Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանն ու հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել են 77 կգ քաշային կարգում խնդրահարույց թեմաներին․
«Մոտ մեկ շաբաթ առաջ տեղի ունեցավ ըմբշամարտի հավաքականի մարզչական շտաբ կոչվածի ասուլիսը, եթե 97 քաշային կարգում ոչ մի խնդիր չկա նրանց հայտարարության հետ կապված, ապա 77 կգ քաշային կարգում ամեն ինչ այլ է։ Բացի կազմը հայտարարելուց նրանք փաստերը խեղաթյուրեցին, կոնտեքստից դուրս մտքեր ասվեցին, ու այսօր ցանկանում եմ պատասխան տալ բոլոր անհիմն մեղադրանքներին։
Ասուլիսից 2 օր անց մարզիչ Ալեքսանյանը, գիտակցելով թե ինչպիսի սխալ հայտարարություններ է արել, ամեն ինչ տեղափոխվեց զգացմունքային դաշտ, ասաց, որ մենք մանկության ընկերներ ենք ․․․․ բոլորը գիտեն, որ իմ ընտանիքի համար չկա մեր համբավից ու հեղինակությունից ավելի կարևոր բան։

Պատկերացրեք՝ ինչքան վստահ ենք մեր պայքարում, որ գնում ենք այսքան հեռուն»,- ասուլիսն այսպես սկսեց Արսեն Ջուլֆալակյանն ու խոսքը փոխանցեց Լևոն Ջուլֆալակյանին, ով ընդգծեց, որ նախապես մամուլի ասուլիս անցկացնելու ցանկություն չեն ունեցել, բայց երբ հնչում են զրպարտանքներ, վիրավորում են մարդկանց ինքնասիրությունն ու անարդարության քայլեր են արվում, չի կարելի անտեսել․
«Ինձ մի բան է զարմացնում․ Եվրոպայի առաջնության արդյունքների ամփոփումը ոչ թե արեց հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանն, այլ աշխատող մարզիչ Գևորգ Ալեքսանյանը, բայց ինչ ասես։
77 կգ քաշային կարգում կա Արսեն Ջուլֆալակյան ու Կարապետ Չալյան, որը մրցակցության մեջ է մտել ու ցանկանում է մասնակցել Օլիմպիական խաղերին, սա արդար մոտեցում է ու շատ գովելի։ Բայց հարցն այն է, թե ինչպես է այդ ճանապարհն անցնում։
Անցած շաբաթ մարզիչները նշեցին, որ 2015 թվականից Արսենը միշտ պարտվել է։ Արսենն այդ տարի Բուլղարիայում մասնակցել է Պետրովի անվան խոշոր մրցաշարին ու դարձել է չեմպիոն։ Այնուհետև Մադրիդի միջազգային մրցաշարի եզրափակչում 2։2 է գոտեմարտել կորեացի ըմբիշի հետ ու արծաթե մեդալակիր դարձել։ Լաս Վեգասում կայացած Աշխարհի առաջնությունում էլ 7-րդ տեղն է զբաղեցրել՝ գոտեմարտով աշխարհի չեմպիոն հունգարացի ըմբիշի հետ։ 2015 թվականին Կարապետ Չալյանը Բաքվում մասնակցում է Եվրոպական խաղերին ու առաջին շրջանում պարտվում դանիացի ըմբիշին 0։8 հաշվով 2 րոպեում։ Արսենը դանիացու հետ անցկացրած բոլոր հանդիպումներում հաղթել է։
2016 թվականին Արսենը Ստամբուլում միջազգային մրցաշարի է մասնակցում, 5 հաղթանակ տանում, այնտեղ թույլ մրցակիցներ չեն լինում։ Կարապետը Սերբիայում մասնակցում է Ռիո-2016-ի վարկանիշային մրցաշարին ու պարտվում՝ առանց վարկանիշի վերադառնալով։ Արսենը Մոնղոլիայում մասնակցում է վարկանիշային մրցաշարի, նվաճում վարկանիշն ու վերադառնում։ Օլիմպիական խաղերին մեր կողմից եղել է վրիպում, դա սայթաքում էր, որի մասին շատ է խոսվել։ Լուրջ նախապատրաստություն էինք անցել, սպասում էինք, որ մեդալով կվերադառնանք, բայց ցավոք չստացվեց։

2017 թվականին Արսենը մասնակցում է Հայաստանի առաջնությանն ու եզրափակչում հանդիպում Կարապետին։ Ամոթ էլ է՝ ասեմ, թե ինչ հնարքի գնաց Չալյանը, ոչ տղամարդկային հնարքի, արգելված հնարք կիրառեց ու հաղթանակի հասավ։ Մրցավարները ինչ գնահատեցին՝ գնահատեցին։ Պայքարը շարունակվում է։ Արսենը Տալլինում միջազգային մրցաշարի է մասնակցում, գրավում առաջին տեղը։ Գերմանիայի ակումբային առաջնությունում 2 տարբեր քաշային կարգերում ընդհանուր առմամբ 10 գոտեմարտ է անցկացնում ու միայն հաղթանակներ է տանում։ Նույն տարի Ալմա-Աթայում 3-րդ տեղն է գրավել միջազգային մրցաշարում, որտեղ նաև հաղթել է այն կորեացուն, որին 2։2 պարտվել էր Մադրիդում։ Կարապետը 2017 թվականին մասնակցում է Եվրոպայի առաջնության, 7-րդ տեղն է զբաղեցնում։ Աշխարհի առաջնությունում 8-րդ տեղն է զբաղեցնում։ Իմ սկզբունքը բոլոր ժամանկներում եղել է ոչ թե Հայաստանի առաջնության հաղթող ու մրցանակակիրներ պատրաստելը, այլ պատրաստել ըմբիշներ, ովքեր ԵԱ-ից ու ԱԱ-ից կվերադառնան մեդալներով։
2018 թվականին Եվրոպայի առաջնությունում Կարապետը պարտվում է շվեդ ըմբիշին, ում Արսենը 2 ամիս անց հաղթում է 8։0 հաշվով։ Անընդհատ պարտություններ։ Նորից ԵԱ․ 7-րդ տեղ, ԱԱ՝ 28-րդ տեղ։ Նման պարտություններից հետո եթե ես շատ օբյեկտիվ լինեի ու մի քիչ չար լինեի, կարող էի անմիջապես ասել՝ տղա ջան գնա հանգստացի, մինչև կարողանաս միջազգային մրցումներից հաջող վերադառնալ։ Մեր ժամանակներում նման մարզիկներին կարող էին ընդհանրապես այլևս մրցում չտանել։
2019 թվական․ կարծիք հնչեց, թե Արսենը պատահական գնացել է Եվրոպայի առաջնության, չի մասնակցել Հայաստանի առաջնության ու ոնց որ թե հիվանդ է։ Արսենը կամ առողջ է, կամ եթե հիվանդ է՝ ներկայանում է բժշկի թղթով։ Ես երբեք հիվանդ մարզիկի մրցման չեմ տարել։ Նա բաց թողեց Հայաստանի առաջնությունը, բայց հետո Ֆրանսիայի Նիցա քաղաքում միջազգային մրցաշարի մասնակցեց, որտեղ 4 գոտեմարտ անցկացնելով՝ հաղթող ճանաչվեց։

Կարապետը պետք է Բուլղարիայում մրցաշարի մասնակցեր, մոտեցավ ինձ ասաց, որ վատառողջ է, խնդրեց չմասնակցել, ընդառաջեցի, քանի որ առողջությունն ամենակարևորն է։ Եկավ ԵԱ-ի ժամանակը։ Նախավերջին ուսումնամարզական հավաքը, որն անցկացվում էր Բելառուսում, Կարապետը վնասվածք է ստանում։ Նրան անմիջապես ուղարկում ենք Հայաստան, որպեսզի բուժում անցնի ու վերականգնվի։ ԵԱ-ին արդեն որոշեցինք, որ մասնակցի Արսեն Ջուլֆալակյանը, դառնում է 3-րդ մրցանակակիր։ Վերադառնում ենք ԵԱ-ից ու պատրաստվում Եվրոպական խաղերին․ Կարապետը չի մասնակցում առաջին հավաքին, քանի որ առողջանում է, բուժվում է։ Երկրորդին ևս չի մասնակցում։ Հետո մի հավաք էր մնացել, Կարապետը մոտենում է ինձ, խնդրում՝ կարելի է ես մասնակցեմ Եվրոպական խաղերին։ Մարզիկ, որը 4 ամիս բուժվել է, մոտենում է ինձ ու խնդրում, որ մասնակցի Եվրոպական խաղերին։ Ես նրան բացատրում եմ, որ Արսենը մեդալով վերադարձել է Եվրոպայի առաջնությունից, ես դեռ քո մարզավիճակին ծանոթ չեմ, մինչև գոտեմարտ չանցկացներ չէի իմանա։ Խնդրում է, ես էլ հավատում եմ նրա խոսքերին, բայց նրան տեղյակ եմ պահում, որ հաշվի առնելով 17/18 թվականների պարտությունները, Արսենը պետք է մասնակցի Եվրոպական խաղերին, բայց որ շատ ես խնդրում, կընդառաջեմ, որ գնաս պայքարի մեջ մնաս, աշխատավարձդ չկտրեն, մեդալ նվաճես․․․ ասում եմ, որ Եվրոպական խաղերին հիմնականում երկրորդ կազմով են մասնակցում, հուսով եմ, որ անպայման մեդալով կվերադառնաս։ Խոսք է տալիս, որ այո, ինտրիգներ չեն լինի։ Այս ամենին ներկա է եղել նաև Գևորգ Ալեքսանյանը։ Բայց տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ։ Եվրոպական խաղերից վերադարձանք ու ինտրիգները սկսվեցին։ Ինձ արդեն պարտադրում էին, որ իմ որոշումները փոխեմ, ենթարկվեմ նրանց ցանկություններին ու իրենց ուզած կազմը հայտարարեմ, այդ իսկ պատճառով ես հրաժարական տվեցի »,- նշեց Լևոն Ջուլֆալակյանը։

Ջուլֆալակյաններն ասում են՝ իրենց հիմնական պահանջն է, որ լինի արդար, ազնիվ մրցակցություն․ Օլիմպիական խաղերին պետք է մասնակցի այն մարզիկը, ով արժանի է։ Այսինքն, առաջարկվում է գարնանը մրցաշարի մասնակցել երկուսով, ով հաղթի՝ նա էլ մասնակցի Օլիմպիական խաղերին։ Նույնիսկ եթե չլինի մրցաշար, այլ պարզապես գոտեմարտ, Արսենն ասում է՝ պատրաստ կլինի, եթե ամեն ինչ կարողանան կազմակերպել պրոֆեսիոնալ մակարդակով՝ հրավիրվեն մրցավարներ դրսից, թեկուզ հարևան երկրներից, ապահովվի գոտեմարտի տեսանկարահանումը։
Այլ պարագայում սա անարդար, անազնիվ քայլ է, ասում է Լևոն Ջուլֆալակյանը։
Լևոն Ջուլֆալակյանն ընդգծում է՝ ոչ մի երկրում 6-8 ամիս առաջ հնարավոր չէ տեղյակ լինել, թե ովքեր են մեկնելու Օլիմպիական խաղերին․
«Ոչ մի լուրջ հավաքականում նման բան չկա, երևի միայն Բանգլադեշի հավաքականում կարող է նման բան լինել, եթե մարզիկ ունենան։ Սա աբսուրդ է»։