«Մենք Գյումրիում կառուցում ենք հանրապետական նշանակության՝ «Արթուր Ալեքսանյան»-ի անվան մարզադպրոց, որը այնպիսի ստանդարտներով է կառուցվում, որ նույնիսկ միջազգային մրցաշարեր հնարավոր լինի հյուրնկալել»: Այս մասին այսօր ԱԺ-ում Կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի խոսքով՝ 2023 թվականին մարզական օբյեկտները վերանորոգելու մի շարք սուբվենցիոն ծրագրեր կան:
«Մենք պատրաստ ենք, իհարկե, աջակցել, որ համայնքը վերանորոգման աշխատանքներ անի, բայց, մյուս կողմից, մենք մոռանում ենք, որ այդ մարզադպրոցը շենք է, առանց բովանդակության՝ ընդամենը գործի կեսն է: Մենք այս տարվանից նաև մեկնարկում ենք մարզիչների կամավոր ատեստավոման ծրագիրը, որտեղ նրանք աշխատավարձի հավելավճար կստանան: Ընդ որում, ի հեճուկս նրան, որ դրանք համայնքային ենթակայության կազմակերպություններ են, մենք որոշել ենք, որ բյուջեից այդ մարդկանց հավելավճար պիտի տանք»,- ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ բովանդակային առումով այլ փոփոխություններ էլ են արվել. «Մենք հիմա ֆիզկուլտուրայի դասաժամերն ուղղակի 45 րոպեանոց գտնվելու վայր չենք դարձնում, ներդնում ենք նաև կրեդիտների համակարգը, որպեսզի աշակերտները կարողանան, օրինակ, ֆիզկուլտուրայի ժամին, եթե նախընտրում են ըմբշամարտը, մասնակցել հավելյալ ըմբշամարտի կամ այլ մարզաձևերի պարապմունքների, և դա կդիտվի որպես ֆիզկուլտուրայի դասին մասնակցություն և գնահատական»:
Վարչապետը հիշեցրեց իր խոստումը, այն է՝ բոլոր այն մարզիկները, որոնք կդառնան Օլիմպիական չեմպիոն, Հայաստանում նրանց անունով մարզադպրոց կհիմնվի:
Նա նաև խոստացավ, որ առաջիկա օլիմպիադայում որքան գյումրեցի ոսկե մեդալ նվաճի, ամբողջությամբ բյուջեի հաշվին այդքան նոր անվանական մարզադպրոց կառուցեն Գյումրիում. «Ես Արթուր Ալեքսանյանին անձամբ եմ խոստացել, որ եթե ինքը մեկ անգամ էլ դառնա Օլիմպիական չեմպիոն, Շիրակի մարզում կամ մեկ այլ մարզում կամ քաղաքում կկառուցենք նրա անվամբ երկրորդ մարզադպրոցը»: