խաղացողներ, որոնք զգալի աճ են գրանցում երիտասարդ մասնագետի գլխավորությամբ։ Գուցե դա զարմանալի էլ չէ, քանի որ Ալոնսոն ֆուտբոլային կարիերայի ընթացքում մարզվել է այնպիսի մարզիչների հետ, ինչպիսիք են Խոսեպ Գվարդիոլան, Կառլո Անչելոտին, Ժոզե Մոուրինյուն։ Բոլորն էլ միաբերան նշում են, որ Ալոնսոն շատ խելացի ֆուտբոլիստ էր և նույնիսկ խաղային կարիերայի մայրամուտին կռահելի էր, որ նա մարզչական գործում կհաջողի։ Այնուամենայնիվ, դեռ վաղ է Ալոնսոյին հանձնել բոլոր դափնիները։ Այո, «Բայերը» Բունդեսլիգայում արդեն 6-րդն է և ընդամենը 5 միավորով է հետ 4-րդ տեղից, որը ՉԼ-ի ուղեգիր է տալիս։ Անկասկած, թիմի համար մեծ նվաճում կլինի ՉԼ-ի հաջորդ մրցաշրջանի ուղեգիր նվաճելը, իսկ եթե դրան գումարվի նաև եվրագավաթային տիտղոսը, գերազանց կլինի։
Կարծում եմ՝ «Բայերը» կփորձի հենց առաջին խաղում հնարավորինս լավ արդյունք ապահովել, որպեսզի Բելգիայում պատասխան խաղում իրավիճակը չսրվի։
«Ֆեյենորդ» – «Ռոմա»․ ռևանշի շանս՝ ռոտերդամյան ակումբի համար
Այս թիմերը խաղացել են Կոնֆերենցիաների լիգայի նախորդ մրցաշրջանի եզրափակիչում, որտեղ հաղթանակի է հասել Ժոզե Մոուրինյուի գլխավորած «Ռոման»։
Բնականաբար, ռոտերդամյան թիմի համար սա ռևանշի հասնելու շանս է՝ հատկապես, որ թիմը լավ մարզավիճակում է․ հաղթել է վերջին 10 խաղերից 8-ը, բայց․․․ հարձակողական ֆուտբոլ դավանող թիմերի համար միշտ դժվար է լինում մրցել Մոուրինյուի գլխավորած թիմի դեմ։ Պորտուգալացի մասնագետը կարողանում է «ավտոբուս» կանգնացնել դարպասի դիմաց և շեշտը դնել հակագրոհների վրա։
«Ռոման» վերջապես բարձրացել է Ա Սերիայի 3-րդ տեղ, բայց ներքին առաջնությունում ՉԼ-ի ուղեգրի համար պայքարը բավականին թեժ է և «Ռոման» ֆավորիտ չէ այդ մրցավազքում։ Իսկ ահա Եվրոպա լիգայում, բոլոր եվրագավաթները հաղթած միակ մարզչի՝ Մոուրինուի թիմը, անկասկած, ֆավորիտ է։
Թեկուզ «Ռոման» թոփ թիմին համապատասխան կազմ չունի, խաղամակարդակով զիջում է գլխավոր ֆավորիտներ «Մանչեսթեր Յունայթեդին» և «Յուվենտուսին», միևնույնն է, պայքարելու է մինչև վերջ։
Եթե իտալական թիմը կարողանա առաջին խաղում նվազագույնը չպարտվել, ապա տնային խաղում՝ «Օլիմպիկոյում», Մոուրինյուի գլխավորած թիմը, կարծում եմ, խնդիրներ չի ունենա։
Եվ վերջում պետք է նշել, որ արդեն երկրորդ մրցաշրջանն անընդմեջ եվրագավաթային շաբաթների հինգշաբթիները դարձել են իսկապես հետաքրքիր։ Մրցաշարի ձևաչափի փոփոխության արդյունքում, որի մասին նախորդ անոնսների ժամանակ նշել եմ, Եվրոպա լիգան իսկապես հետաքրքիր մրցաշարի է վերածվել։ Այո, այն իր կարևորությամբ, միևնույնն է, զիջում է Չեմպիոնների լիգային, սակայն մասնակիցների անուններով և խաղերի բովանդակությամբ, գուցե ավելի դիտարժան է։
Հատկապես այս տարի ինտրիգը շատ մեծ է։ Գրեթե բոլոր թիմերը, նույնիսկ՝ «Սևիլյան», «Ֆեյենորդն» ու «Յունիոն Սենտ Ժիլուան», հնարավորություն ունեն եզրափակիչում հայտնվելու։ Ֆավորիտները յուրաքանչյուր զույգում պարզ են, բայց, եթե ֆուտբոլն այդքան կանխատեսելի լիներ, ապա աշխարհում համար մեկ սպորտաձևը չէր համարվի։ Եվրագավաթային ցանկացած մրցաշարի գրեթե յուրաքանչյուր փուլում անակնկալներ ու սենսացիաներ լինում են։
Միհրան Ալեքսանյան