Բուլղարիայում ընթացող Ստրանջիայի մրցաշարի մրցումային երրորդ օրը 4 հայ բռնցքամարտիկները շարունակել են վստահ հաղթանակներ տանել:
Աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը մեկնարկում ուժերն է չափել ալժիրցի Կադի Մուրադի հետ: Մենամարտը մեր մարզիկի համար բավականին բարդ ստացվեց: Առաջին ռաունդում հաղթեց Չալոյանը , 2-րդում ալժիրցի բռնցքամարտրիկը: Վճռորոշը 3-րդ ռաունդն էր, որտեղ աշխարհի փոխչեմպիոնը ցույց տվեց իր բարձր կարգը ու ռինգից դուրս եկավ հաղթանակած:
Ստրանջայի մրցաշարում հաղթանակ է տոնել նաև 63.5 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը: Մեր մարզիկը մրցել է Գերմանիան ներկայացնող Էսիեն Հանսենի հետ, որը բավականին անհարմար և ուժեղ մրցակից էր: Առաջին երկու ռաունդներից հետո միավոները հավասար են եղել, 3-րդ ռաունդում մեր բռնցքամարտւկը դրսևորել է կամային բարձր հատկանիշներ ու հաղթանակի նժարը թեքել իր կողմը:
Մրցաշարում վստահ հաղթանակ է տոնել նաև Հայաստանի չեմպիոն 60 կգ քաշային Արթուր Ղազարյանը: Մեր մարզիկը համառ պայքարում առավելության է հասել իսպանացի Սալվադոր Ֆլորեսի նկատմամբ: Ընդ որում հայ բռնցքամարտիկը հաղթանակը կորզել է 3-րդ ռաունդում: Առաջին ու 2-րդ ռաունդներում մրցավարները 3:2 հաշվով հաղթանակը շնորհել են իսպանացուն, բայց 3-րդ ռաունդում հայ բռնցքամարտիկը չափազաննց լավ մենամարտ է անցկացրել ու ռաունդը շահելով 5:0 հաշվով բեկել է նաև ընդհանուր մենամարտի ընթացքը: Արդյունքում 3:2 հոգուտ Ղազարյանի: