Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովն առաջին անգամ ասուլիս է տվել Երևանում:
Սկզբում ուկրաինացի մարզիչը հրապարակեց Հայաստանի հավաքականի հայտացուցակը, այնուհետև պատասխանեց լրագրողների հարցերին:
-Դուք Ուկրաինայի երիտասարդական հավաքականը գլխավորելով 2019-ին նվաճեցիք աշխարհի չեմպիոնությունը: Ի՞նչ խնդիր է դրել ձեր առջև ՀՖՖ-ն:
-2019 թվականն արդեն անցյալում է ու ես ապրում եմ ներկայով: Ֆեդերացիան իմ առաջ խնդիր է դրել փորձել դուրս գալ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ:
-Ի՞նչ կասեք Թուրքիայի հետ կայանալիք առաջիկա խաղի մասին: Ինչքանո՞վ քաղաքականությունը կարող է ազդել ֆուտբոլիստների հոգեբանության վրա:
-Ես մտածում եմ, որ չպետք է քաղաքականացվի այս խաղը: Բոլորը փորձառու ֆուտբոլիստներ են ու նրանցից շատերը գալիս են արտերկրից: Նրանք էլ, ես էլ լավ գիտենք Հայաստանի պատմությունը: Ինձ համար առաջնային տեղում սպորտն ու ֆուտբոլն է:
-Ի՞նչ կասեք նոր ֆուտբոլիստների մասին:
-Ես արդեն 2 ամիս է՝ այստեղ եմ ու եղել եմ ակադեմիաներում, հետևել թիմերի մարզական հավաքներին, ծանոթացել ֆուտբոլիստների հետ: Բոլորն էլ հաճելի մարզիկ են ու տարբեր լեզուներով խոսացող: Շատերի հետ խոսել եմ նաև թարգմանիչների միջոցով: Տեսագրություններով դժվար է պատկերացում կազմել նորեկների մասին: Ամեն ինչ պարզ կդառնա, երբ սկսենք հավաքը: Ես մարզիչ եմ, կարող եմ նաև սխալվել ընտրության հարցում:
-Ինչ կասեք մեր խմբի մասին: Ո՞ր թիմն է ֆավորիտը:
-Կարծում եմ, որ թույլ խմբեր չեն լինում: Ֆավորիտը Խորվաթիան է, բայց կան այլ ուժեղ թիմեր, օրինակ Ուելսը: Պակաս կարևոր չէ նաև, որ մեր բախտը բերի առաջին խաղից սկսած:
Առայժմ չեմ կարող ասել, թե որքանով ենք մրցունակ այս խմբում, քանի որ ֆուտբոլիստներին դեռ չեմ ճանաչում: Երբ որ հավաքի ընթացքում կծանոթանամ ֆուտբոլիստների հետ, դրանից հետո նոր կկարողանամ պատասխան տալ այդ հարցին:
-Ինչ համեմատություններ կանցկացնեք հայ ու ուկրաինացի ֆուտբոլիստների միջև:
-Հայ և ուկրաինացի ֆուտբոլիստների միջև չեմ կարող զուգահեռներ անկացնել, քանի որ դեռ մարզում չեմ անցկացրել:
-Խաղային ո՞ր դիրքի ֆուտբոլիստների ընտրության հարցն էր ամենաբարդը:
-Խնդրահարույց էր կենտրոնական պաշտպանների հարցը: Ստյոպա Մկրտչյանն ու Սերգեյ Մկրտչյանը վնասվածքներ ունեն, բնականաբար խնդրահարույց է նաև դարպասապահի դիրքը: Ես դեռ չեմ որոշել ով է լինելու դարպասապահն առջիկա խաղերին: Կհետևեմ մարզումներին, բնականաբար կխորհրդակցեմ Ռոման Բերեզովսկու հետ:
-Կա տպավորություն, որ նախկինում Հայաստանի հավաքականում իրենց խաղային որակներով սխալ են օգտագործվել Սարգիս Ադամյանը և Նորբերտո Բրիասկո Բալեկյանը։ Ի՞նչ կասեք այս մասին և ինչ դւրքերում եք դուք պատրաստվում նրանց օգտագործել։
-Ես երբեք իմ գործընկերներին չեմ քննարկում, չգիտեմ՝ ճիշտ, թե՞ սխալ են օգտագործել, դա կտեսնեմ մարզումների ժամանակ: Իսկ թե ինչ դիրքում եմ պատրաստվում օգտագործել Ադամյանին, ձեր թույլտվությամբ, դեռ խաղաքարտերը չեմ բացի:
Եվրո-2024-ի ընտրական փուլի առաջին խաղում Հայաստանի հավաքականը մարտի 25-ին Երևանում կմրցի Թուրքիայի հավաքականի հետ: