Բուլղարիայում ընթացող բռնցքամարտի Ստրանջայի մրցաշարում Հայաստանի հավաքականի կազմում երկրորդ մեդալն ապահովել է գերծանր քաշային Դավիթ Չալոյանը: Գյումրեցի բռնցքամարտիկը մրցաշարի քառորդ եզրափակչում հաղթել է Գերմանիան ներկայացնող Նիկիտա Պուտիլովին ու դուրս է եկել կիսաեզրափակիչ։
Մեր թիմի կազմում ավելի վաղ մեդալ էր ապահովել նաև 67 կգ քաշային Գուրգեն Մադոյանը: 1/8 եզրափակիչում հաղթելուց հետո Մադոյանը 1/4 եզրափակիչում պետք է մրցեր իտալացի բռնցքամարտիկի հետ, սակայն իտալացին վնասվածքի պատճառով հրաժարվել է մենամարտից ու մեր մարզիկը դուրս է եկել կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ:
Եվս 3 հայ բռնցքամարտիկ հաղթանակ են տարել ու դուրս եկել 1/4 եզրափակիչ: Իրենց մրցակիցներին հաղթել են 51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը, 57 կգ քաշային Արթուր Բազեյանը և 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանը:
Գարբոյանը հաղթել է Էկվադորի ներկայացուցիչ Լուիս Դելգադոյին, Բազեյանը ուժեղ է եղել բելառուս Մաքսիմ Պանկուից, իսկ Հակոբյանը հաղթել է ավստրիացի Կիռա Ռուստոնին:
Կարեն Աղամալյանի գլխավորությամբ մրցավայր են մեկնել Բարեղամ Հարությունյանը (48 կգ), Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ), Հենրիկ Սահակյանը (54 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Արթուր Ղազարյանը (60 կգ), Արթուր Շախպազյանն ու Նարեկ Հովհաննիսյանը (երկուսն էլ՝ 63 կգ), Արարատ Հարությունյանն ու Գուրգեն Մադոյանը (երկուսն էլ՝ 67 կգ), Վախթանգ Հարությունյանը (75 կգ), Համբարձում Հակոբյանը (80 կգ) ու գերծանր քաշային Դավիթ Չալոյանը: