Հայաստանի աթլետիկայի հավաքականը փետրվարի 11-ին պետք է մասնակցեր Ստամբուլում նախատեսված Բալկանյան երկրների առաջնությանը, սակայն Թուրքիայում մարզական բոլոր միջոցառումները չեղարկվել են՝ երկրում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի պատճառով:
Փոխարենը, Սերբիայի աթլետիկայի ֆեդերացիան Հայաստանի ներկայացուցիչներին հրավիրել է մասնակցելու Բելգրադի միջազգային մրցաշարին, որը կմեկնարկի փետրվարի 15-ին:
Սերբիայի մայրաքաղաքում կայանալիք մրցաշարում աթլետիկական ոչ բոլոր ձևերն ընդգրկված կլինեն: Հայաստանի մարզական պատիվն, ամենայն հավանականությամբ, կպաշտպանեն վազորդներ Ռազմիկ Մկրտչյանը, Երվանդ Մկրտչյանը, Գայանե Չիլոյանը և Էլադա Ալավերդյանը:
Հիշեցնենք՝ հունվարի 28-ին Վանաձորում անցկացվել է Լոռու մարզի աթլետիկայի բաց առաջնությունը, որն ընտրական է եղել Հայաստանի հավաքականի ձևավորման համար: